Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմը քաղցկեղ է»․ լույս է տեսել «Արմեն» կինովիպակը

Հոկտեմբեր 10,2022 23:10

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է Նարեկ Մանուչարյանի «Արմեն» կինովիպակի շնորհանդեսը, որը վարում էր դերասան Ավետ Զոհրաբյանը։  «Արմեն» կինովիպակն Արցախյան հերոսամարտերում գտած ու կորցրած սերերի մասին է, սիրելիի սրտում հավերժ ապրելու ու մահվան շեմին անգամ անմնացորդ սիրահարվելու։

Գրքի խմբագիրը՝ արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ այս վիպակի առավելությունն այն է, որ Նարեկը ոչ միայն գծագրում է այդ քաղցկեղի բնորոշումն ու պատմում դրա վտանգավորության մասին, այլ տալիս է այդ ախտը հաղթահարելու ամենաբանաձևը՝ սերը։

«Նրա հերոսներն, անկախ իրենց բնագծերից ու մարդկային որակներից, ունեն մեկ ընդհանրություն՝ նրանք սիրել կարողացող մարդիկ են, և յուրաքանչյուրն իր հարթության ու հարաբերությունների մեջ սեփական կռիվը սիրով է պսակում։

Հեղինակի ռեժիսորի մասնագիտությունն օգնել է նրան դետալային կերպով, խոշորացույցի տակ տեսնել դեպքերը, մարդկանց ներաշխարհը, նույնիսկ՝ արտաքին միջավայրը։ Այստեղ յուրաքանչյուր նկարագրություն ունի հստակ նպատակ ու հստակ ասելիք,-ասաց նա, շարունակելով,-Վիպակը խմբագրելու և սրբագրելու պատիվն ինձ էր տրված, և ինձ համար, իսկապես, հաճելի էր համագործակցության նման ձևաչափը։

Հավատացեք՝ այս գիրքը վաստակել է ձեր պահարաններում հայտնվելու իրավունքը։

Սա իմ, քո, բոլորիս ապրումների համագումարն է՝ գրի լույսի ներքո։

Համատարած խավարում, լինելով խավարի մասին, սա ապագայում հրդեհ բռնկելու կարողությամբ մի մոմ է, որ իր հոգու խորքից վառել է Նարեկը։ Միանա՛նք այս մոմավառությանը»,-հավելել է Արմինե Բոյաջյանը։

Իսկ գրքի հեղինակ Նարեկ Մանուչարյանի խոսքով՝ պատերազմների հետևանքները չարորակ քաղցկեղի են նման, որը ներսից հոշոտում է կինովիպակի հերոսներին, ապագայի մասին մոռացնել տալիս ու սպանում։ «Մարդիկ պատերազմներում կորցնում են ամենը, բացի ներսում ապրող սիրուց, որի համար քաղցկեղներ գոյություն չունեն…»,-ասաց Նարեկ Մանուչարյանը։

«Ղիշա» հրատարակչության տնօրեն Վովա Արզումանյանն իր խոսքում ընդգծեց, որ գրականությունը միակ արվեստն է, որն ամենաարագն է իրականությունը տանում  գեղարվեստական դաշտ։ Ապա` խոսեց գրքում տեղ գտած հինգ բարբառների մասին։ «Բարբառները, միանշանակ, քաղցրություն և շունչ են հաղորդում տողերին»,-ասաց Վովա Արզումանյանը։

Կինովիպակից հատվածներ ընթերցեցին մի խումբ դերասաններ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31