Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ամեն ինչ անելու ենք, որ շուկայում վաճառվի միայն սպանդանոցային ծագման մսեղիք. ՍԱՏՄ ղեկավար

Դեկտեմբեր 26,2022 15:49

Տնտեսվարողների մոտ առավել հաճախ հանդիպող խախտումներն են՝ սանիտարական գրքույկների բացակայությունը, հակամիջատային ցանցերի բացակայությունը, աշխատակիցների ոչ պատշաճ վիճակը, սանիտարահիգիենիկ խնդիրները և այլն։ Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով, ստուգումները եղել են ինչպես պլանային, այնպես էլ քաղաքացիների, լրատվամիջոցների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների բարձրացրած հարցերի հիման վրա: Ստուգումներն իրականացվել են հանրային սննդի կետերում, իրացման ցանցերում, արտադրամասերում: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացում տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել 941 տնտեսվարողի մոտ:

Պատասխանելով հանրապետությունում մսամթերքի շուկայի խախտումների և ապօրինությունների մասին հարցին՝ Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ոմանք մտածում են մեքենայությունների մասին, փորձում են շրջանցել օրենքը, կեղծել փաստաթղթերը, ուստի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության հետ խստացված ստուգումներ է իրականացնում:

«Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի: Մենք ամեն ինչ անելու ենք, որ շուկայում վաճառվի միայն սպանդանոցային ծագման մսեղիք: Սպանդանոցները, միս վաճառողները կամ այսպես կոչված դալալները, փորձում են ամեն ինչ անել, որ շրջանցեն օրենքի պահանջները: Մտածում են մեքենայություններ, որոնց միջոցով վաճառում են անասնաբուժական 5-րդ ձևի փաստաթուղթը: Այս փուլում ոստիկանության հետ ակտիվ շրջայցեր ենք կատարում, ճանապարհներին ստուգում ենք ավտոմեքենաները: Նրանք, որոնք չեն ունենում համապատասխան փաստաթուղթ, տուգանվում են: Դրանից բացի, տալիս ենք մսեղիքը ոչնչացնելու կարգադրագիր»,-ասաց Գեորգի Ավետիսյանը: Անհատները տուգանվում են 20-50 հազար, տնտեսվարողները՝ 50-100 հազար դրամի չափով:

ՍԱՏՄ պետի տեղեկացմամբ, միայն սեպտեմբերին կասեցվել է 14 հազար 500 կգ մսեղիքի վաճառք: Ապօրինությունների հետքերով գնում են իրավապահ մարմինները, կան հարուցված քրեական գործեր: «Կարծում եմ, որ քրեական գործերն անբարեխիղճ տնտեսվարողներին կսթափեցնեն, որովհետև մեր տուգանքները բավարար չեն, որ ավելի զգոն լինեն: Փաստաթղթերի կեղծումը քրեական հանցագործություն է, և դրան գնացողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մենք նաև փաստաթղթերը տրամադրող ծրագրերի ուղղությամբ ենք աշխատանք կատարում, փորձում ենք լուծումներ գտնել, որ ռիսկերը նվազեցվեն»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Նա հորդորեց զգոն լինել և պատահական վայրերից սնունդ չգնել, հարցերի ու կասկածների դեպքում էլ՝ դիմել տեսչական մարմնին:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031