Լրահոս
Օրվա լրահոսը

12 հազար մեքենա այսօր Վրաստանի սահմանին կանգնած են, որից 1000-ը՝ հայկական. Վահան Քերոբյան

Մայիս 05,2022 15:27 Share

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստում լաստանավային հաղորդակցության մասին հացը ներկայացնելիս նշեց, որ պայմանագիր են կնքել լաստանավային հաղորդակցություն իրականացնող ընկերության հետ, որը պայմանագիր ունի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ: Նախարարն ասաց, որ հունիսի 15-ից Փոթի եւ Կովկաս նավահանգիստների միջեւ գործարկվելու է շաբաթական երկու անգամ ամեն ուղղությամբ կանոնավոր լաստանավային հաղորդակցություն:

Պարոն Քերոբյանն ասաց, որ ՀՀ-ն սուբսիդավորելու է լաստանավային հատվածը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սուբսիդավորել ասելով ամբողջությա՞մբ են վճարելու: Ստանալով դրական պատասխան, Փաշինյանը պարզաբանեց՝ փոխադրողը կվճարի բուն երկաթուղու համար, լաստանավի համար կվճարի Հայաստանի Հանրապետությունը:

Վարչապետի խոսքով, երկար տարիներ առնչվել ենք Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին՝ այդ թվում եղանակային պայմանները, բայց հիմա այս հիմնախնդիրն ավելի սրվել է՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով: Ըստ Փաշինյանի, Սեւ ծովով ծովային փոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը հանգեցրել է նրան, որ ծովից բավական մեծ քանակով բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրման դաշտ, ինչի արդյունքում Վերին Լարսի անցակետի ծանրաբեռնվածությունը մեծացել է:

«Մենք այս գործընթացը սկսել էինք մինչեւ ուկրաինական իրադարձությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ լաստանավային փոխադրումը տեղի կունենա շաբաթը երկու անգամ կոնկրետ ժամերի, այլ ոչ թե ինչպես նախկինում էր՝ մինչեւ լաստանավը չբեռնվեր, չէր շարժվի. «Հիմա, քանի որ կառավարությունը սուբսիդավորում է, ասում է՝ ոչ, եկեք ապահովենք կանխատեսելի եւ թափանցիկ չվացուցակ, որպեսզի բոլորի համար պարզ լինի»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ Վերին Լարսում վիճակը շատ բարդ է եւ կուտակումները ոչ ԵԱՏՄ երկրների բեռներ են, ինչը նշանակում է, որ Լարսում մաքսային ու սահմանային հսկողությունը դանդաղել է եւ 700 մեքենայի թողունակությունը չեն կարողանում ապահովել, որպեսզի հատեն սահմանը: Ըստ փոխվարչապետի, պատճառներից մեկն էլ այն է, որ այդ մեքենաների զգալի մասը ԵԱՏՄ մեքենաների կարգավորումները չունեն եւ դանդաղ են անցնում սահմանը:

Մհեր Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ բեռների հոսքը Լարսով ավելանալու է, քանի որ գնալով նավագնացությունը նվազում է:

Վահան Քերոբյանը հայտնեց, որ այսօր Վրաստանի հատվածում 12 հազար մեքենա կուտակվել է, որից 1000-ը հայկական մեքենաներ են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031