Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Միասնականությամբ ենք հաջողելու, պատրաստ եմ աշխատել բոլորի հետ»․ Ռոբերտ Ղուկասյան (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 14,2022 23:53

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզպետարանում պաշտոնապես ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Նախ` Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ Սյունիքի համար բարդ ժամանակահատվածում նա համաձայնեց ղեկավարել մարզն ու կատարեց դա սրտացավությամբ, խնդիրները լուծելու պատրաստակամությամբ։

Շնորհավորելով ու ներկայացնելով Ռոբերտ Ղուկասյանին՝ նախարարը նշեց, որ բացի այն փորձն ու գիտելիքները, որ ունի նորանշանակ մարզպետը, կարեւորում է այն, որ Ռոբերտ Ղուկասյանը, որպես Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, վերջին մեկ տարում միշտ եղել է Սյունիքում։ «Համոզված եմ, բավականին լավ ծանոթ է մարզի խնդիրներին, ինչպես նաեւ իր գործընկերներին։ Դա առավելություն է աշխատանքի մեջ արագ ներգրավվելու համար»,-ասաց նախարարը։

Վերջինիս խոսքով, Սյունիքում միասնական աշխատանքի կարիք կա, քանի որ մարզում շատ մեծ ծրագրեր են կյանքի կոչվելու՝ սկսած կրթականից մինչեւ անվտանգային ։

«Սյունիքում միասնականություն է պետք, տեղի են ունեցել համապետական, համայնքային ընտրություններ, մարզպետ է փոխվել ու կան պաշտոնյաներ, որոնք պիտի համախմբված աշխատեն»,-լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը գիտակցում է այն պատասխանատվությունը, որը ստանձնում է։ Պատրաստ է աշխատել բոլոր համայնքների ղեկավարների հետ։ « Միասնականությամբ ենք միայն հաջողելու բոլոր ոլորտներում։ Կարծում եմ քաղաքականությունը պետք է տարանջատել միասնականությունից»,-ասում է Ռոբերտ Ղուկասյանը։ Սյունիքի նորանշանակ մարզպետը հորդորում է՝ պաշտպանության հետ կապված հարցերը չպետք է բարձրաձայնել։ «Միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերին եւս անվտանգային հարցեր են քննարկվել, որոնք անուղղակի կապ ունեին պաշտպանական ոլորտի հետ, բայց դրանք եւս չեն լուսաբանվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ Ինչ վերաբերում է ընդհանուր անվտանգային խնդիրներին, ապա նրա խոսքով՝ «ուժային կառույցները լավ գիտեն իրենց գործը»։

Ըստ Ռոբերտ Ղուկասյանի, յուրաքանչյուր ոք պիտի զբաղվի իր գործով։ Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա «կադրային ջարդի մասին եւս չի մտածել»։ «Կադրային հարցերն ընթացիկ են, կախված են աշխատանքի օգտակար գործակցից»,-ասում է նա։

«Սյունեցիներին ես միշտ հասանելի եմ եղել, կարծում եմ՝ այդ կապը կպահպանվի։ Սյունիքի ժողովրդից ջերմություն եմ զգում։ Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի։ Ստանձնենք պարտականություններն ու գնանք դեպի առաջ»,-ասում է Ռոբերտ Ղուկասյանը։

Իսկ վերջում Սյունիքի նորանշանակ մարզպետը խոստանում է հասանելի լինել նաեւ լրագրողների համար, բայց նաեւ հիշեցնում է՝ բոլոր հարցերին մանրամասն կանդրադառնա 100 օրը լրանալուն պես։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031