Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կառավարությունը վաճառում է Օրբելի փողոցում գտնվող Կուրորտաբանության ինստիտուտը

Հունիս 17,2022 11:55
Fizioterapevtik

Կառավարությունը վաճառքի է դնում «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն։

Գործադիրն այսօրվա նիստի օրակարգում, որպես չզեկուցվող հարց, ընդգրկել է Օրբելի փողոցի վրա գտնվող Կուրորտաբանության ինստիտուտը մրցույթով մասնավորեցնելու մասին նախագիծը։ Ըստ նախագծի, մրցույթի դրվող այս ինստիտուտի ակտիվները գնահատվել են 5 մլրդ 110 մլն դրամ։

Ընկերության գնահատված պարտավորությունները 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 87 մլն այդ թվում՝ կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 8,8 մլն դրամ, ստացված ընթացիկ կանխավճար՝ 1 մլն դրամ, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր ՀՀ պետական բյուջեին՝ 29 մլն դրամ, աշխատավարձի եւ աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով պարտքը՝ 17 մլն դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ պարտքը 390 հազ.դրամ։ Կան նաեւ այլ կրեդիտորական պարտավորություններ՝ 7,7 մլն դրամ։

Ընկերության պարտավորությունները 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմում են 74,9 մլն դրամ։

Կառավարությունը որոշել է, որ մրցույթի մասնակցի կողմից առաջարկված գինը կարող է վճարվել նաեւ 3 տարվա ընթացքում հավասարաչափ ըստ տարիների, բայց հաղթողը կարող է վճարի նաեւ 1 ամսվա կամ 1 տարվա ընթացքում։

Մրցույթի պայմաններից է՝ պայմանագիրը կնքելուց հետո գնորդը վեց ամիս պետք է պահպանի ընկերության փաստացի աշխատողների թիվը եւ աշխատավարձի չափը: Ընկերությունն ունի 171 աշխատակիցներ։

Բացի այս, նախագծով սահմանվում է, որ մասնավորեցումից հետո ընկերության հանրային նշանակությունը չի կարող փոփոխվել, իսկ գնորդը պարտավորվում է պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։

Գնորդի վճարված գումարի 70 տոկոսն ուղղվում է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե։

Նախագծում նշվում է, որ անցյալ տարվա նոյեմբերի 10-ին՝ գնահատման պահին ինստիտուտի արժեքը կազմել է 5 մլրդ 23 մլն դրամ, 1.7863 հա հողամասի գնահատված մեծությունը կազմում է 3 մլրդ 397 մլն դրամ՝ այդ թվում գնահատման պահին գործող հողի կադաստրային արժեքը՝ 452 մլն դրամ, իսկ վաճառքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 75 տոկոսը՝ 3 մլրդ 767 մլն դրամ:

Շենքեր-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 15607.2 քառ.մ (կենտրոնական մասնաշենք` 13132.8 քառ.մ, փորձարարական մասնաշենք` 749.3 քառ.մ, տնտեսական մասնաշենք՝ 1435.3 քառ.մ, ավտոտնակ՝ 72 քառ.մ, փորձարարական մասնաշենք՝ 217.8 քառ.մ):

Ընկերության շենք-շինություններն ենթարկվել են սեյսմիկ հետազոտության՝ գլխավոր մասնաշենքի տեխնիկական վիճակը եւ սեյսմիկ խոցելիությունը գնահատվել է 3-րդ աստիճան: Սեյսմակայունությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ամրացման աշխատանքներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930