Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանկարծ որեւէ մեկի քթից արյուն գա, ողջ պատասխանատվությունը կրելու է այս իշխանությունը». Վանեցյան

Ապրիլ 29,2022 21:12

Ազատության հրապարակից մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հերթական երթը:

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն ասաց. «Ժողովուրդ, պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում նույնիսկ լուցկին է թանկացել: Շատերդ կծիծաղեք, կասեք՝ բա սա ասելու բա՞ն է: Այ այդպես ոչինչ չասելով՝ այս իշխանությունը մեր երկիրը բերեց, հասցրեց կապիտուլյացիայի: Երբ սրանք սկսեցին խաբել յուրաքանչյուրիս, ասում էինք՝ դե հլը նոր են, երեւի սպասենք, գլուխը քարը, լավ կլինի: Եղա՞վ այդ լավը: Այ ամեն ինչը եղավ մի պատճառով, որովհետեւ ամեն մեկս մեր ձեւով հանդուրժեցինք սրանց ապօրինությունները»:

Վանեցյանի երթի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ միացան Դիմադրության շարժման երթի մասնակիցներին:

Իսկ երթի ավարտին Վանեցյանը ելույթ ունեցավ. «Անընդհատ ինձ ասում են՝ բա ե՞րբ ենք պրծնելու սրանից: Ժողովուրդ, «սկսել ա»: Սրանից 15 օր առաջ որեւէ մեկը չէր մտածում, որ հայի ոգին արթնանալու է, լաոն զարթնելու է եւ մենք իրար հետ միասին կարողանալու ենք մարդկանց արթնացնել քնից: Հիմա մարդիկ միավորվում են, ապակենտրոն ցանցային պայքարը տվել է իր արյունքները ու ընդամենը 2 օր հետո մենք բոլորս միավորվելու ենք մի գաղափարի շուրջ՝ Հայաստանի, հայ ժողովրդի եւ Արցախի շուրջ: Մեր պայքարն անկասելի է, ես ձեզ ասում եմ վստահ, նաեւ մասնագիտական: Ժողովրդի հոսքը անհնար է կանգնացնեն, ժողովրդի ցանկությունն իրականանալու է: Մենք խաղաղ նպատակներով ու խաղաղ մեթոդներով, առանց բռնության հասնելու ենք մեր նպատակին: Եթե հանկարծ որեւէ մեկի քթից արյուն գա, ողջ պատասխանատվությունը կրելու է այս իշխանությունը»:

Վանեցյանն ասաց, որ լուրեր կան՝ սադրիչ խմբեր են պատրաստում, ուստի հորդորեց ցուցարարներին նրանց հանդիպելու դեպքում անտեսել, մարտի չբռնվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930