Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում գիրք վաճառելը նույնն է, ինչ Կենտրոնական Աֆրիկայում՝ դահուկը». Արմեն Մարտիրոսյան

Օգոստոս 24,2022 23:20

«Մխիթարյան միաբանությունը 305 տարվա ընթացքում ստեղծել է շուրջ 300 անուն գիրք, մինչդեռ Հայաստանի առնվազն 4 հրատարակչություններից յուրաքանչյուրը՝ դրա կրկնապատիկը կամ եռապատիկը: Բայց այսօր այդ հրատարակչություններին դրել են ծանր վիճակի մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: «Ամբողջ աշխարհում առանց բացառության՝ Գերմանիա, Լեհաստան, Բուրկինա Ֆասո, Ռուանդա, Գվատեմալա, անգամ Հյուսիս Կորեական Հանրապետություն, պետությունն է հրատարակիչների հիմնական պատվիրատուն: Առաջին պատվերը հրատարակիչը ստանում է գրադարաններից ու ամենափոքր երկրում դա կազմում է 1000-2000 գիրք: Պետությունն է հիմնական պատվիրատուն հրատարակչի առաջին տպաքանակի»,-ասում է Մարտիրոսյանը:

Հավելում է, որ բեսթսելերների հաշվին հրատարակիչները տպագրում են մնացած՝ «ոչ բեսթսելեր» գրքերը. «Հայաստանում մինչեւ հիմա բեսթսելեր է եղել միայն Սվո Ռաֆի մասին գիրքը, անգամ Նիկոլ Փաշինյանի գիրքը աշխարհի պարամետերով բեսթսելեր չի համարվում: Հրատարակիչը բեսթսելերի հաշվին է կարողանում նոր անուններ հրատարակել: Շատ հրատարակիչներ հեղինակին ասում են՝ ճիշտ կլինի այս թեման արծարծես, այսօր հրատարակիչը նաեւ ընթերցողների հետ է խոսում, ճշտում է՝ ինչի կարիք ունեն, ինչ գրականություն են սիրում, ինչ թեմաներ կան, որոնց վերաբերյալ երկրում դիսկուրս չկա, ինչպես անել, որ այդ դիսկուրսը ստեղծվի»:

Արմեն Մարտիրոսյանն ընդգծում է, որպեսզի տարիներ անց հանրային դիսկուրս ծավալվի հանրային համաձայնագրի շուրջ, այսօր է հրատարակիչը թարգմանում այդ թեմայի շուրջ մեծերի մտքերը , այդ թվում՝ Արիստոտելի, Ժան Ժակ Ռուսոյի, Ջոն Լոկի, Թոմաս Հոբսի, Կանտի, Մաքս Վեբերի, որպեսզի, նրա խոսքով, մի քանի հազար մարդ կարդա, ու սրանից մի քսան տարի անց ինչ-որ դիսկուրսի հնարավորություն ստեղծվի:

«Անտարեսի» տնօրենը պարադոքսալ է համարում այն, որ Հայաստանում կա 5 հրատարակչություն, որոնք տարեկան ավելի քան տասը անուն գիրք են հրատարակում, բայց դասագիրք հրատարակող հրատարակչությունները, չգիտես ինչու 10-ն են. «Դասագրքի հրատարակիչներ կարող են լինել 5-ից 4-ը, 5-ից 3-ը, 5-ից 2-ը, բայց ոչ 5-ից 10-ը, աշխարհում չկա նման բան: Հայաստանը այդ առումով աբսուրդի երկիր է… Ու անգամ այս պայմաններում մեր պետության պատասխանատուներն ասում են, թե շուկան ազատական չէ, մինչդեռ շուկան հիպերազատական է: Համեմատության համար նշեմ, որ Գերմանիայում ընդամենը 4 հրատարակչություն է դասագիրք հրատարակում: Առնվազն 22 անուն դասագիրք պատրաստել ենք եւ մրցույթում պարտվել…Պատահել է ընդամենը մեկ դրամով մեր դասագիրքը զիջել է մրցակցի դասագրքին, եղել է մեկ դեպք, որ մեկ դրամ տարբերությամբ մենք հաղթել ենք շատ խոշոր խաղացողի»: Արմեն Մարտիրոսյանը փաստում է, որ 32 տարի շարունակ պետությունը չի կատարել գրադարանները համարելու իր պարտականությունները, Հայաստանում ամեն տարի լույս է տեսնում 2000 անուն գիրք, սակայն պետությունն ընդամենը 40 գրքի փող է տվել միայն մարզային գրադարաններին, 1960 գրքինը չի տվել. «Ստացվում է 32 տարում 64000 գրքից մոտ 63000 գիրք չի մատակարարել գրադարաններին, մինչդեռ պետությունը պետք է մտածի իր քաղաքացու մասին, գոնե այն քաղաքացու, որը գիրք ընթերցել գիտի»:

