Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն պետք է հնչեղ ուղերձ հղի, որ Ադրբեջանի նման բացահայտ ռազմատենչությունը թանկ է արժենալու». Ադամ Շիֆ

Սեպտեմբեր 15,2022 15:33

Ս.թ. սեպտեմբերի 14-ին կոնգրեսական Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության հետ մեկտեղ, առաջնորդեց մի երկկուսակցական օրինագիծ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի վրա առանց դրդապատճառի ռազմական հարձակումները: Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևում կոչ է արվում «անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադար» և «անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները», հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Մենք ողջունում ենք հանձնախմբի նախագահ Շիֆին՝ հանձնախմբի ղեկավարության հետ միասին, այս ճիշտ ժամանակին կազմված բանաձևը ներկայացնելու համար, որով կոչ է արվում դադարեցնել բոլոր օգնությունների տրամադրումն Ադրբեջանին»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Ադրբեջանի սարսափելի հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ խարխլում են ԱՄՆ-ի և միջազգային ջանքերը՝ հակամարտությունը խաղաղ լուծում գտնելու համար և հանդիսանում են քրիստոնեական դարավոր ներկայությունը վերացնելու Ադրբեջանի փորձերի շարունակությունը»:

Կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա), Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Դեյվիդ Վալադեոյի (Հանրապետական, Կալիֆորնիա) հայտարարության մեջ ասված է. «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումներն ինքնիշխան Հայաստանի տարածքում։ Ադրբեջանական բռնության այս սարսափելի էսկալացիան ցույց է տալիս, թե որքան համարձակ է դարձել Ալիևի ռեժիմը, երբ դրա կողմից առանց դրդապատճառի հարձակումներին միջազգային հանրությունն արձագանքում է խլացնող լռությամբ և կեղծ երկիմաստ հայտարարություններով՝ հզորացնելով Ադրբեջանին իր հարձակումները շարունակելու և ընդլայնելու համար: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին և Պետքարտուղարությանը միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել բոլոր օգնությունների տրամադրումն Ալիևի ռեժիմին։ Եվ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությանը ու խաղաղության և ազատության իրավունքին»:

Բանաձևում ընդգծվում է 2022թ.-ի սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից «առանց դրդապատճառի հարձակումը ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա»՝ ինտենսիվ հրետակոծություններով և անօդաչու թռչող սարքերով հարձակումներով Հայաստանի Վարդենիս, Ջերմուկ, Գորիս և Տաթև բնակավայրերի, ինչպես նաև Արցախի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի վրա, ինչը հանգեցրեց առնվազն 49 զինվորների մահվան և քաղաքացիական անձանց վիրավորման։

«Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը և իրենցից ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի ավելի մեծ էսկալացիա, որն առանց թուլանալու շարունակվել է 2020թ.-ի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից ի վեր»,– հայտարարվում է բանաձևում։

Բանաձևում ընդգծվեց նաև Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու համար Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի շարունակական կասեցումը դադարեցնելու կարևորությունը՝ ընդգծելով Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցի վերջերս արված հրապարակումը, որը հաստատում է, որ Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը «ձախողեցին կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ-ի աջակցության ազդեցության մասին Կոնգրեսին ներկայացվող հաշվետվության օրենքով սահմանված պահանջները»:

Բանաձևում ընդգծվում է, որ «Կովկասի տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և ժողովրդավարությունը բխում են Միացյալ Նահանգների քաղաքական, անվտանգային և տնտեսական շահերից և միջազգային մտահոգության հարցեր են» և կոչ է արվում «անմիջապես դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր տեսակի աջակցությունը՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի, ինչպես նաև վարչակազմը պետք է հստակեցնի նախագահ Ալիևին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ միջոցների կիրառման»:

Ներկայացուցիչների պալատը «հաստատակամորեն աջակցում է մեր ժողովրդավարական գործընկեր Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ու դեմ է Ադրբեջանի ռազմական ագրեսիային և միջազգային օրենքների ու նորմերի բացահայտ խախտումներին»։

Ադրբեջանի կողմից հակամարտության վերջին էսկալացիան բռնապետական ռեժիմի ագրեսիվ ռազմական հարձակումների շարունակությունն է, հատկապես 2020թ.-ի սեպտեմբերին սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը առանց դրդապատճառի, լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի վրա, որի հետևանքով զոհվեցին հազարավոր քաղաքացիական անձինք ու զինվորներ, հազարավոր խաղաղ բնակիչներ տեղահանվեցին և շարունակվում է հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը։

Բանաձևը կազմվեց անմիջապես Կոնգրեսի առաջնորդների հայտարարություններից հետո, ներառյալ՝ կոնգրեսական Շիֆի հայտարարությունը, որով նա իր «խորին մտահոգությունն» էր հայտնում, որ Ադրբեջանը հարձակվում է Արցախի գյուղերի վրա, ինչն ուղղակիորեն խախտում է Հայաստանի հետ Ադրբեջանի հրադադարի մասին համաձայնությունը, և Հայաստանի սահմանամերձ քաղաքների վրա, որոնք «վիճելի տարածքներ չեն» և հստակորեն «միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ և տարածքներ են»։

«Դա ուղղակի հարձակում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, և ադրբեջանական բռնության ևս մեկ սարսափելի էսկալացիա է, որը կործանում է հայ ժողովրդին վերջին երկու տարիների ընթացքում»,– հայտարարեց պատգամավոր Շիֆը, ով ընդգծեց, որ նախագահ Ալիևի ագրեսիան միշտ եղել է սանձարձակ և որևէ արձագանք չի ստացել:

«(ԱՄՆ-ն) պետք է հնչեղ ուղերձ հղի, որ նման բացահայտ ռազմատենչությունը թանկ է արժենալու: Մինչև մենք դա չանենք, Ադրբեջանը կշարունակի ահաբեկել Հայաստանի և Արցախի ժողովրդին, մինչև իր ամենասարսափելի նպատակներին հասնելը»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930