Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանը հակասական ցուցմունքներ է տվել

Դեկտեմբեր 15,2022 18:00

«Դիզվառելիքի» հայտնի գործով, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, առանցքային վկա Սեւան Քոչարյանն իր լրացուցիչ նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե չունի որեւէ փաստաթուղթ, որը կվկայի այն մասին, որ իր ղեկավարած ընկերությունը 2013 թվականին մասնակցել է դիզվառելիքի ներկրման համար հայտարարված մրցույթին: Վկան ասել է նաեւ, որ էլեկտրոնային տարբերակով էլ իր մոտ չի պահպանվել առաջարկների այն փաթեթը, որն ուղարկվել է նախարարություն, անգամ էլեկտրոնային փոստի հասցեն չի պահպանվել կամ նամակը ստացող գյուղնախարարության աշխատակցի անուն-ազգանունը չի հիշում:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր «դիզվառելիքի գործով» նիստը: Հիշեցնենք, որ այդ գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Դատարանում այսօր հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները: Լրացուցիչ հարցաքննության ժամանակ, վկան ասել է, թե կառավարության որոշման համարը չգիտի, ինքն էլ չի տեսել այն որոշումը, որի համաձայն արգելվում է ԻԻՀ-ից դիզվառելիքի ներկրումը, ուստի չի կարող ասել՝ դա կառավարության որոշմա՞մբ է եղել, թե ներքին պայմանավորվածությունների արդյունք: Առաջին հարցաքննության ժամանակ վկան պնդում է կառավարության նման որոշման առկայության փաստը: Սակայն նշել է, որ այդ տարիներին ինքը ԻԻՀ-ից դիզվառելիք ներկրել է՝ ՊՆ-ի հետ համագործակցելով: Այս մատակարարների եւ ներկրումների մասին փաստաթղթեր վկայի մոտ դարձյալ չեն պահպանվել: Նա նշել է, որ այդ ներկրումների համար ինքը որեւէ մեկին որեւէ գումար չի վճարել, բայց եկամուտ էլ չի ստացել այդ գործարքներից, սակայն դրա հաշվին կարողացել է իր համար ներկրված դիզվառելիքը վաճառել, ինչն իր համար ձեռնտու էր: Ի դեպ, առաջին հարցաքննության մեջ վկան նշել է, որ Մեղրիի մաքսակետի չեզոք գոտում իր մեքենաների մնալու համար կրել է 67,500 ԱՄՆ դոլար վնաս՝ գումարած վարորդին՝ 42-43 օրվա պարապուրդի համար օրական վճարված 100-ական դոլարը, իսկ լրացուցիչ հարցաքննության ժամանակ, նշում է, որ 67,500 դոլարի մեջ ներառված են նաեւ վարորդների պարապուրդի համար վճարված գումարները:

Հաջորդ լրացուցիչ հարցաքննության ժամանակ, վկան արդեն ասել է, որ Մեղրիի անցակետում 70 դիզվառելիքով բեռնված մեքենաների մուտքը Հայաստան թույլատրելու հարցով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանն ինքը ներկա չի եղել (նախորդ երկու ցուցմունքներում ասել է, որ ներկա է եղել), եւ նախկինում իր տված ցուցմունքները հիմնված են այդ հանդիպմանը ներկա գտնվող իր ներկայացուցչի փոխանցած տեղեկությունների վրա: Այն, որ ցուցմունքներում նշված է, թե ինքն է ներկա գտնվել հանդիպմանը, լրացուցիչ հարցաքննության ժամանակ, վկան ասել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել: Հարց է հնչում նաեւ դիզվառելիքի որակի հետ կապված, ինչին վկան պատասխանում է, որ նմուշառություն եւ փորձաքննություն չի արվել, մինչդեռ նախկինում ասել էր, թե Հովիկ Աբրահամյանը ներկրված դիզվառելիքի որակի հետ կապված խնդիրների մասին է խոսել:

Իսկ հանգուցյալ, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ առերես հարցաքննության ժամանակ վկան հայտարարել է, որ ճանաչում է Սերգո Կարապետյանին, նախկինում նրա հետ հանդիպել է՝ 2013-ի հունվարին, իր աշխատասենյակում եւ քննարկել են նախարարության հայտարարած դիզվառելիքի ներմուծման ծրագրի մասին, իսկ Սերգո Կարապետյանն ասել է, որ առաջին անգամ է տեսնում Սեւան Քոչարյանին, նրան չի ճանաչում եւ նրա հետ երբեւէ չի հանդիպել: Հետագայում Սերգո Կարապետյանը պնդել է, որ չի ճանաչում Սեւան Քոչարյանին եւ հավելել, որ չի հիշում, որ նրա հետ իր աշխատասենյակում հանդիպել եւ դիզվառելիքի մատակարարման ծրագրի շուրջ քննարկում է ունեցել: Սեւան Քոչարյանն էլ պնդել է իր ցուցմունքը՝ ասելով, որ Սերգո Կարապետյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում:

Նախաքննական ցուցմունքների հետ կապված վկայի հարցաքննությունը հետաձգվեց: Քանի որ վկան լսողության հետ կապված խնդիրներ ունի, լիարժեք վերհիշելու համար իր նախաքննական ցուցմունքները, նրա պաշտպանը միջնորդեց նախաքննական ցուցմունքների պատճենները տրամադրել նրան:

Հաջորդ նիստը կկայանա 2023 թվականի հունվարի 12-ին, ժամը 14.00

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031