Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես լավատես եմ՝ միշտ բաժակը կիսով չափ լիքն եմ տեսնում»

Հուլիս 11,2022 12:30

Երգչուհի Մոնիկա Նազարյանը՝ իր ստեղծագործական կարիերայի, ընտանիքի եւ ունկնդրի հետ անկեղծության մասին

Սիրված երգչուհի Մոնիկա Նազարյանը հայտնի է ժողովրդական երգերի գեղեցիկ կատարումներով, ավելի վաղ նա հանդես էր եկել «Ժողովրդական երգիչ» նախագծում՝ վայելելով հեռուստադիտողների համակրանքը: Նա համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, ելույթներով հանդես է եկել ԱՄԷ-ում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում եւ այլուր: Մոնիկա Նազարյանը բավականին ակտիվ է նաեւ սոցցանցերում եւ մշտական կապի մեջ է իր հետեւորդների ու իր արվեստը գնահատողների հետ:

«Առավոտի» հետ զրույցում երգչուհին անդրադարձավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած մենահամերգին, որտեղ հանդես է եկել Կարեն-Սեւակ բենդի ընկերակցությամբ: «Համերգն ավարտվել էր, բայց դեռ մեկ ամիս տպավորությունների տակ էի»,-ասում է երգչուհին: Հիշում է, որ բոլոր տոմսերը սպառվել էին, բավականին մարդիկ դրսում են մնացել: Նաեւ հավելում է, որ սիրում է անընդհատ կատարելագործվել, ինքն իր վրա աշխատել ու ամեն անգամ ավելի լավ ներկայանալ ունկնդիրներին:


Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ ժողովրդական երգեր կատարողի կերպարին: «Ժողովրդական երգիչը նախ եւ առաջ պետք է անկեղծ լինի, կարեւոր չէ՝ դու ինչ արտաքին կունենաս բեմի վրա, կարեւորը բեմի վրա լավ զգաս: Ես շատ սիրում եմ ազգային տարազները, մոտիվները, բայց տարազով ինձ լավ չեմ զգում բեմում, սիրում եմ ավելի ժամանակակից հագնվել, ինչը իմ ներաշխարհից է գալիս: Ես հակված եմ կարծրատիպեր կոտրելու, դրա համար էլ ժողովրդական երգեր կատարելիս ժամանակակից հագուկապ եմ կրում: Դրա փոխարեն բեմում առավելագույնս անկեղծ եմ»,-ասաց Մոնիկա Նազարյանը:

Երբ խոսք գնաց ժողովրդական երգի վարպետներից, նա նշեց, որ մտերիմ է եղել հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանի հետ. «Նա ինձ շատ էր սիրում, ասում էր՝ մեծ ապագա ունես: Մենք շատ երկար էինք զրուցում, ինքն իր պատմություններն էր պատմում, խորհուրդներ տալիս: Ես շատ պարզ ու անմիջական մարդ եմ, բոլորի կարծիքներն ինձ համար շատ կարեւոր են՝ սկսած մեր մեծերից, վերջացրած ամեն ունկնդրով»:


Հարցրինք, թե որ երգն է համարում իր այցեքարտը: «Դա «Մայրը սուրբ է» երգն է: Շատ պատահաբար ստացվեց, որ այդ երգը կատարելու առաջարկ ստացա, որը հետո այցեքարտային դարձավ: Շատերը այդ երգով ճանաչեցին ինձ: Քանի որ չեմ սիրում տեղում դոփել, հետագայում ուրիշ երգեր, ուրիշ հիթեր եղան՝ թե հատուկ ինձ համար գրված, եւ թե հին երգեր, որոնք ես նորովի ներկայացրի»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրանից տեղեկացանք, որ առանձնապես չի սիրում զուգերգերով հանդես գալ, բայց ունի գեղեցիկ եւ հաջողված զուգերգեր. «Պետք է այնպիսի դուետներ լինեն, որ իրար գովազդելու կարիք չլինի, ու գործն էլ այնքան գեղեցիկ լինի, որ լսվի: Իհարկե, ունեցել եմ սիրված արտիստների հետ որոշ դուետներ՝ Աշոտ Ղազարյանի, Արամեի, Արսեն Գրիգորյանի: Հնարավոր է՝ Գուրգեն Դաբաղյանի հետ եւս դուետով հանդես գամ»:


