Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասիրական օգնություն անգամ Ուկրաինայից ենք ստացել. ո՞ւմ համար են թանկարժեք իրերը, օդային ու ջրային տրանսպորտի միջոցները

Հունիս 09,2022 15:00

ՀՀ-ն որպես մարդասիրական օգնություն ստացել է կոշկեղեն, թանկարժեք քարեր, օդային ու ջրային տրանսպորտի միջոցներ:

Մեր երկիրն ամեն տարի ստանում է մարդասիրական օգնություն: Թե ում եւ ինչպես է բաշխվում այն, վիճակագրական կոմիտեի հրապարակած փաստաթղթից չենք կարող տեղեկանալ: Այստեղ խոսքը միայն իրերի, դրանց արժողության ու այն երկրների ցանկի մասին է, որտեղից այդ օգնությունները եկել են:

Այսպես՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը բավականին հետաքրքիր մարդասիրական օգնություններ է ստացել՝ անգամ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր: Թե ում համար են դրանք նախատեսված, որ երկրից են՝ պարզ չէ:

Տեղեկանում ենք, որ մեր երկիր մարդասիրական օգնությամբ եկել են նաեւ 485 տոննայի կենդանի կենդանիներ, կենդանական ծագման արտադրանք՝ 5,7 միլիոն դրամի եւ 41 հազար 592 դոլարի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 29,5 անգամ կենդանիներն ու կենդանական ծագման արտադրանք ավել է եկել: Այս տարի 27,5 տոննայի էլ բուսական ծագման արտադրանք ենք օգնություն ստացել՝ 20.3 միլիոն դրամի եւ 42.1 հազար դոլարի: Անցյալ տարի՝ մի քանի անգամ պակաս է եղել՝ 7,2 տոննա:

Ուշագրավ է, որ որպես մարդասիրական օգնություն նաեւ հանքահումքային արտադրանք ենք ստացել. Մասնավորապես ի՞նչ, չի հստակեցվում: Այն կազմել է 1,7 տոննա, դրամային արտահայտությամբ էլ 49 միլիոն 200 դոլար եւ 106,1 հազար դոլար:

Այս տարի, նախորդի համեմատությամբ 8,3 անգամ ավելի է եղել քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի մարդասիրական օգնությունը մեր երկրին: 2022-ի հունվար-ապրիլին ստացել ենք 53,4 տոննա՝ 17 միլիոն 864 հազար դրամի եւ 37 հազար դոլարի: Ստացել ենք նաեւ կաշվի հումք, կաշի եւ դրանից պատրաստված իրեր 11,8 տոննայի: Թուղթ եւ թղթից իրեր էլ՝ 17 տոննայի: Մարդասիրական օգնությամբ ստացել ենք 6,9 տոննայի կոշկեղեն, գլխարկներ ու հովանոցներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 64 միլիոն 300 հազար դրամ եւ 133 հազար 900 դոլար: Ստացել ենք նաեւ մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ՝ 606,4 միլիոն դրամի եւ 1 միլիոն 227 հազար դոլարի: Վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներ եւս ստացել ենք: Այս դեպքում եւս չի հստակեցվում կոնկրետ ինչի մասին է խոսքը: Բայց նշված է, որ դրանց ընդհանուր արժեքն է 134 միլիոն դրամ եւ 277 հազար դոլար: 196 միլիոն դրամի ու 404 հազար դոլարի էլ սարքեր եւ ապարատներ ենք որպես մարդասիրական օգնություն ստացել, ինչը 36,7 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Մեր երկիր մարդասիրական օգնություն ուղարկվել են նաեւ մանածագործական իրեր, քարից, գիպսից, ցեմենտից ու ոչ թանկարժեք մետաղից պատրաստված իրեր:

Ընդհանուր առմամբ, մեր երկիր եկած մարդասիրական օգնությունը կազմել է 41 միլիոն 951 հազար հազար դոլար, որից 287 հազար՝ ԱՊՀ երկրներից՝ այդ թվում Ռուսաստանի դաշնությունից:

Ուշագրավ է, որ այդ ամիսների ընթացքում 28 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն ստացել ենք նաեւ Ուկրաինայից:
Եվրամիության երկրներից ստացել ենք 28 միլիոն 832 հազար դոլարի օգնություն, որոնց թվում են Գերմանիան, Իսպանիան, Նիդերլանդները, Չեխիան, Ֆրանսիան, Իտալիան եւ ԵՄ այլ երկրներ: Ամենաշատ օգնությունը Իսպանիայից է եկել՝ 14 միլիոն 342 հազար 500 դոլարի: Ֆրանսիայից 561 հազար 500 դոլարի օգնություն է եկել, իտալիայից էլ՝ 273 հազար 400 դոլարի: Միացյալ նահանգները, Շվեյցարիան, Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան եւս Հայաստանին մարդասիրական օգնություն են տրամադրել: ԱՄՆ-ն 7 միլիոն 555 հազար դոլարի, Շվեյցարիան՝ 2 միլիոն 136 հազարի, Հնդկաստանը՝ 459, 7 հազար դոլարի, Չինաստանը՝ 1 միլիոն 46 հազար դոլարի, Ճապոնիան էլ 68 հազար 400 դոլարի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930