«Անտարեսի» տնօրենն ասում է, որ կրթության այսօրվա վիճակն էլ այդ ամենով է պայմանավորված, որովհետեւ բոլոր երկրներում ապագա էլիտան սնվում է գրքերով, ոչ թե դասախոսություններով կամ ուսուցչի ասածներով: Իսկ Հայաստանում, նրա խոսքով, պետությունն արել է ամեն բան, որ խոչընդոտներ լինեն շուկայում, ու գուցե միտումնավոր չի արել գոնե մինչեւ 2012-2013թթ: «Երբ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ պատասխանատուներին ասում էինք՝ գրադարանները համալրելու մասին, ասում էին՝ երկարատեւ խնդիր եք վերցրել, մենք արագ լուծումներ ենք ուզում, ու այդպես արագ լուծումներ փնտրելով՝ հայտնվեցինք կոտրած տաշտակի առաջ…Լավ է, որ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ Երեւանի բոլոր գրադարանների համար 20 միլիոն դրամի գիրք է գնվել, քաղաքապետն ասում ՝ մյուս տարի այդ թիվը հնգապատկվելու է, անգամ երկու նոր օրինակելի գրադարան պետք է կառուցվի»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նախարարությունը ցանկանում է դասագրքաստեղծ պրոցեսը կիսել երկու մասի. «Հրատարակիչը միտք տալուց, ընթերցողի հետ կապը պահելուց սկսած՝ ամբողջ գործընթացն ինքն է անում, փողը ինքն է ճարում, ինքն էլ պատասխանատուն է, կինոյի պրոդյուսերի նման է: Եթե դասագրքաստեղծ պրոցեսը կիսում են, դա նույնն է, որ կինոպրոդյուսերը կամ ռեժիսորը չմասնակցի դերասանների ընտրությանը կամ ինքը չորոշի, թե ինչ ժապավենի վրա պետք է նկարվի կինոն: Այդպես էլ, երբ դու տպարանին չես տիրապետում, ու գործընթացը կիսում են, որպես հրատարակիչ ստիպված ես լինելու քո ամբողջ գաղտնիքները, որը քո թիմը ստեղծել է տարիներ շարունակ, ու դրանք շուկայում քո առավելություն են, սիրուն փաթեթավորած տալ քո մրցակցին: Այսինքն, այս պրոյեկտը գրել են մարդիկ, որոնք մեկ րոպե անգամ բիզնեսի մեջ չեն եղել ու բիզնեսմենի հետ չեն խոսել:

Ի դեպ, Հայաստանում թղթի վրա գրած հրատարակիչների թիվը հաստատ 500-ից ավել է, որովհետեւ հենց մշակույթի նախարարությունը հայտարարում է որեւէ դրամաշնորհի մասին, անմիջապես մշակույթի նախարարության աշխատակիցների բարեկամները հանկարծ հիշում են, որ իրենք տաղանդավոր հրատարակիչներ են: Ու սա քանդել է իսկական հրատարակչի տունը: Բացի դրանից իշխանությունները տարիներ շարունակ 100-ավոր միլիոն դրամներ տվել են միջակ մտավորականների, որպեսզի իրենց չքննադատեն, միշտ իշխանությունը օգտագործել է այդ փողը, որ մտավորականին իրենով անի: Դրա համար էլ, ցավոք, Հայաստանում գիրք վաճառելը նույնն է, ինչ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ՝ դահուկ վաճառելը: Ես ուսումնասիրել եմ, այնտեղ կան հատուկ սրահներ կան, որտեղ մի 30 հոգի դահուկ է գնում եւ քշում արհեստական ձյան վրա: Ընդամենը 12 տարի առաջ Հայաստանում մեկ անուն գրքից տարվա մեջ վաճառվում էր 10 օրինակ, իսկ Աֆրիկայում նույն ժամանակահատվածում՝ 30 դահուկ: Սա հանրության դիագնոզն է: Մեր հանրության ընդամենը մեկ տոկոսն է մտնում գրախանութ, 1,5 տոկոսն է գրադարան մտնում, իսկ գրադարանավարները, չգիտես ինչի համար, ընթերցողների կեղծ թիվ են ներկայացնում ղեկավար կառույցին»:

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ հրատարակիչները օրերս քննարկումներ են ունեցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ու նրա թիմի հետ, քննարկմանը մասնակցել են նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը: Բանակցել են չորս ժամ, հասել նրան, որ իրենք եւս աշխատեն նախագծի վրա, որը կներկայացնեն նախարարությանը: «Հիացած ենք Վահրամ Դումանյանի մոտեցմամբ․ ռացիոնալ, սթափ դատող, թացը չորից հստակ տարբերող անձնավորություն է: Առաջարկել ենք մի մոդել, որը կփարատի նախարարության մտահոգությունները, նաեւ դասագրքի փուլերն իրարից չեն տարանջատվի, եւ հրատարակիչը կկարողանա վերահսկել տպագրության կտորը: Թե ինչ կլինի հետո, չգիտենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031