Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն իր համախոհությունն է հայտնել Իլհամ Ալիևին

Հոկտեմբեր 15,2022 23:23

2022 թ. հոկտեմբերի 14-ին ելույթ ունենալով Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում՝ Նիկոլ Փաշինյանը չի խոսել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Անարդարացիորեն և անիրավացիորեն Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել առ այն, որ՝

• ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ, և այն պետք է կարգավորվի համակարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների այն է՝ ազգերի ինքնորոշման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության, վրա:

• Արցախի հայությունն իրացրել է միջազգային իրավական ակտերով և ԽՍՀՄ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքով սահմանված ինքնորոշման իր իրավունքը և այն պետք է ստանա միջազգային ճանաչում:

• 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում), օկուպացրել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:

• 2022թ. մարտի 24-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում), օկուպացրել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, գյուղի շրջակայքը, Քարագլուխ նախկին բնակավայրը, համանուն բարձունքը և հարակից տարածքները, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խոսել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին՝ կարող ենք արձանագրել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հակամարտությունը կարելի է համարել կարգավորված: Չխոսելով ադրբեջանաարցախյան հակամարտության չկարգավորված լինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իր համախոհությունն է հայտնել օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի՝ վերոհիշյալ նիստում հնչեցրած հետևյալ պնդումներին. «Ղարաբաղը Ադրբեջան է: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման որևէ տարընթերցում չի առաջացրել քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումն իր էությամբ հակաարցախյան մոտեցում է և կատարելապես հակասում է Արցախի ամբողջ, իսկ Հայաստանի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային, պետական շահերին: Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում ապրող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ քաղաքական բոլոր մեթոդներով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապրող հայության համար:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31