Լրահոս
Օրվա լրահոսը

Օլեգ Դուլգարյան․ «Ընդերքի մասին օրինագիծը կարծես հատուկ գրվել է Ամուլսարը շահագործելու համար․այն հետադարձ ուժ ունի՝ չորս տարի»

Ապրիլ 01,2022 16:34

Կառավարության փետրվարի 10-ի նիստում հավանության արժանացած «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, բնապահպանական կազմակերպությունները համարում են վտանգավոր։

Հիշեցնենք, Ընդերքի մասին օրենսգիրքը լրացվել է նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ըստ օրենքի, անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի կարծիքով՝ այս փոփոխությունը կատարվել է, որպեսզի հիմք լինի Ամուլսարի հանքը շահագործելու համար։ Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ Դուլգարյանն ասաց․ «Օրինագիծը վտանգավոր է, այնտեղ նշված է, որ ընդերքօգտագործող այն ընկերությունները, որոնք եթե ֆորսմաժորային իրավիճակի պատճառով չկարողանան սահմանված ժամկետում իրականացնել գործունեություն, ապա իրենց դիմումի հիման վրա լիազոր մարմինը նրանց գործունեության ժամկետը կերկարացնի։ Իսկ ֆորսմաժորային իրավիճակ են համարում, ըստ այդ փոփոխության, քաղաքացիական անհնազանդությունը։ Քաղաքացիական ցույցեր մեր երկրում շատ են լինում, սկսած՝ Մեծ Այրումի Նահատակի պոչամբարի կողքին նոր պոչամբարի կառուցման թեման, եւ վերջացրած՝ Ամուլսարով։ Օրինագիծը կարծես հատուկ գրված լինի, որպեսզի հիմք հանդիսանա Ամուլսարը շահագործելու համար, ընդ որում, այն հետադարձ ուժ ունի՝ չորս տարի»։

Օրենքում փոփոխություններ անելու նախագծի հեղինակը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Դիտարկմանը, թե ՏԿԵ փոխնախարարը վստահեցրել էր՝ կառավարությունը չի կարող միայն մեկ կազմակերպության համար ինչ-որ օրենսդրական փոփոխության գնալ, Դուլգարյանն արձագանքեց՝ այդ դեպքում քանի՞ կազմակերպության համար է արվում, եթե այս պահին այլ նախադեպեր չկան։

Դուլգարյանի կարծիքով՝ օրինագծում մեկ այլ վտանգավոր կետ էլ կա․ «Ընկերությունը պետք է դիմի լիազոր մարմնին, տեղեկացնի, որ նման խնդիր է առաջացել, օրինակ՝ բողոքի ցույց են, լիազոր մարմինն էլ պետք է այդ խնդիրը լուծի, վերացնի այդ խոչընդոտները, ու հստակեցված չէ, թե ինչպե՞ս է վերացնելու։ Այսինքն, քրեական գործե՞ր են հարուցելու բողոքի ցույցեր անող մարդկանց դեմ, ի՞նչ են անելու»։

Մանրամասն՝ տեսանյութում

Քննարկման մեկ այլ մասնակից՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նշեց՝ օրենսդրական փոփոխությունները հիմնականում հետադարձ ուժ չեն ունենում․ «Երեւի սա առաջին նախագիծն է իմ պրակտիկայում, որ այս պահանջը՝ կոնկրետ բիզնեսի համար կարող է հետադարձ ուժ ունենալ։ Մի կետ կա վտանգավոր, ՇՄԱԳ եզրակացությունը հետ կանչելու կամ երկարացնելու մասին է։ Կարելի է ասել՝ ՇՄԱԳ եզրակացությունը վերջնական թույլտվություն է, եթե ունես դրական եզրակացություն, կարող ես սկսել։ Շատ անգամ ընկերությունները, ունենալով դրական եզրակացություն, չեն էլ սկսում իրենց գործունեությունը։ Կան նման շատ դեպքեր, ուրիշ նպատակով են ուզում օգտագործել այդ եզրակացությունը։ Եթե մեկ տարի չես օգտագործում՝ այս եզրակացությունն ուժը կորցրած է համարվում, դա նշանակում է՝ ընկերությունն ամբողջ գործընթացը պետք է նորից սկսի։ Այսօր այս կետը շրջանցում է ՝մեկ տարվա փոխարեն երեք տարի է նախատեսվում է թույլտվության երկարացումը։ Մեկ տարին հենց այնպես չէր սահմանված։ Իսկ մեր շրջակա միջավայրը այնպիսի արագ փոփոխությունների է ենթարկվում՝ գետերը հունը փոխում են, կլիմայի փոփոխություն է տեղի ունենում եւ այլն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մինչ նախագծին հավանության տալը, այն շրջանառվել է իրավական ակտերի հրապարակման կայքում, սակայն բանախոսները համարում են, որ դա չի կարող համարվել հանրային իրազեկում եւ հանրային քննարկում շահագրգիռ կողմերի հետ։

«Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերական կազմակերպությունների ուժեղ լոբինգի արդյունք է, որ նախագիծը հաստատվել է, որովհետեւ վերջին տվյալներով, 30 լիցենզիա կար մետաղական հանք շահագործելու, 30 լիցենզիայից 7-ն են գործում, մի քանիսն ընդհանրապես զրկվեցին, մի մասն էլ կգործեն, թե՝ ոչ, անորոշ է»,-ասաց Ինգա Զառաֆյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930