Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան արտահանումների զգալի մասը հոսում է դեպի ռուսական շուկաներ․ 80-ից ավելի ռուսաստանյան բիզնես կազմակերպություններ և ներդրողներ են հետաքրքրվել հայկական շուկայով

Հոկտեմբեր 11,2022 14:46

Մոսկվայում տեղի ունեցավ «Հայաստան-Ռուսաստան գործարար կապերի հեռանկարները» հանդիպում, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ: Քննարկումն անցկացվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության, «Ռուսաստանյան փորձագիտական կենտրոնի» և Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գործող «Արմենիա» տաղավարի գործուն մասնակցությամբ:

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի առաջնային խնդիրների թվում Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարության խթանումն է, որը իրականացվում է երկրի ներդրումային ներուժը նաև օտարերկրյա բիզնես միջավայրում գրավիչ ու ըստ պատշաճի ներկայացնելու միջոցով: Հիմնադրամը, ըստ էության, հանդես է գալիս, որպես կապող օղակ Հայաստանի Հանրապետության կառավարության և գործարար համայնքի միջև:

Միջոցառմանը ներկա ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր ծավալուն ելույթում մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ կառավարության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական ծրագրերը, որոնք, ըստ մասնագետների, բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծել՝ Հայաստանում ոչ այնքան ակտիվ զարգացող այդ ոլորտում ներդրումներ կատարելու համար:

Գործարարների համար, մասնավորապես գրավիչ կարող է ներկայանալ խաղողի մշակման ոլորտում ներդրումներ կատարելը, քանզի հայկական գինեգործությունը վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրել:

Ըստ փոխնախարար Խոջոյանի, ներկայումս գինեգործության ոլորտում խոշոր քանակի միջազգային ներդրումների հոսք կա և քարքարոտ ու անմշակ մնացած բազմաթիվ անծայրածիր մշակահողեր, այսօր ի գործ են դրվել՝ խթանելով գինեգործության զարգացումը երկրում: Բանախոսի խոսքերով, բացի խաղողահումքից արտադրվող գինուց, Հայաստանում արտադրում և առավել մեծ քանակությամբ միջազգային շուկաներ է արտահանվում մրգահումքից քամված գինի, որը մեծ պահանջարկ է վայելում օտարերկրյա սպառողի մոտ:

«Կարծում եմ, այսօրվա միջոցառումը կարևոր քայլ է փորձի և անհրաժեշտ ինֆորմացիայի փոխանակման առումով: Մենք ներկայացրեցինք ՀՀ կառավարության ծրագրերը՝ տնտեսական ներդրումային քաղաքականության ոլորտին առնչվող, ռուսաստանցի գործընկերներն ընդառաջ՝ խոսեցին իրենց նախագծերի մասին: Հուսով եմ, մենք փոխըմբռնում ունենք այս միջավայրում, որը կբերի տնտեսական ակտիվության բարձրացման: Ես մասնավորապես ներկայացրեցի գյուղատնտեսական ոլորտին առնչվող պետական աջակցության ծրագրերը, որոնք գրավիչ են օտարերկրյա ներդրողի համար՝ սկսած անասնաբուծության բնագավառից, որտեղ խոշոր ներդրման պարագայում պետությունը երաշխավորում է մոտ քառասուն տոկոսի չափով կապիտալ ծախսերի փոխհատուցում, վերջացրած ինտենսիվ այգեգործության ոլորտով, որտեղ անմշակ մնացած վարելահողերը պտղաբեր այգիների վերածելու նախագիծը մեծ թափով զարգացում է ապրում»,- «Առավոտի» հետ զրույցում փաստեց Արման Խոջոյանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկեղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ վարչության պետ Յուլիա Նեստերչուկը հավաստիացրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները առավել քան հուսալի են, քանզի վիճակագրությունն է փաստում, որ հայաստանյան արտահանումների զգալի մասը հոսում է դեպի ռուսական շուկաներ, իսկ Հայաստանում, ի դեպ, երկու հազարից ավել ռուսական ընկերություն կա գրանցված, որոնք ներդրումներ են կատարել և զարգացնում են գործարար կապերը՝ երկու երկրների միջև:

