Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլևս այդպիսի հանրահավաքի իմաստը չեմ տեսնում․ մինչև հանրահավաքի գնալը տնային լուրջ աշխատանք պիտի անել»․ Սաթիկ Սեյրանյան

Նոյեմբեր 07,2022 17:45

«Ես սպասում չունեի, թե հանրահավաքը, որը տեղի ունեցավ, ինչ-որ բան փոխելու է»,- «Հայկական օրակարգ. շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նա ցավով նշեց՝ արդեն երկար ժամանակ ոչինչ չի փոխվում, մինչդեռ հասարակությունը պատրաստ է, տեղյակ, մեդիա դաշտի ներկայացուցիչներն իրենց հարթակներն օգտագործում են, խոսում այդ խնդիրների մասին։

Սաթիկ Սեյրանյանն ահազանգեց` հսկայական գումարներ են դրվել իշխանամերձ շրջանակին սպասարկող մեդիառեսուրսների վրա։ Այնուհետև պարզաբանեց․ «Միայն պատասխանատու մեդիաների մասին չէ խոսքը, որոնք ունեն խմբագրակազմ։ Հսկայական ռեսուրսներ են ծախսում ինտերնետ տարածքում՝ ֆեյսբուքյան ֆեյքերից, կեղծ էջերից մինչև յութուբյան էջեր և կայքեր։ Դա նշանակում է, որ իշխանությունը հասկանում է՝ իրենք խնդիրներ ունեն։ Իշխանության ներսում կա որոշակի ցայտնոտ, լուրջ խնդիր, որոշ շրջանակներ իշխանության ներսում տեսնում են, որ որոշ մարդիկ իշխանական կերակրատաշտից ավելի շատ են օգտվում, քան իրենք։ Խմորումներ կան։ Դրանով եմ նաև պատճառաբանում, որ Նիկոլ Փաշինյանը նորից վերցրեց կուսակցությունն իր ձեռքը»։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի համոզմամբ՝ միավորվելու կարիք կա․ «Ի հակադրություն այս անպատասխանատու իշխանությունների՝ թուղթ ու գրիչներով ամենօրյա տնային աշխատանք անելու ժամանակ կա։ Այս իրավիճակից ելքը պետք է լինի հարգանքի արժանի իշխանություն, վստահելի իշխանություն, ազգային անվտանգություն, ուժեղ բանակ։ Բայց Հայաստանն ամեն օր թուլացվում է։ Հետևաբար ինչ-որ հատվածում մենք պետք է նպաստենք, որ ամրանա, պնդանա և ցաքուցրիվ այդ ռեսուրսները մսխվեն։ Դրանից օգտվում է իշխանությունը։ Պետք է միավորվել բոլոր կարող ուժերով։ Պետք չէ նայել՝ իշխանությունն ինչ է անում, պետք է կենտրոնանալ անելիքների վրա»։

Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ մարդիկ հոգնել են հանրահավաքներից։ Այս առիթով մանրամասնեց․ «Մինչև հանրահավաքի գնալը տնային լուրջ աշխատանք պիտի անել։ Մասնագիտական խմբերով աշխատանք պիտի արվի, որովհետև այսօր բոլորն ասում են՝ պետք է թիմ, անձնազոհ լիդեր, մարդ, որը կվերցնի պատասխանատվությունը։ Այլևս այդպիսի հանրահավաքի իմաստը ես չեմ տեսնում, մինչև ամբողջովին պատրաստ չլինեն, տնային աշխատանք չկատարվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930