Լրահոս
Օրվա լրահոսը

Հին հագուստից՝ մոդայի աշխարհ․ Գյումրիում էկո-հավաքածու է ցուցադրվել (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 03,2022 23:36

Այսօր «Գյումրու Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կանանց հագուստի էկո-հավաքածուի ցուցադրություն։ Հավաքածուն կոչվում է “rECOvery”, որը թարգմանաբար նշանակում է վերականգնում։

Ոչ միայն բառի, այլև ամբողջ հավաքածուի մեջ կարմիր թելի նման շեշտադրվում է ECO-ն՝ էկոլոգիան: Ամբողջ հավաքածուն ստեղծված է հին, օգտագործված հագուստից, ստեղծողներն էլ  պալատի երիտասարդներ են, որոնք ի սկզբանե ոչ մի հատուկ մասնագիտական գիտելիք չեն ունեցել այս ոլորտից:

Ցուցադրությունը նախատեսված էր փակ ձևաչափով, իսկ ցուցադրության մոդելները սովորական աղջիկներ էին:

 

Այս ամենը, ըստ կազմակերպիչների, ևս նպատակային էր արված։ Նույնիսկ հրավիրատոմսերն էին պատրաստված 6 տեսակի թափոնից՝ վերամշակված թղթից ու ձևավորված հավաքածուի հագուստներից մնացած կտորե թափոններից։

Իր ձևաչափով էականորեն տարբերվող այս ցուցադրությունը, ըստ «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Մակարյանի, ներդաշնակություն է բնության և նորաձևության միջև, իսկ ծրագրի նախապատմությունը հետաքրքիր զարգացումներով է ընթացել:

«Մենք 2017 թ.-ից Գյումրիում որոշակի սոցիալական հարցեր լուծելու նպատակով սկսեցինք մի ծրագիր. հավաքագրում էինք հագուստ և փոխանցում սոցիալապես անապահով ընտանիքներին: Ծրագիրն իրականացվեց ամեն տարի, իսկ 2020թ․-ին այն փոխեց իր նշանակությունը: Տարվա ընթացքում հավաքված հագուստը խիստ անհրաժեշտ էր պատերազմից տեղահանված ընտանիքներին:

Երբևէ չէինք պատկերացնի, որ այսքան աննշան թվացող ծրագիրը պիտի այդքան մեծ կարևորություն ստանար:

Պատերազմից 1 տարի անց ծրագիրը ժամանակավորապես դադարեցվեց՝ արդյունքում ունենալով գրեթե 250 ընտանիքի համար բաշխված աջակցություն, որի շուրջ համախմբվել էին տասնյակ կազմակերպություններ և հարյուրավոր անձինք, իսկ արդյունքում՝ անպիտան հագուստի հսկայական կույտ»,-պատմում է Լիլիթ Մակարյանը:

Ըստ մեր զրուցակցի, եղել է երկու տարբերակ. անպետք հագուստը գցել աղբավայր կամ գտնել հնար դրանց այլընտրանքային կիրառության համար:

«Սա  էկոլոգիական լուրջ խնդիր էր, որը ևս պահանջում էր կառուցողական լուծում:

Այսօր նորաձևությունն ավելի լայն հասկացություն է, քան երբևէ իր դասական իմաստով եղել է: Ժամանակակից աշխարհը սովորեց նորաձևության դաշտ բերել բառացիորեն ամեն ինչ՝ սկսած մեզ առօրյայում շրջապատող առարկաներից ու մարդկանցից մինչև քաղաքական հայացքներ ու նույնիսկ՝ խնդիրներ: Այս խնդիրն այդ ժանրից էր՝ թրենդային էկոլոգիական խնդիր, որի մասին կարելի էր բազմաթիվ դասընթացներ, հանդիպումներ ու ներկայացումներ կազմակերպել, ինչպես, սովորաբար, նախընտրում են անել հասարակական ոլորտում: Մենք ցանկանում էինք խնդրի փոքր, բայց իրատեսական լուծում:

Որոշումը կայացվեց երկար ու համառ քննարկումների արդյունքում և մեկ տարի շարունակ սկսվեց հավաքածուի կյանքի կոչման փուլը»,-ասում է Լիլիթ Մակարյանը:

Մասնակիցների ասելով էլ, առաջինը, որը պահանջվում էր, սովորելն էր: Երիտասարդները սկսել են սովորել կար ու ձևի հմտություններ, մյուս կողմից կատարելագործվել ու ամենակարևորը՝ սովորեցնել մյուսներին: Ժամանակի մեծ մասը ծախսել են սովորելու վրա, որից հետո սկսել են փորձել:

