Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օրով Երեւան եկած արցախցի երեխաները չեն կարողանում վերադառնալ հայրենիք․ «Նրանք մտածում են՝ 44-օրյայի նման, անորոշ ժամանակով պիտի մնան այստեղ»

Դեկտեմբեր 12,2022 20:10

Երեկ Արցախից Երեւան ժամանած մի խումբ երեխաներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քանի որ երկկողմանի փակ է Արցախը Հայաստանի հետ կապող մայրուղին։ Մի խումբ ադրբեջանցի «էկոակտիվիստներ» այսօր առավոտից Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ  ճանապարհը։ Ռուս խաղաղապահները տեղում են, բնապահպաններ ներկայացածները պահանջում են հանդիպում խաղաղապահների ղեկավարի հետ, նրանք ասում են, իբրեւ թե Արցախն իրենց տարածքն է, իրենց հանքերն են շահագործվում։ Նրանք նպատակ ունեն Մարտակերտի Դրմբոն ու Կաշենի հանքավայրեր գնալ։  Նույն պատրվակով ադրբեջանցիները ճանապարհը փակել էին նաեւ դեկտեմբերի 3-ին։

Արցախում գործող երաժշտական, մշակութային դպրոցների 18 սաներ, որոնք իրենց երկու ուսուցչի ուղեկցությամբ երեկ Երեւան էին եկել՝ մանկական «Եվրատեսիլը» դիտելու, չեն կարողանում վերադառնալ Արցախ։ Նրանց խմբի ղեկավարը՝ Անահիտ Գաբուզյանը, Aravot.am-ին պատմեց, որ այսօր պետք է վերադառնային, սակայն ճանապարհը փակ լինելու մասին լուրն իմանալուց հետո Երեւանից չեն շարժվել։ Նրանք անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու՝ եթե հանկարծ ճանապարհը չբացվի:

«Մնացել ենք այստեղ, երեխաներն անտրամադիր են, փոքրիկներ կան, լաց են լինում, վախենում են։ Հարցնում են՝ բա ե՞րբ կարող ենք գնալ մեր տուն, թուրքերը փակել են, էլ չե՞նք կարող գնալ։ Կռիվ տեսած երեխաներ են, մտածում են, թե 44 –օրյայի պատերազմի ժամանակ, որ եկել, մնացել էին, այս անգամ էլ է այդպես լինելու, մնալու են անորոշ ժամանակով, այն էլ՝ առանց ծնողների։ Մենք էլ երեխեքին  հույս ենք տալիս, ասում ենք՝ կբանակցեն, կբացվի ճանապարհը։ Բայց դե՝ դրանք թուրք են, ինչ ուզում՝ անում են։ Ես ինքս էլ եմ վախենում, կկարողանա՞նք գնալ, թե՞ չէ։ Մեր հողում  չեն թողնում ապրենք։ Ասում ենք՝ մի՛ վախեցեք, երեխաներ, մի բան անելու են, ամեն ինչ անում ենք, որ երեխաները չվախենան, մղձավանջ է»,-ասում է տիկին Անահիտը։

Երեխաների խումբը երեւանյան հյուրանոցներից մեկում էր տեղավորվել, սենյակները մեկ գիշերվա համար էին պատվիրվել։ Ժամկետը լրացել է։ Ի՞նչ պետք է անեն, որտեղ են գիշերելու, եթե հանկարծ օրերով չբացվի ճանապարհը։ Տիկին Անահիտն ասում է՝ հյուրանոցի ղեկավարությունը վստահեցրել է՝ այսօր էլ կարող եք մնալ․«Բայց դե՝ հետո ի՞նչ կլինի, ո՞նց կստացվի, չգիտենք, չեմ պատկերացնում»։

Երբ զրուցում էինք տիկին Անահիտի հետ, նա երեխաներին սրճարան էր տարել, ասում էր՝ քաղցած էին, համ էլ որոշեցին հյուրանոցից դուրս հանեն, նաեւ կզբոսնեն, կցրվեն․«Հյուրանոցում րոպեն մեկ մտնում են համացանց, կարդում, վիդեոները նայում, տեսնում՝ ոնց են թուրքերը փակել ճանապարհը, նեղվում են, տխրում են։ Շատ անտրամադիր են։ Ծնողներին զանգեցինք, ասացինք, որ էրեխեքի հետ խոսեն, որ չնեղվեն փոքրիկիները։ Ծնողներն էլ անհանգիստ են, ասում են՝ բա երեխաներն առանց փողի ո՞նց եք յոլա տանում։ Ասում ենք՝ դե դեռ կարողանում ենք կերակրել։  Ու քանի որ մեկ օրով էինք եկել, երեխաները նույն հագուստով են։ Ասել ենք, որ իրենք իրենց ներքնազգեստը լվանան, սենյակում չորացնեն, նորից հագնեն, մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի»։

Տիկին Անահիտը նկատում է՝ ադրբեջանցիները ոտնահարում են իրենց իրավունքները, սադրում, փորձում են վախեցնել, ու նշում է՝ այդ ճանապարհն անցնես, չգիտես, թե էլ որտեղից կհայտնվեն ադրբեջանցիները․«Ճիշտ է, անորոշ վիճակ է, փորձում են վախեցնեն, բայց մենք երեխաներին էլ ենք ասում՝ չվախենաք հանկարծ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031