Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մովսեսյան․ Ես հիշաչար չեմ, սակայն չարանում եմ՝ հիշելով նրանց տարիների, մեղմ ասած, վատությունները, քանի որ հիշողությունս լավն է․ «Ա1+»

Օգոստոս 04,2022 21:10

«Ա1+»-ի հիմնադիր նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ զրուցում ենք ներկայիս իրավիճակում ՀՀ քաղաքացու, լրատվամիջոցի առաջ ծառացած դժվարությունների, երկրի ապագայի մասին։

-Երեսուն տարի է արդեն «Ա1+»-ն ակտիվ աշխատում է։ Ավելի շատ լավն է այս տարիների ընթացքում եղել, թե՞ վատը։

-Դժվարանում եմ օբյեկտիվ գնահատել մեր անցած ճանապարհը։ Ես երջանիկ եմ զգացել, երբ 1991-1995 թվականների ծայրահեղ պայմաններում մեր թիմն անձնվիրաբար լծվեց գործին, և մենք համբերատար ու հետևողականորեն «ջարդեցինք» ընդհանուր «լավ»-ի մեջ թաքնված բացասականը։

Մեզ երջանկացնում էր մեր արած գործը եւ լավ էինք զգում, ու հավատում էինք, որ շուտով բոլորի համար է լավ լինելու։ Սակայն․․․ ամեն ինչ մեր ուզածի պես չընթացավ։ Հայաստանը «ցնցվեց», և առ այսօր շարունակում է կայուն կերպով ցնցվել բոլոր հարթություններով։ Այն փոքր լավից, որը կար սկզբում և ոգեշնչում էր, այժմ քիչ բան է մնացել, բայց ինձ համար այդ քիչն էլ դեռ հույս է թողնում սպասելու և վերջապես հասնելու մեր համընդհանուր կայուն «լավ»-ին։ Վերջին հաշվով ես ուրախ եմ, որ ապրում եմ իմ հայրենիքում, շրջապատված եմ սիրող, իսկական ընկերներով, հարազատներով, հավատարիմ գործընկերներով, ովքեր մշտապես էներգիա են տալիս ինձ ու «Ա1+»-ին։ Այս ամենի առկայությամբ նույնիսկ ամենավատը, ինչը շատ ենք ճաշակել, խամրում, անտեսվում է։ Սիրում եմ բոլորին։ Եվ հենց սա է այսօր իմ երկար սպասված ԼԱՎԸ, որը ծածկում է ամեն վատը։

-Իսկ Ձեր պատկերացմամբ՝ ո՞րն է, ինչպես Դուք եք նշում, «կայուն լիարժեք լավ»-ը։

-Ես, իհարկե, Դոն Կիխոտ չեմ, և ոչ էլ թունդ գաղափարով արբած կոմունիստ՝ տոգորված անիրականանալի լուսավոր ապագայով, բայց «կայուն լիարժեք լավ»-ն այն է, երբ հաճելի է դառնա գտնվել մարդկանց շրջապատում, երբ կլսեմ խելացի ու գործնական խոսակցություններ փողոցում, աշխատավայրում, տանը, այլ ոչ թե հերթական «ազգի փրկչի» հիստերիկ բարբաջանքը կամ խոհանոցային նյարդային վեճերը։

Երբ գիշեր ու ցերեկ կհպարտանամ մեր ղեկավարներով, այլ ոչ թե կամաչեմ, երբ ցանկություն կունենամ ավելի շատ և արդյունավետ աշխատելու, որպեսզի ավելի շատ հարկեր վճարեմ բյուջե, որը չի թալանվի երկրի այն ղեկավարների կողմից, ումով ես ուզում եմ հպարտանալ։ Երբ թոռնիկս կասի ինձ, թե որքան շատ և անկեղծ է սիրում իր Հայրենիքը, հավատում իր աշխատասեր և ազնիվ ժողովրդին և որքան անկեղծորեն է ուզում ծառայել հանուն այս ամենի, ահա այդ ժամանակ ես կասեմ, որ իմ վերջին երեսուն տարիները զուր չեն անցել՝ մի բուռ տխմարների ամբիցիայի համար սին պայքարում, և ողջ էներգիան ուղղված է եղել ոչ միայն ինքնադաստիարակման, այլև նոր սերնդի դաստիարակման ուղղությամբ։ Դե իզուր չէ, որ քսան տարի գրանցված եմ «անհաջողակների» սև ցուցակում։ Իզուր չէ, որ այդպես էլ չմտա «հաջողակ գործարարների» կամ «բարեկեցիկ խլուրդների» շարքերը։

-Դուք ապրել եք բուռն իրադարձություններով լի կյանք։ Դուք ձեր գործի մասնագետ եք։ Ի՞նչ եք կարծում, Ձեր կյանքը կայացե՞լ է, գո՞հ եք։ Ի՞նչ կցանկանայիք ջնջել Ձեր անցյալից, Ձեր հիշողությունից։

– Ջնջել իհարկե, անհնար է, քանի որ դա և՛ իմ կյանքն է, և՛ տեղ-տեղ իմ երկրի պատմությունը, բայց որպես բացասական օրինակ երբեմն պետք է ի ցույց դնել, որպեսզի հիշեն և փոխանցեն հաջորդ սերնդին։ Բայց կա մեկը, որին ուզում եմ ջնջել․․․ Ռոբերտ Քոչարյան, մեկն, ով հանդգնել է ձեռք բարձրացնել մեր գենի, մեր սովորույթների, մեր կենցաղի և պատմության վրա։ Ամբողջ կյանքում նրան ամեն ինչ քիչ է եղել՝ օդը, փողը, հավատը և նույնիսկ սերը։

