Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Շաքարյան. զտարյուն դիվանագետ, կոչումով` արվեստասեր

Ապրիլ 27,2022 13:00

Դիվանագիտության մեջ հնաբնակ, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռուբեն Շաքարյանը հայտնի է արվեստագետների եւ մասնավորապես նկարիչների հետ ունեցած սերտ կապերով: Ի թիվս այլոց, նա մտերիմ է եղել նաեւ նկարիչ Հենրի Էլիբեկյանի հետ, ում հեղինակած եւ իր սեփականությունը հանդիսացող Կոմիտասի դիմանկարը 2019թ. նվիրել էր Կոմիտաս թանգարան-ինստիտուտին: Նույն թանգարանին Ռուբեն Շաքարյանը նվիրել էր նաեւ Կոմիտասի մարմարյա դիմաքանդակը:

Օրերս էլ ճանաչված դիվանագետն իր սեփականությունը հանդիսացող` Հենրի Էլիբեկյանի հեղինակած Կոմիտասի մեկ այլ դիմանկար նվիրել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային: Հիշում է, որ մոսկովյան մի այցի ժամանակ Էլիբեկյանը հրավիրել է իր արվեստանոց. «Ինքն այդ նկարը սիրով նվիրեց ինձ: Երբ ես վերադարձա Հայաստան, շրջանակ պատվիրեցի ու կախեցի իմ աշխատասենյակում: Հետո որոշեցի, որ պետք է նվիրեմ կոնսերվատորիային, քանի որ այն կրում է Կոմիտասի անունը»,- ասում է մեր զրուցակիցը:


Ռուբեն Շաքարյանը 10 տարի շարունակ եղել է ԳԱԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի օգնականը` արտաքին կապերի գծով: «Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Շաքարյանը Վիկտոր Համբարձումյանին բնորոշում է որպես աշխարհի ամենահայտնի հայերից մեկը, ասում է՝ նա բարի, սրամիտ եւ նրբանկատ մարդ էր: Իր յուրահատուկ հավաքածուի նկարներից Արամ Խաչատրյանի դիմանկարն էլ Ռուբեն Շաքարյանը նվիրել է կոմպոզիտորի թանգարանին: Այն այժմ ցուցադրվում է թանգարանում, ու երեք լեզվով էլ նշված է նվիրատուի անունը:

Ի դեպ, նկարչության հանդեպ Ռուբեն Շաքարյանի սերը գալիս է մանուկ հասակից, որը հետագայում դարձավ ավելի քան հոբի: Նա տարված էր հատկապես նատյուրմորտներով ու բնանկարներով: Արտասահմանյան ուղեւորություններին դիվանագետը միշտ այցելել է թանգարաններ, եղել է ավելի քան 80 երկրում: Շփվել է նաեւ Արտո Չաքմաքչյանի հետ, նրան համարում է խորը անհատականություն:

Ռուբեն Շաքարյանի նկարիչ ընկերները սիրով են նրան նվիրում իրենց ստեղծագործությունները, շատերը նկարել են նաեւ նրա դիմանկարը: Դիվանագետը մտերիմ է եղել Գրիգոր Խանջյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վանիկ Շարամբեանի, Վլադիմիր Սահակյանի եւ այլ արվեստագետների հետ: Չնայած իր հարուստ կենսագրությանն ու աշխատանքային փորձին, Ռուբեն Շաքարյանը բավականին համեստ մարդ է: Նա 25 տարի աշխատել է արտգործնախարարությունում, տարբեր տարիների աշխատել է 9 վարչապետների հետ: Ռուբեն Շաքարյանը զտարյուն դիվանագետ է, իսկ կոչումով` մեծագույն արվեստասեր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930