Խոսեցինք նաեւ նրա երգացանկում եղած պարսկերեն երգերից: Առաջին անգամ «Ժողովրդական երգիչ» նախագծում մասնակցելիս է այդ լեզվով երգել, մինչ այդ պարսկական երաժշտությանը ծանոթ չի եղել: Ասում է, երբ ԱՄՆ-ում պարբերաբար համերգներ է ունենում, իրանահայերը գալիս են հատկապես պարսկերեն երգեր լսելու համար: Ձայնագրել է նաեւ «Քարե ծաղիկ» երգը, որը նույնպես սիրված երգ է: Այդ երգի հեղինակը Անուշիրվան Ռոհանին է՝ ութսուն տարեկան երաժիշտ, դաշնակահար, կոմպոզիտոր, որը պարսիկների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում. «Նա առաջարկեց, որ իր երգը երգեմ: Եվս մեկ երգ ցանկացավ նվիրել»:
Մոնիկա Նազարյանից տեղեկացանք, որ այլ ժանրի ու ոճի երաժշտություն էլ է լսում: Հատկապես Մայքլ Ջեքսոնի, «Քուինի», Ադելի, Ագիլերայի ու մյուսների երգերը հաճախ է ունկնդրում: «Բոլորն էլ աստղեր են, աստվածատուր են, բայց բոլորից առանձնանում է Մայքլ Ջեքսոնը, նա ասես անիրական լինի»,-ասաց մեր զրուցակիցը: Հիշեց, թե ինչպես էր դպրոցական տարիներին տեսաժապավեններով նայում Ջեքսոնի համերգները:
Մեր հարցին՝ իսկ ընտանիքը չի՞ խանգարում երգչական կարիերային, երգչուհին ասաց, որ երկու տարի է՝ ամուսնացած է, բալիկ ունի, ամուսինը՝ Դավիթը, միշտ իր կողքին է, եւ բոլոր ձեռնարկների հաջողությունները նրա հետ համատեղ են գրանցել. «Հիմա մեր ուժերը մեկտեղել ենք, թիկունքս ամուր առաջ եմ քայլում: Կարծում եմ՝ հաջողակ մարդ եմ: Բացի հաջողակ լինելը, ես լավատես եմ, ամեն ինչի մեջ գունավորն եմ տեսնում, միշտ լավ բան եմ փնտրում, եթե ուրիշները բաժակը կիսով չափ դատարկ են տեսնում, ես նույն բաժակը կիսով չափ լիքն եմ տեսնում»:

Մոնիկա Նազարյանը պատմեց, թե ինչպես է Դավիթի տատիկը «մեղավոր» դարձել իրենց ամուսնության հարցում. «Դավիթի տատիկը միշտ լսում էր իմ երգերը, իրենց տանը միշտ հնչում էին դրանք: Երբ տատիկի ծննդյան 60-ամյակն էր, Դավիթը հարցնում է՝ ինչ նվեր անի, ինչ երգչի կուզենա հրավիրեն: Տատիկն ասում է՝ բալա ջան, պարզ չի՞, որ Մոնիկային: Դավիթը բարձրանում է իր սենյակ, տեսնի, թե ով է Մոնիկան: Երբ անակնկալը պատրաստում է, տատիկին չեն ասում, որ ես գալու եմ: Տեսագրությունը կա, թե ինչպես է տատիկը հուզվում անակնկալից, հաջորդ օրը ինձ հրավիրում են իրենց տուն: Սկսվում է մեր շփումը Դավիթի հետ, ու մենք հասկանում ենք, որ կարծես իրար համար ստեղծված լինենք: Երկու տարի է անցել, եւ ես վայրկյան անգամ չեմ փոշմանել, որ կյանքս կապել եմ Դավիթի հետ»:
Կրկին իր համերգներից խոսելով, երգչուհին ասում է, որ իր հանդիսատեսը սպասում է իր ձեւակերպմամբ՝ մեղրածոր երգերի, օրինակ՝ «Հով գիշեր, զով գիշեր», «Գտնեմ ճամփան» երգերին, աշուղ Աշոտի երգերին:

Երգչուհին ասաց նաեւ, որ միայն մի ցանկություն ունի՝ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով շատ հնչեն ժողովրդական երգեր, հատկապես հիմա բոլորն էլ գալիս են դեպի ակունքներ, անգամ էստրադային երգիչները սկսել են իրենց երգացանկերում ժողովրդական երգեր ներառել: Մոնիկա Նազարյանը հավելում է, որ ցանկացած երգ ընտրելիս հաշվի է առնում, որ այն ժողովրդական եւ աշուղական մոտիվներով լինի, քաղաքային ֆոլկլյորի նմուշներ կան, որոնք քիչ են կատարվել, մտադիր է դրանք եւս ներառել իր երգացանկում:
«Մեր աշուղների շատ ստեղծագործություններ կան, որոնք պետք է կատարվեն, օրինակ, իմ համերգին կատարել եմ աշուղ Աշոտի «Ինչ անեմ» երգը, որի ժամանակ դահլիճն ուղղակի պայթեց: Այժմ որոշել եմ այդ երգը պրեմիերայի տեսքով ներկայացնել: Այն համարյա չլսված երգ է, մեկ անգամ կատարել է Նորայր Մնացականյանը: Հիմա ես վերակենդանացնելու եմ նաեւ այդ երգը»,-նշեց Մոնիկա Նազարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031