JAMnews. Կրեմլն ամեն կերպ դիմադրում է պաշտոնական Երևանի և Բաքվի երկկողմ բանակցությունների գործընթացին, որն արդեն սկսվել է Արևմուտքի աջակցությամբ: Նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն։ Նրա կարծիքով՝ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցերի հետևում նույնպես կանգնած է Ռուսաստանը։ Քաղաքագետը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալու դեպքում տարածաշրջանում հնարավոր փոփոխությունների հարցին։
«Երևանի բողոքի ցույցերը վերահսկվում են Մոսկվայից»
Ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուի խոսքով՝ այս օրերին Երևանը և Հայաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցերը թելադրվում են Մոսկվայի կողմից. «Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը և անձամբ Նիկոլ Փաշինյանը այցեր կատարեցին Մոսկվա։ Այդ այցերի ընթացքում տեղի ունեցած բանակցություններից հստակ երևում էր, որ Ռուսաստանը դժգոհ է Բրյուսելում կայացած հանդիպումից ու դրա արդյունքներից։
Դրանից հետո Հայաստանում սկսվեցին բողոքի ցույցեր, որոնց հիմնական պատճառը խորհրդարանական ելույթի ժամանակ Փաշինյանի խոսքերն էին։ Վարչապետն ասաց, որ Հայաստանից ակնկալում են իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, փաստորեն նա ակնարկում էր, որ պայմանավորվածությունների համաձայն՝ ԼՂ-ն մնալու է Ադրբեջանի կազմում։
Կարդացեք նաև
«Մոսկվան դեմ է երկկողմ բանակցություններին»
Քաղաքագետը նշում է, որ տարածաշրջանում ակնհայտորեն զգացվում է Արևմուտքի և Կրեմլի առճակատումը:
«Ուկրաինայում Արևմուտքի և Ռուսաստանի առճակատումն ընթանում է բաց ձևով, և այն արդեն տեղափոխվել է Կովկաս։
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին երկրի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ է ունենում Վաշինգտոնում։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը Մոսկվայի ճնշումներից հետո սպասում է Վաշինգտոնի աջակցությանը։
Պետքարտուղարության ղեկավարը ուշագրավ հայտարարություն է արել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։ Սա, ըստ էության, նախազգուշացում է Մոսկվային, որպեսզի նա չխոչընդոտի երկկողմ երկխոսությանը։
Բայց Կրեմլը բացահայտ կերպով դեմ է նման սցենարին։ Նա պնդում է իր միջնորդությունը։ Բայց արդյո՞ք անհրաժեշտ է միջնորդություն Բաքվի և Երևանի միջև բանակցություններում։
Եթե Նիկոլ Փաշինյանն ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը, պետք է դիմադրի Մոսկվայի ճնշմանը, բայց եթե այդ դիմադրությունը ոչ մի լավ բանի չհանգեցնի, ապա Հայաստանի ներկայիս իշխանությունը տենդի մեջ կընկնի»,- ասում է Շահինօղլուն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































