Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վաղուց արդեն ուշ է, բայց ի՞նչ անենք, հանձնվե՞նք»․ Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ

Ապրիլ 17,2022 22:19

«Թշնամուն հանձնելու հայրենիք չունենք։ Չենք կարող թույլ տալ, որ հայրենիքն ինչ-ինչ պատճառաբանություններով հանձնեն թշնամուն։ Ես չեմ համարում, որ սա զուտ քաղաքական պայքար է։ Սա պայքար է հանուն ապագայի։ Նպատակը հենց այն է, որ ոչ թե որպես կուսակցություն կամ դաշինք ենք եկել, այլ եկել ենք առանց դրոշների։ Երկու դրոշ ունենք՝ ՀՀ-ինը եւ Արցախինը։ Բոլորին կոչ եմ անում համախմբվել այս երկու դրոշի ներքո»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հարցադրմանն ի պատասխան, թե ուշ չէ՞, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, թե Հայաստանը որ ճանապարհով է գնալու, նա նշեց․ «Շատ վաղուց արդեն ուշ է, բայց ի՞նչ անենք, հանձնվե՞նք։ ԱԺ-ում մի ելույթ կա, որը երրորդ հանրապետության ԱԺ պատմության մեջ ամենախայտառակն էր։ Եթե ՀՀ-ում որեւէ մեկը կարողանում է ասել, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, այդ օրից բոլոր կարմիր գծերը ջնջված են։ Լա՞վ եք հասկանում․ մարդիկ ամեն օր Արցախում ապրում են վախը սրտում, որ թուրքը գալու է, ամեն օր սահմանի գյուղերը, որոնք սահմանամերձ դարձան Նիկոլ Փաշինյանի հետքաշման հրամանի արդյունքում, ամեն օր վախը սրտում են ապրում։ ԱԺ ամբիոնից ասվում է, որ անկախ ամեն ինչից՝ կլիներ այս արդյունքը, բայց՝ առանց զոհերի»։

Արթուր Վանեցյանը նաեւ շեշտեց՝ չէր սպասում, որ հազարավոր մարդիկ կգան Ազատության հրապարակ․ «Անգամ նրանց եմ տեսել, որոնք ինձ քննադատում էին։ Ճանապարհային քարտեզն այստեղ է գծվելու։ Չկա նման բան, թե ես հակասություններ ունեմ մյուս ընդդիմադիրների հետ։ Ընդդիմությունը միասնական է։ Հենց ընտրենք ամենաարդյունավետ ճանապարհը, գնալու ենք դրանով։ Այստեղ ենք ճշտելու։ Վերջին դեպքերից հետո ինձ այլեւս չեմ պատկերացնում ԱԺ աշխատասենյակում։ Ո՞ւմ հետ նստեմ խոսամ, նրանց հետ, որոնք համոզում են, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմո՞ւմ կամ ուզում են ներե՞ն մեր դարավոր թշնամուն, որը ցեղասպանել է մեզ»։

Արթուր Վանեցյանը նաեւ նշեց՝ ուժային կառույցների ներկայացուցիչները պետության հանդեպ երդում են տվել եւ այն խախտել պետք չի․ «Հինգ օր հետո եթե այստեղ լինի հարյուր հազար մարդ, այդ սպաները լինելու են այստեղ։ Որեւէ մեկը թող չկասկածի․․․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է գնալ միակողմանի զիջումների՝ «խաղաղության» դարաշրջան հաստատելու համար, պատրաստվում  է թողնել Արցախը։ Արդեն քարոզում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եթե ՀՀ-ում ընդվզում չլինի եւ չփորձենք հեռացնել Նիկոլ Փաշինյանին, նշյալ գործընթացն անպայման իրականանալու է։ Առանց Փաշինյանի իշխանության հեռացման չենք կարողանա կասեցնել շարունակական պարտությունների անիվը։ Այս իշխանության պայմանավորվածությունները, որոնք գուցե ձեռք են բերվել ճնշումների ժամանակ կամ այլ պատճառներով, դրանք պետք է կարողանանք կասեցնել, որովհետեւ դրանք մեծ խնդիր են»։

Վանեցյանը հանուն հայրենիքի կոչ արեց բոլորին գալ Ազատության հրապարակ։ Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ այսօրվանից նստացույց են անում Ազատության հրապարակում․ մի պահ ոստիկանները քաշքշել են քաղաքացիներին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930