Հնուց ի վեր ամենատարբեր մթերքներ են արժանացել «աֆրոդիզիակ» լինելու պատվին, սակայն արդյո՞ք սնունդը կարող է խթանել սեռական ձգտումը, ցանկություններն ու գործառույթները, թե՞ դա ընդամենը ներշնչանքի արդյունք է։ Ըստ հետազոտությունների, առավել գործուն է երկրորդ տարբերակը, սակայն դա չի նշանակում, որ պետք է թերագնահատել ներշնչանքի ուժը։
Ինչպես հայտնի է, աֆրոդիզիակ բառը ծագում է հին հունական դիցաբանության մեջ սիրո և գեղեցկության աստվածուհի համարվող Աֆրոդիտեի անունից, որը դուրս է եկել ծովի փրփուրներից։ Հենց անունն էլ հուշում է, որ աֆրոդիզիակներ են համարվում այն մթերքները, որոնք խթանում են սիրային զգացումները։ Բայց կարո՞ղ է արդյոք սնունդը պատասխանատու լինել սիրո համար․ այո՛, բայց ոչ օրգանիզմի վրա գործող ուղիղ ազդեցությամբ։
Գիտական բավարար ապացույցներ չկան, որ այս կամ այն մթերքը կարող է ազդել մարդու սեռական օրգանների գործառույթների վրա, սակայն սնունդը և այն ընդունելու գործընթացը կարող են խթանել սեռական ցանկությունների առաջացումը։
Կարդացեք նաև
Աֆրոդիզիակների 5 տեսակները
Պայմանականորեն աֆրոդիզիակները բաժանվում են 5 հիմնական տեսակների՝ հիմնված դեռևս չապացուցված տեսությունների վրա․
«Թեժ» մթերքներ – Հնում համարվում էր, որ այն մթերքները, որոնք օրգանիզմում տաքություն են առաջացնում (օրինակ՝ չիլի պղպեղը կամ քարրին) թեժացնում են սեռական կիրքը, իսկ այ սառը մթերքները (ինչպիսիք են սալաթի տերևներն ու դանդուռը) հանգցնում են սեռական ցանկությունը։
Սեռական օրգաններ հիշեցնող մթերքներ – Նաև կար պատկերացում, որ այն մթերքները, որոնք իրենց տեսքով նման են տղամարդու կամ կնոոջ սեռական օրգաններին, կարող են ուժեղացնել սեռական ցանկություններն ու գործառույթները։
Վերարտադրման գործառույթ ունեցող մթերքներ – Կարծիք կար, որ տավարի, ոչխարի վերարտադրողական օրգանները, ձկնկիթը, հավկիթը և այլն մեծացնում են սեռական ցանկությունն ու պոտենցիան։
Էկզոտիկ, ուրեմն էրոտիկ մթերքներ – Նաև համարվում էր, որ այն մթերքները, որոնք այնքան էլ հասանելի չեն և թանկարժեք են (օրինակ՝ տրյուֆելը, ֆուագրան, ոստրեն և այլն), կարող են մեծացնել սեռական ցանկությունը։ Ժամանակին այդ մթերքների թվում էին կարտոֆիլն ու կակաոն, որոնք ավելի հասանելի դառնալուն պես զիջեցին իրենց դիրքերը։
Զգայարանները խթանող մթերքներ– Աֆրոդիզիակներ էին համարվում այն մթերքները, որոնք հաճելիորեն ազդելով զգայարանների՝ տեսողության, համի, հոտառության ու շոշափելիքի վրա, խթանում են նաև կիրքը։ Այդպիսի մթերքների ազդեցությունը պայմանավորված էր նաև ասոցիացիաներով․ օրինակ տանձն ու խնձորը աֆրոդիզիակի համարում ունեին այն ժամանակաշրջանում, երբ գեղեցկության մարմնացում էին համարվում մի փոքր գիրուկ, գայթակղիչ կազմվածք ունեցող կանայք։
Աֆրոդիզիակներ համարվող ամենահայտնի մթերքները․ պատմական էքսկուրս
Պատմականորեն համարվում էր, որ բանջարեղենի այնպիսի տեսակները, ինչպիսիք են սոխը, շաղգամը, դդմիկը, ծնեբեկը, արտիճուկը և այլն, ոչ միայն խթանում են սեռական ցանկությունը, այլև ավելացնում սերմնաբջիջների քանակը։ Ինչպես արդեն նշվեց, կնոջ մարմնի մասերը հիշեցնող մրգերը նույնպես էրոտիկ կերակուր էին համարվում, իսկ սերմերի մեծ քանակություն պարունակող պտուղները, ինչպիսին օրինակ նուռը կամ թուզն է, համարվում էին «բեղմնավոր սերմեր»։
