«Մեր ժողովուրդները միավորված են սերտ բարեկամական, ընկերական կապերով, սակայն ընկերությունը կարիք ունի ոչ միայն բարոյական, այլեւ տնտեսական-քաղաքական սատարման։ Կարեւոր է այս ոչ հեշտ ժամանակներում միավորել ջանքերը, որպեսզի ապահովենք մեր երկրների անվտանգությունը։ Հարցը վեհաժողովի հիմքում էր»,-ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բելառուսի ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն։
«Վեհաժողովի ջանքերն ուղղված են կայունության ապահովմանը։ Այսօր տեսնում ենք, թե ինչպիսի քաղաքական ճնշում է գործադրվում ոչ միայն Բելառուսի ու ՌԴ-ի վրա, այլեւ տարածաշրջանի այլ երկրների՝ պատժամիջոցներ, միջամտություն ներքին գործերին։ Սա շատ լուրջ սպառնալիք է մեր երկրների հանդեպ։ Պետք է արժանապատվորեն դիմակայենք՝ միավորելով ջանքերը։ Այսօր կարիք կա դիմակայելու նաեւ մեր երկրների հանդեպ վարվող տեղեկատվական պատերազմին։ Եթե տնտեսությունն ուժեղ լինի, ուժեղ կլինեն նաեւ մեր երկրները»,-համոզմունք հայտնեց Անդրեյչենկոն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































