Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Զատուլին. Մենք Հայաստանի ԱԺ պատգամավորներից եւ ոչ մեկի մուտքը ՌԴ չենք արգելել՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կարծիքներ են արտահայտում. «Հրապարակ»

Նոյեմբեր 11,2022 10:22

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր խորհրդարանում ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը։ Կոնստանտին Զատուլինն այս կոմիտեի նախագահն է, նրան հարցրինք՝ տարօրինակ չէ՞ այն, որ երբ իր մուտքն արգելում են, իր տեղակալը գալիս է Հայաստան, հանդիպում այն խորհրդարանի ղեկավարին, որն արգելել է իր մուտքը։

«Այս օրերին քննարկումներ են ընթանում երկու երկրների խորհրդարանների մասնագիտական կոմիտեների միջեւ։ Այդ հանդիպումը համաձայնեցված է եղել դեռ սեպտեմբեր ամսին, այսինքն՝ այս բոլոր իրադարձություններից առաջ։ Իմ կոլեգայի այցը հետաձգվեց, իսկ կոմիտեի նախագահը չայցելեց, որովհետեւ, ինչպես մենք գիտենք, Հայաստանի ԱԺ այդ հանձնաժողովի նախագահն ընդդիմադիր խմբակցությունից էր, բայց նրան թույլ չտվեցին աշխատել, ինչքան ես հիշում եմ՝ պարոն Արմեն Գեւորգյանն էր, եւ փաստացի հանձնաժողովի նախագահի պարտականություններն իրականացնում է իշխանության ներկայացուցիչը։ Այս իրավիճակում մենք որոշում ընդունեցինք, որ, իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցողը քննարկման կարիք ունի, քանի այդ հարաբերությունները թշնամական չեն դարձել, պահանջ կա, որ կողմերն իրենց դիրքորոշումները պարզաբանեն, հարցեր տան եւ պատասխաններ ստանան, այդ թվում՝ կապված Պետդումայի պատգամավորների՝ Հայաստան այցն արգելելու վերաբերյալ։

Մենք Հայաստանի ԱԺ պատգամավորներից եւ ոչ մեկի մուտքը ՌԴ չենք արգելել՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կարծիքներ են արտահայտում։ Սա եւս պարոն Տայսաեւի խնդիրներից է, որը, հույս ունեմ, նա կկատարի Հայաստան կատարած իր այցի ընթացքում։ Եվ, իհարկե, ես երբեք իմ անձնական հարցը չէի դարձնի պայման, որ եթե ինձ թույլ չեն տալիս գալ Հայաստան, ապա պետք է խզվեն հայ-ռուսական հարաբերությունները խորհրդարանական մակարդակում։ Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանին, կարեւոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը, դրանց զարգացումը եւ հենց այդ տեսանկյունից եմ հանդես գալիս։ Նրանք, իհարկե, կփորձեն մեր պատվիրակության ժամանումն օգտագործել այնպես, որ ցանկալին իրականի տեղ ներկայացնեն, որ ցույց տան, թե, տեսեք՝ Զատուլինի մուտքն արգելել ենք, բայց մյուս պատգամավորները գալիս ենԼ Բայց այդ պատգամավորները Հայաստան են եկել, որովհետեւ մանդատ են ունեցել, որի շրջանակներում պիտի հանդիպեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այսօր ողջ պատվիրակությունը կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ նրանք ոչ մի կերպ չեն պատրաստվում իրենց կոլեգայի, այսինքն՝ իմ մուտքի արգելքը Հայաստան ներկայացնել իբրեւ մեր հարաբերություններում ընդունելի մի բան։ Ես հույս ունեմ, որ այդ մասին պարոն Սիմոնյանին հանդիպման ընթացքում ասվել է։ Հայաստանի իշխանությունները եթե ուզում են ցույց տալ, որ խնդիր չկա, որ եթե սրա կամ նրա մուտքն արգելեն, դա կհանդուրժվի․․․, մենք ուղղակի մեծ մարդիկ ենք եւ համբերատարություն ենք դրսեւորում, բայց այն անսահման չէ։ Եթե դա շարունակվի, ապա կպահանջենք, որ այդ նույն հիմքով արգելվի Հայաստանի հարգելի պատգամավորների մուտքը ՌԴ, որոնք չամաչելով` մեղադրում են Ռուսաստանին բոլոր մեղքերում։ Մենք էլ կանցնենք նման գործելաոճի, բայց դեռ սպասում ենք»,- պատասխանեց Զատուլինը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930