Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն VI-ը՝ ֆրանսիական թագավորների կողքին, հանցավոր Սեն Դենին ու սուր զգացողությունները

Նոյեմբեր 09,2022 12:30

Կիլիկիայի վերջին թագավորի գերեզմանաքարին ֆրանսերենով գրված է, որ նա ազնվաբարո եւ հիասքանչ արքայազն է, Լատինական Հայաստանի թագավորը:

Փարիզի հյուսիսային արվարձան Սեն Դենիում է գտվում նաեւ Կիլիկիայի վերջին թագավոր Լեւոն VI-ի գերեզմանաքարը, որի վրա գրված է. «Այստեղ հանգչում է ազնվաբարո եւ հիասքանչ արքայազն Լեւոն դ Լուսինյան Զ-ն, Լատինական Հայաստանի թագավորը, որը մահացել է Փարիզում 1399 թվականի նոյեմբերի 29-րդ օրհնյալ օրը։ Աղոթեք նրա համար»:

Լեւոն VI-ի գերեզմանաքար

Լեւոն Զ-ն կյանքի վերջին տարիներին ապրել է Փարիզի Սենտ-Օուեն պալատում, որը նրան 1384 թ. հատկացրել էր Ֆրանսիայի Շառլ Vl թագավորը։

Նախկինում հայոց թագավորի աճյունը այլ գերեզմանոցում էր ամփոփված, սակայն այն Ֆրանսիական հեղափոխության ժամանակ պղծվել է:


Ավելի ուշ Լեւոն Զ-ի գերեզմանաքարը տեղափոխվել է 1137-1144 թվականներին Սեն Դենիում կառուցված գոթական ոճով եկեղեցի (Basilique Saint-Denis):

Վերջինս ծառայում է իբրեւ Ֆրանսիական թագավորների գերեզմանատուն:

Սեն Դենիի բազիլիկը

Այստեղ թաղված են 35 ֆրանսիական թագավորներ ու թագուհիներ, ավելի քան 100 արքայազներ, արքայադուստրեր եւ հոգեւորականներ: Ի թիվս այլոց, այստեղ են ամփոփված նաեւ գլխատված Լյուդովիկոս XVl-ի եւ նրա տիկնոջ՝ Մարիա Անտուանետայի աճյունները:


Նշենք, որ Սեն Դենիի բազիլիկը համարվում է միջնադարյան Ֆրանսիայի ամենագլխավոր եկեղեցին եւ տեղի գոթական ճարտարապետության մարգարիտը:

Այն այսօր էլ ամենաայցելված վայրերից է:


Բացի այս փառահեղ տաճարից, Սեն Դենին հայտնի է նաեւ իր Stade de France սպորտային համալիրով, որը նախատեսված է 80 հազար հանդիսատեսի համար: Սեն Դենիում հյուրանոցներն ու սրճարանները անհամեմատ մատչելի են, այլ հարց է, որ զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այստեղ ապրել, իսկ երեկոյան ժամերին փողոցում երեւալը վտանգավոր է, քանի որ հանցավորությունը բարձր մակարդակի վրա է:

Այստեղ հիմնականում բնակվում են Մերձավոր Արեւելքի, աֆրիկյան, ասիական երկրների բնակիչները: Որոշ փողոցներում կարելի է հանդիպել մարմնավաճառների՝ իրենց սուտենյորներով, հայտնի ապրանքանիշերի կեղծված նմուշների վաճառողների: Ամենուր «վխտում» են նաեւ թմրամիջոցներ վաճառողները:

Չնայած նկարագրվածին՝ Ֆրանսիա այցելած ամեն զբոսաշրջիկ ցանկանում է լինել Փարիզից շուրջ 10 կմ հեռավորության վրա գտնվող Սեն Դենիում՝ սուր զգացողությունների կարիք բոլորն ունեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Փարիզ-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
08.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930