Ինչ վերաբերում է ոստրեներին (նույնպես կապվում է Աֆրոդիտեի հետ), որոնք թերևս ամենահայտնի աֆրոդիզիակներն էին համարվում, ապա իրականում դրանք չունեն նման հատկություններ, թերևս միայն իրենց տեսքով կարող են որոշ ասոցիացիաներ առաջացնել ու նուրբ կազմությամբ դրական անդրադառնալ մարդու զգայարանների վրա։
Հնում շոկոլադը նույնպես հզոր աֆրոդիզիակի համբավ ուներ, անգամ 1980-ական թթ․ հետազոտողները կարծում էին, որ գտել են շոկոլադի գաղտնիքը՝ բացահայտելով ֆենիլէթիլամին քիմիական միացությունը, որն օգնում է զգացմունքներ առաջացնելուն, սական մարդու օրգանիզմը շոկոլադից քաղում է այդ նյութի աննշան քանակությունը, որը բավարար չէ զգացմունքների վրա էական ազդեցություն ունենալու համար։
Այսպիսով կարող ենք ասել, որ շոկոլադի գրավչությունը վերջինիս համի, բույրի ու բերանում հալվող կազմության մեջ է, ինչը նույնպես վատ չէ ցանկություններ առաջացնելու տեսանկյունից։
14 -րդ դարում, երբ Եվրոպայում աշխուժացավ Ասիայից բերված համեմունքների ու բույսերի վաճառքը, դրանց նույնպես աֆրոդիզիակի կարգավիճակ տրվեց, մանավանդ որ այդ մթերքներից շատերը, ինչպիսիք են մեխակը, կոճապղպեղը, սպիտակ պղպեղը, հիլը, դարչինը, ծոթրինը, իրենց հայրենիքում արդեն իսկ հարգված էին որպես սեռական ցանկություններին նպաստող համեմունքներ։
16-րդ դարում կարտոֆիլը, հայտնվելով Եվրոպայում, նույնպես ստացավ սեռական գործառույթների վրա դրականորեն ազդող մթերքի կարգավիճակ, մինչև 18-րդ դարը իրենց «ընկերոջը» միացան նաև գազարը, ծնեբեկը և այլն։ 18-րդ դարում ձևավորվեց այն պատկերացումը, որ հիշյալ ազդեցությամբ օժտված են տղամարդու սեռական օրգաններին նմանվող մթերքները։
Եվ այնուամենայնիվ, որքան էլ այսօր գիտականորեն ապացուցված չէ սննդի ու սեռական գործառույթների միջև կապը, կարող ենք ասել, որ առողջ սնունդն ընդհանուր առմամբ աֆրոդիզիակի դեր ունի, քանի որ բարելավում է օրգանիզմի արյան շրջանառությունը, հորմոնալ վիճակն ու տրամադրությունը։ Իսկ թե ինչու են կոնկրետ մթերքներին աֆրոդիզիակի հատկություններ վերագրվում, դժվար է ասել, քանի որ այստեղ դեր ունեն պատմական տարբեր ժամանակաշրջաններում գոյություն ունեցող պատկերացումները, մարդկանց սոցիալական, հոգեբանական ու ֆիզիկական վիճակները, ասոցիացիաների ուժն ու ներշնչանքի՝ պլացեբոյի էֆեկտ։
Իրականում սեռական ցանկությունը շատ բարդ և անհատական ռեակցիա է, և այս դեպքում ցանկացած բան կարող է ծառայյել որպես աֆրոդիզիակ։ Ինչպես մեկնաբանում է Նյու Ջերսիի համալսարանի հոգեթերապևտ և սեքսոլոգ է Նան Ուայզը․ «Սեռական հակումը բազմաթիվ գործոններով է պայմանավորված՝ ֆիզիկական, հոգեսոցիալական, իրավիճակային և այլն, և եթե դուք վստահ եք, որ ինչ-որ կերակուր ազդում է ձեր սեռական ցանկության վրա, ամենայն հավանականությամբ կաշխատի պլացեբոյի էֆեկտը»։ Եվ անգամ եթե սնունդն օժտված չէ նմանատիպ հատկություններով, այն իր նպատակին կծառայի։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրներից՝ 1, 2




















