Կարի ակումբի պատասխանատուներից մեկը՝ Մարգարիտ Միկոյանը, որը նաև դասընթացավարներից մեկն էր, պատմում է․«Այս գործընթացում ներառված էին ինչպես երիտասարդները, այնպես էլ Արցախից տեղահանված կանայք ու աղջիկները: Այս ամենը կատարվեց սահմանափակ ռեսուրսներով, սկզբում անձնական 1 կարի մեքենայով, իսկ հետո ՄԱԿ-ի փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակը նվիրեց ևս 2 կարի մեքենա։

Այսօր մեր գործընկերներից «Վորլդ Վիժն Հայաստանը» «Իմփաքտ» ակումբին նվիրել է կարի պարագաներ, սարքավորումներ, մեքենաներ, որոնք երիտասարդներինն են և վերջիններիս հնարավորություն կտան զարգացնելու այս գաղափարը։ «Վորլդ Վիժնը» աջակցել է նաև ցուցադրությանը»։

Ծրագրի դասընթացավարներից Լիանա Ղազարյանն էլ  շեշտում է թիմային աշխատանքը, կարևորում է յուրաքանչյուրի ռեսուրսը, քանի որ 1 տարի շարունակ դեռահասները, երիտասարդները և սփյուռքահայ տարբեր կամավորներ իրականացրել են մի աշխատանք, որը, ըստ նրա, պահանջում էր լինել համբերատար ու համառ:

«Այս ընթացքում մենք ստեղծեցինք մոդելների էսքիզներ, մշակեցինք հագուստը, առանձնացրեցինք հումքը, համատեղ մշակեցինք բոլոր մոդելները ու որոշեցինք, որ մեր աղջիկները  պիտի ցուցադրեն, նրանցից յուրաքանչյուրը արժանի էր զգալ իրեն որպես մոդել հենց հարթակին: Աղջիկներից յուրաքանչյուրը պիտի համապատասխանի ինչ-որ չափանիշների, որ կարողանա լինել մոդել, բայց մենք ցանկացել ենք, որ ոչ մի չափանիշ չխանգարի իրենց: Սա ցուցադրության կարևոր նախապայման էր, որ հասարակությունը առաջնորդվի գեղեցկության՝ առանց չափանիշների ընկալմանը»:

Ըստ ծրագրի պատասխանատուների, այս ծրագիրը ունի  նաև այլ բովանդակային կողմ:

Դրանցից առաջինը, մեր զրուցակիցների ասելով,  կրթամշակութային է. միմյանց սովորեցնելով ու սովորելով համախմբվել մի գաղափարի շուրջ, որը բերում է Գյումրիին  հետաքրքիր կանաչ գույն. բնապահպանությունը սկսվում է հենց այստեղ ու յուրաքանչյուր մասնակցից:

«Հայաստանը էկո-ուղղվածության երկիր չէ ու դժվար է այստեղ ներդնել այս մտածողությունը, դժվար է, բայց ոչ անհնարին: Ու սա պիտի անեն հենց դեռահասներն ու երիտասարդները, իսկ այս հավաքածուն լուռ և խոսուն խորհրդանիշ է, որի մեջ արտահայտված բնապահպանական մոտեցումը նաև շատ գրավիչ է ու կիրառելի մեր կյանքում», -ասում է Լիլիթ Մակարյանը։

Նորաձևության տեսանկյունից, ըստ երիտասարդների, այսօր դժվար է ինքնատիպ լինել մի քաղաքում, որտեղ խանութներում վաճառվում է միօրինակ հագուստ: Այս առումով սա ևս լուծում է և ստիպում է լինել առավել ստեղծարար:

Ի վերջո, ըստ նրանց, խոսքը գնում է նաև թափոնների կրճատման և վերամշակման մասին, որը Հայաստանում մեծ խնդիր է:

«Հայաստանի հյուսիսում մենք ունենք պաշտոնապես գրանցված 1 կամ 2 վերամշակող կազմակերպություն, իսկ տեքստիլ վերամշակման կազմակերպություն, եթե չեմ սխալվում, չկա ամբողջ տարածաշրջանում»,- ասում է Լիլիթ Մակարյանը։

Ելենա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՇՊՀ-ի լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031