Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսանք՝ Ռուսաստանը վերջ կդնի այս ամենին և նոր երկաթե վարագույր չի բացի Եվրոպայի հետ». Լինդերտ Վերբիկ

Մարտ 22,2022 19:55

«Ավելի քան մեկ ամիս Եվրոպան ապրում է նոր իրականությունում: Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ուղղված ագրեսիան ցույց տվեց, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում մենք միասնական ենք»,- Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 42-րդ նստաշրջանի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԵԽ Կոնգրեսի  նախագահ Լինդերտ Վերբիկը:

Տեղեկացնենք՝ այս պահին Կոնգրեսն անցկացնում է «ՌԴ-ի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի» թեմայով քննարկում, որի ընթացքում պատվիրակները քննադատում են Ռուսաստանի գործողությունները:

Լինդերտ Վերբիկն իր ելույթում նկատեց՝ Ուկրաինային աջակցության հարցում միջազգային  հանրությունը միանգամից ու միասնական արձագանքեց: Հատկապես լարված իրավիճակներում Կոնգրեսի նախագահը կարևորեց տեղական իշխանությունների դերակատարությունը, որոնք գործում են առաջնագծում: Նա նշեց. «Այս փորձություններն ավելի ուժեղացնում են մեզ մեր նպատակին հասնելու հարցում՝ կառուցել ավելի կայուն ու ներառված հասարակություն: Կայուն հասարակության կառուցումը սկսվում է տեղական մակարդակից՝ քաղաքներից ու ռեգիոններից: Հենց սա էլ քաղաքապետերի, ավագանու անդամների՝ընտրված պաշտոնյաների մոտեցումն է, որոնք ծառայում են իրենց բնակիչներին: Միշտ բնակիչների կողքին լինելը ու այս միասնականությունը համայնքների բնակիչների մոտ ստեղծում են սեփական իրավունքների պաշտպանության հարցում պատասխանատվություն, որպեսզի անձինք կանգնեն ու պաշտպանեն իրենց իրավունքները»:

Լինդերտ Վերբիկը փաստեց՝ առաջին անգամ Կոնգրեսի նստաշրջանն անցկացվում է առանց ՌԴ-ի՝ սկսած 1996-ից: Հիշեցնելով, որ ԵԽ նախարարների կոմիտեն որոշել է՝ այլևս ՌԴ-ն ԵԽ անդամ չէ, ասաց, որ սա ԵԽ-ի պատասխանն է նրան, որ ՌԴ-ն որոշել էր մերժել այս կազմակերպության սկզբունքները: Նա նշեց. «Հուսանք՝ Ռուսաստանը վերջ կդնի այս ամենին և նոր երկաթե վարագույր չի բացի Եվրոպայի հետ:»: ԵԽ Կոնգրեսի նախագահն ասաց՝ Ուկրաինայի դեմ պատերազմն ընդգծեց ուժեղ տեղական իշխանություններ ունենալու կարևորությունը ու դատապարտեց Ուկրաինայի տեղական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ կատարվողը. «Ես խստորեն դատապարտում եմ Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլիի և Դնեպրուդնիի քաղաքապետերի առևանգումը և ճնշումը օկուպացված տարածքներում տեղական ընտրված ներկայացուցիչների վրա և կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել նրանց: Ես հարգանքի տուրք եմ մատուցում տեղական ղեկավարներին իրենց քաղաքների, ավանների և գյուղերի քաղաքացիների ամենօրյա մարտահրավերներին դիմակայելու գործում նրանց առանցքային դերի համար: Ես կոչ եմ անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել իրենց զորքերը և դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումն ու միջազգային իրավունքի խախտումները։ Գոյություն ունեցող ենթակառուցվածքները պետք է պահպանվեն, և մարդասիրական միջանցքները պետք է պահպանվեն շրջափակման մեջ գտնվող բոլոր բնակավայրերի անվտանգ տարհանման համար։ Ցանկանում եմ վերահաստատել մեր լիակատար համերաշխությունը Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ ու ափսոսանք հայտնել այս չարդարացված ագրեսիայի վնասաբեր հետևանքների և փախստականների ու ներքին տեղահանվածների աննախադեպ թվի համար, ինչը Եվրոպան չէր տեղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031