«Հանձնաժողովի աշխատանքները գաղտնի են։ Ավելին՝ խիստ գաղտնի։ Մի բան կարող եմ ասել, որ հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ զրույց եմ ունեցել գլխավոր դատախազի հետ, եւ որոշ դրվագների հետ կապված որոշ նյութեր կուղարկեմ գլխավոր դատախազություն, որպեսզի իրենք դրանք վերցնեն ուսումնասիրության տակ», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ փուլում են 2020թ․-ի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները։
«Եթե այդպես է, նշանակում է, որ արդեն իսկ կան ուսումնասիրված դրվագներ, եւ գլխավոր դատախազությունը պետք է քննության առարկա դարձնի այդ նյութերը։ Ոչ, հրավերներ չեն ուղարկվել, այլ տասնյակ հազարավոր նյութեր են ուսումնասիրվել։ Դա բավարար է, որպեսզի ես գրավոր նյութ ուղարկեմ դատախազություն», – նշեց Անդրանիկ Քոչարյանը։ Թե ինչ պաշտոնյաների են առնչվում այդ նյութերը, Անդրանիկ Քոչարյանն անուններ չտվեց․ «Այո, կոնկրետ շրջանակի են վերաբերում այդ նյութերը, հո անծայրածիր պաշտոնյաներ չե՞ն»։
Հարցին՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին վերաբերող նյութեր կա՞ն, Քոչարյանը նախընտրեց չպատասխանել․ «Անուններ չեմ տալու»։
Թե ում են պատրաստվում առաջիկայում հրավիրել հանձնաժողովի նիստին՝ հարցեր տալու համար, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե շատ մտածեք, բոլորիդ համար ակնհայտ կլինեն հրավիրյալները։ Բայց խնդիր կա։ Առաջին հրավերները վերաբերում էին արտաքին բլոկին՝ Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան։ Ժիրայր Լիպարիտյանը զանգեց եւ ասաց, որ պատրաստ է։ Վարդան Օսկանյանը հեռավար ասաց, որ պատրաստ չի։ Մովսես Հակոբյանն էլ էր ինչ-որ հայտարարություններ անում։ ԱԺ կգա օրենսդրական նախաձեռնություն, որը մշակված է։ Հունվարին կդրվի շրջանառության մեջ։ Հրավիրյալների չներկայանալու դեպքում իրավիճակը կխստացվի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































