Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում հերթական ապօրինությունն է գրանցվել. հայտարարություն

Հուլիս 02,2022 12:57

Մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը այսօր հանրային հրապարակում է կատարել, որտեղ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել Չալաբյանի գործով իրականացվող հերթական իրավախախտման վրա:

Վարազդատ Հարությունյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքը ավտոմատ համակարգով մակագրվել է մի դատավորի, ապա, ըստ երևույթին արդեն ոչ ավտոմատ համակարգով նշանակվել այլ դատավորի, ինչը դատարանի վրա ներգործության արձանագրում է և ակնհայտ ապօրինություն:

«Երեկ զանգում ենք Վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ և շատ հստակ պատասխանում են, որ դատավոր Արշակ Վարդանյանին են մակագրել գործի քննությունը։ Այսօր զանգահարում ենք պարոն Վարդանյանի կազմ՝ տեղեկանալու, թե արդյոք նիստ նշանակվել է։ Պատասխանում են, որ մենք այդպիսի գործ չենք ստացել։ Կրկին զանգահարում ենք գրասենյակ և մեզ պատասխանում են, որ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ պատմել է Վարազդատ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ սա հերթական ապօրինությունն է, որին իրենք դեռ կանդրադառնան:

Հատկանշական է, որ Ավետիք Չալաբյանի գործը վերամակագրվել է այս պահին դատավորների վարկանիշավորման “helpcourt” համակարգում ամենացածր ռեյթինգ ունեցող դատավորին: Հետաքրքիր զուգադիպությամբ վատագույն ռեյթինգի երկրորդ հորիզոնականում այն դատավորն էր, որի կայացրած կալանավորման որոշումը դեմ հենց փաստաբանների բողոքն էր քննվելու: Նշենք, որ դատավորների ռեյթինգը ձևավորվում է բացառապես իրավական գնահատականների վրա և վատագույն ռեյթինգը կարող է նշանակել ենթադրյալ կանխակալություն և ոչ արդար որոշումներ:

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով փոփոխությունների է ենթարկվել:

ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031