Լրահոս
Օրվա լրահոսը

«Mghoz STEM lab»-ը նոր հնարավորություններ է տալիս Մաղավուզի դպրոցականներին

Փետրվար 04,2022 13:00

«Mghoz STEM (science, technology, engineering, mathematics) lab» տեխնոլոգիական եւ ինժեներական նախաձեռնությունը հեռանկարային է, պահանջում է մեծ ջանքեր ու ֆինանսներ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Հովհաննիսյանը, որը «Mghoz STEM lab» նախաձեռնության անդամ է:

Հակոբի խոսքով՝ այս պահին եռաչափ տպիչ (3D printer) ունեն, մոտ օրերս նաեւ փայտամշակման CNC հաստոց կունենան, ինչպես նաեւ եռաչափ տպիչի աշխատանքի շահույթով ձեռք կբերեն ուսումնական-ծրագրավորող անօդաչու սարք: Նպատակը հստակ է՝ սովորել եւ սովորեցնել կառավարելն ու ծրագրավորելը:

Մաղավուզի դպրոցում աշխատող «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կրթության հավասարության դեսպան Արտավազդ Բոյաջյանը, որը նաեւ սույն նախաձեռնության մենթորն է, մեզ հետ զրույցում ասաց, որ այս նախաձեռնության առաջնահերթությունը դպրոցականների մասնակցությունն ու հետաքրքրությունն է, նրանց ներգրավվումը ժամանակակից տեխնոլոգիական գործընթացներին: Սրան զուգահեռ մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց, որ դպրոցի ուսումնական ծրագրում ներառված ինֆորմատիկա եւ մաթեմատիկա առարկաների հատկացված դասաժամերի քիչ լինելու պատճառով պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելն ուղղակի հնարավոր չէ, քանի որ ծրագրային կառուցվածքով անհնար է տեղավորվել:

Երիտասարդ մասնագետը նշեց նաև, որ մտահոգիչ է դասագրքերի խնդիրը: «Ցանկացած ծրագրավորման գիրք արդիական չի կարող լինել մի քանի տարի շարունակ, որովհետեւ ամեն տարի մեծ փոփոխություններ են լինում այս ոլորտում: Ինֆորմատիկայի գրքեր կան, որ 2010 թվականի հրատարակության են: Այն տպավորությունն է, որ առարկայի դերն ու նշանակությունը ճիշտ չի ընկալվում»,-հավելել է Արտավազդ Բոյաջյանը: Վերջինս համոզված է, որ «Mghoz STEM lab» նախաձեռնության շնորհիվ դպրոցականները կունենան տեխնոլոգիական, ինժեներական եւ ծրագրավորման նախնական կրթություն եւ ապագայում հեշտությամբ կկարողանան հաստատվել վերոհիշյալ ոլորտներում:

«Մեր նախաձեռնությունը գործում է դպրոցում, սակայն նախատեսված հստակ օր ու ժամ չունենք պարապմունքներն անցկացնելու համար: Ցանկանում ենք մեր իմացածը փոխանցել ցածր դասարաններում սովորող աշակերտներին, նրանց մղել ինքնակրթության՝ անձնական օրինակով ցույց տալով դրա անհրաժեշտությունը»,-մեզ հետ զրույցում ավելացրել է դպրոցական Հակոբ Հովհաննիսյանը, հավելելով, որ չորս ամսից կավարտի դպրոցը եւ կզորակոչվի բանակ, իսկ սույն նախաձեռնությունը պետք է դեռ երկար ճանապարհ անցնի: Ու քանի դեռ դպրոցում են, ընկերոջ՝ Թաթուլ Դանիելյանի հետ աշխատում են այդ ուղղությամբ:

Երիտասարդի խոսքով՝ հետաքրքրություն միանշանակ կա. գալիս, ուսումնասիրում են ոլորտը, սիրում ու անցնում են սովորելու փուլ՝ անընդհատ կատարելագործվելով: Սակայն սրան զուգահեռ նաեւ խնդիրներն են շատ, որոնցից մասնավորապես առաջնային է նորարարական սարքերի բացակայությունը: Հարցին՝ ինչպե՞ս եւ ո՞ւմ օգնությամբ են տիրապետելու այդ սարքերի հնարավորություններին եւ աշխատանքին, Հակոբը պատասխանեց՝ ինքնակրթությամբ:

Մաղավուզի երիտասարդները ճանապարհներ են փնտրում եւ սեփական գիտելիքներով փորձում են նեցուկ լինել հայրենիքի շենացմանը, առաջընթացին եւ տեխնոլոգիական զարգացմանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28