«Ընթացող տարվա մեջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից համատեղ մշակել և իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ տնտեսության ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և հավասարակշռություն պահպանելու նպատակով: Այդ ուղղությամբ կարևոր քայլ ենք համարում փորձի փոխանակումը, այսինքն՝ ուսումնասիրում ենք յուրաքանչյուր երկրի տնտեսական քաղաքականությանը հատուկ դրական գործառույթները, որոնք ներդրվել են ոլորտի զարգացմանն ի նպաստ և աշխատում ենք կիրառել այն այլ երկրների տնտեսական կենսունակությունը բարձրացնելու մեջ: Օրինակ, ընկերությունների գրանցումը Հայաստանում տեղի է ունենում անհապաղ և առանց քաշքշուկի: Դա համարում ենք դրական փորձ և այդ առումով սովորելու բան ունենք մեզ մոտ: Հաջորդ դրական քայլը, որ տեղի է ունեցել այս տարվա մեջ մեր երկրների փոխգործակցության արդյունքում, «Ռազմավարական զարգացումների կենտրոնի» հիմնումն է Հայաստանում, որը համատեղ պետական նախագիծ է: Հույս ունենք, որ այն կնպաստի ընդհանուր ներդրումային դաշտը ավելի թափանցիկ և գրավիչ դարձնելուն»,- եզրափակում է Յուլիա Նեստերչուկը:

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ռուսաստանյան գործընկերների հետ հիմնադրամի համագործակցությունը բավականին արդյունավետ է: Դեռ անցած տարի Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած տնտեսական ֆորումի շրջանակներում հուշագրեր են ստորագրվել «Ռուսական փորձագիտական կենտրոնի» հետ, ինչպես նաև «Ռուսաստանի պետական զարգացման կորպորացիայի» (ВЭБ.РФ) հետ, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնելու կապերը արտաքին բիզնես միջավայրի հետ: Հարցին, թե հիմնադրամի գործունեության արդյունքում, ինչպիսի՞ խոշոր ընկերություններ կամ ներդրողներ են ներթափանցել հայկական տնտեսական հարթակ, պարոն Օհանեսյանն անուններ տալ չցանկացավ, նշելով միայն, որ ՀՀ կառավարության մշակած ծրագրերը՝ ոլորտի խթանմանն ուղղված, բավականին բարենպաստ են դարձրել ներդրումային դաշտը:

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Ալինա Եղիազարյանն իր հերթին հավաստիացրեց, որ անցնող տարվա ընթացքում բավականին մեծ քանակությամբ՝ 80-ից ավելի ռուսաստանյան բիզնես կազմակերպություններ և ներդրողներ են հետաքրքրվել հայկական շուկայով, որոնց զգալի մասը գրանցվել է որպես իրավաբանական սուբյեկտ և արդեն իրականացնում է գործունեություն: Ըստ մեր զրուցակցի, բոլոր այն ընկերություններին և անհատներին, որոնք դիմել են, հիմնադրամը որակյալ և ընդգրկուն խորհրդատվությամբ է ապահովվել՝ օգնելով նաև գրանցման ու փաստաթղթային այլ հարցերով:

Ամփոփելով հանդիպումը՝ Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գործող «Արմենիա» տաղավարի տնօրեն Արտյոմ Մուսաելյանը հավաստիացրեց, որ «Արմենիա» տաղավարը այն հարթակն է, որը կարող է կապող կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքների միջև՝ նպաստելով նաև երկու երկրների տնտեսական քաղաքականության ոլորտում իրականացվող կարևորագույն նախագծերի իրականացմանը, քանզի վերջին երկու տարում տաղավարում կատարվել են խոշորամասշտաբ վերանորոգման աշխատանքներ, ստեղծվել են համապատասխան դահլիճներ ու հարթակներ՝ տարատեսակ միջոցառումներ անցկացնելու համար, ինչպես նաև, արմատական վերափոխման է ենթարկվել «Արմենիայի» բովանդակային համատեքստը՝ հարթակը առևտրա-ցուցահանդեսային լինելուց զատ, վերածվել է Հայաստանի մշակութային և տուրիստական ներուժը լայն լսարանին ներկայացնող կենտրոնի:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31