Փողոցային առեւտրի դեմ Երեւանի քաղաքապետարանը երբեմն անզոր է, պատահում է, որ տուգանում են, սակայն առեւտրականները շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը։ Երեւանի քաղաքապետարանում այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ուշադրություն հրավիրեց Ամիրյան փողոցում ՍԱՍ սուպերմարկետի հարեւանությամբ փողոցային առեւտուր իրականացնողի վրա։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչն ասաց, որ իրենք գրեթե որեւէ լիազորություն չունի, հատկապես ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ մի վարչարարություն չեն կարող իրականացնել։
«Կենտրոնով ման էի գալիս, մեկ էլ ՍԱՍ-ի ու Ամիրյանի արանքում, ինչ-որ մեկը առեւտրային կենտրոն է սարքել։ Վստահ եմ՝ ոչ թե իր ընտանիքն է պահում, օրվա փող ա, այլ բիզնես է դրել»,-քաղաքապետը դիմեց առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին։
«Պարոն քաղաքապետ, ճանաչում ենք այդ անձնավորությանը, 10 միլիոնից ավելի տուգանել ենք։ Պայմանավորվել ենք ոստիկանության գործընկերների հետ, ուժեղացված ծառայություն ենք այս շաբաթ սկսում»,-ի պատասխան քաղաքապետի դիտարկմանն՝ ասաց Հոֆիկ Սաֆարյանը։
Կարդացեք նաև
Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց՝ ամենօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն որ լինի, մի ամիս հետո չենք ունենա․ «Բայց ոնց հասկանում եմ՝ երրորդ ամիսն է, որ էդտեղ ինչ-որ բան են անում»։
Սաֆարյանն էլ ասաց, որ եթե ոստիկանությունն այլ ծառայություններով ծանրաբեռնված չլինի, քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցներին մշտական աջակցություն լինի, ամեն օր, օրը մի քանի անգամ շրջայցեր կիրականացնեն։
«Էդ կետի վրա շատ մեծ ուշադրություն դարձրեք, չգիտեմ ինչ է ընդեղ, մայթը․․․ քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարում են»,-ասաց Սարգսյանը։
«Արաբկիր էր տեղափոխվել, անձամբ ճանաչում եմ»,-պատասխանեց Սաֆարյանը։
«Գործերն ընդեղ լավացան, եկավ Կենտրոն»,-արձագանքեց քաղաքապետը։
Սաֆարյանն էլ վստահեցրեց, որ տվյալ անձն անվճարունակ է, որքան էլ նրան տուգանում են՝ ազդեցություն չի լինում։ Նա խոստացավ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։
«Քաղաքացիների ազատ տեղաշարժին խանգարելու հիմքով կարելի է կազմակերպել, որ էդտեղ է՛լ առեւտուր չիրականացնի, քանի որ էդտեղ արդեն բիզնես է դառել: Մի քիչ էլ թողնենք, չգիտեմ, ապօրինի շինություն կսարքի մայթի վրա»,-ասաց քաղաքապետը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