Դե, չի ունեցել այդ մարդը հեծանիվ փոքր ժամանակ, չորս կողմից բոլորը խոստացել են, և այդպես էլ չեն տվել։ Եվ ահա երջանկություն՝ հայտնվել է իշխանության գագաթին։ Ամեն ինչ կարող է։ Հեծանիվի փոխարեն՝ ինքնաթիռ։ Երազանքների փոխարեն՝ իրապես հարստանալու հնարավորություն։ Սա շանս է, որը չի կարելի բաց թողնել։ Ախ, այդ քաղցր բառը՝ Իշխանություն։ Անսահման հնարավորություններ և անպատժելիություն։ Եվ ամեն բան միանգամից՝ փող, հավատ ու սեր։ Նա այդ մասին բարձրաձայն հայտարարեց։ Յուրայինների թիմը անմիջապես հավաքվեց։ Պարզվեց՝ շատերը մանուկ հասակում հեծանիվ չեն ունեցել։ Եկան և ծնկեցին նրա առաջ։ Մեկ անգամ ծնկելով ՝ տասը տարի մնացին իրենց համար «հարմար» այդ դիրքում։ Երկրում, վերջապես, հայտնվեց «միակ տղամարդը», ինչի մասին նա ինքը հայտարարեց, և բոլորը սկսեցին իրենց «կերակրողին» փայփայել, պահպանել ու մեծարել։ Հայաստանը ռեակտիվ արագությամբ «թռավ» միջնադար, ուր հարմարավետորեն բաժան-բաժան արվեց բդեշխների միջեւ։ Մնացածի մասով ամեն ինչ պարզ էր։

Չես ընկալում, ուրեմն մեզ հետ չես, անցիր մի կողմ ու մի խանգարի։ Մեզ հետ չես՝ ուրեմն անհաջողակ ես։ Այս պիտակը մեզ վրա էլ դրվեց՝ «Ա1+»-ի աշխատակազմի, որը սթափ գնահատեց իրավիճակի փոփոխությունը և թքեց փողոցային անլվա խաժամուժի էյֆորիայի վրա։ Սկսվեց, ինչպես նրանց էր թվում, Հայաստանի «վերածննդի» նոր դարաշրջանը։ Հառաջ կանաչ միջանցքով, և մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։ Մենք հիշում ենք ինչպես էր ընթանում մեր թիմից «խաղից» հեռացնելու գործընթացը՝ կոշտ, ամբարտավան, ցինիկորեն։ Հենց այդպես նա առաջին հերթին ինքն իրեն, ապա և մնացածին ապացուցեց, որ «տղամարդ» է։ Մնում էր ապացուցել, որ «միակ տղամարդն» է։ Սկսեց նրանից, որ ցինիկաբար արժեզրկեց այն ամենն, ինչը մեզ համար հպարտության առարկա էր ու կյանքի կանոն, և հայտարարություններով սահմանեց նոր, մեզ համար խորթ արժեքներ։ Իսկ կիսաճկված այրերն ուրախությունից կորցրին ոչ միայն ամոթը, այլև պատիվը։ Թալանի թողտվություն․ ահա ինչպես նրանք դա ընկալեցին, և ահա թե ինչ ստացվեց արդյունքում։ Պատերազմը տանուլ տալով՝ մենք պաշտպանեցինք իրենց թալանածը, իսկ իրենք, անմեղ «ձյունանուշիկի» շորեր հագած, այժմ մեղադրում են մեզ, ողջ ժողովրդին դավաճանության ու վախկոտության մեջ։ Ինչպիսի ճարպկություն։ Իրոք որ, դրա համար անհրաժեշտ է «տղամարդ» լինել և ցանկալի է՝ «միակը»։

Իմ կյանքը հաջողվել է, ես գոհ եմ, քանի որ այսօր կարող եմ այդ ամենի մասին խոսել, մինչդեռ բոլոր այդ «իսկական տղամարդիկ» այժմ ստիպված են թաքնվել խեղճ «ձյունանուշի» թափանցիկ շրջազգեստի տակ։ «Ա1+»-ի դեմ ճնշումների և զրկանքների քսան տարիները չտվեցին իրենց ցանկալի արդյունքը։

Հեռուստաընկերության ձեռագիրը 1991թ-ից առ այսօր մնացել է անփոփոխ։ Այլ կերպ է մեկնաբանվում իրենց կողմից, այլ կերպ գնահատվում, բայց մեր թիմի համար միեւնույն է։ Մեր ընկերությունն ունի իր դեմքը՝ անփոփոխ, անկրկնելի դեմքը, ինչն ուրախալի է և ուժ է տալիս պայքարելու այն արժեքների համար, որոնք կորցրինք քսան տարիների ընթացքում։

Գենետիկան փոխել, կամ ջնջել անկարելի է․ գոնե սա պետք է հասկանան հանրության թափթփուկները։ Այնպես որ այստեղ ես էլ ոչինչ ջնջել չեմ կարող։

Ես հիշաչար չեմ, սակայն չարանում եմ՝ հիշելով նրանց տարիների, մեղմ ասած, վատությունները, քանի որ հիշողությունս լավն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ա1+»–ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031