Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանն իր ելույթում ասաց՝ 3 տարբերակ կա … մնում է երրորդ տարբերակը՝ պայքարել». Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 26,2022 20:20

«Մենք բավականին դժվար իրավիճակում ենք հայտնվել: Ե՛վ Հայաստանի, ե՛ւ Արցախի ռազմաքաղաքական իրավիճակը բարդ է: Հանրահավաքի ժամանակ Արցախը եւ արցախցին, պայքարող հայը ցույց տվեցին, որ իրենք ոգով անկոտրում են, շարունակում են պայքարել իրենց պատմական տարածքում, իրենց հայրենիքում, այն դեպքում, երբ տարիներ առաջ ինքնորոշվել են: Այնպես, ինչպես ՀՀ-ն, Ադրբեջանը, Արցախն իրավունք ունի ապրելու: Նրա համար պետք է ապահովել կայուն զարգացման միջավայր»,- այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի երեկվա հանրահավաքին:

Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դերն ու ջանքերը. «Նրա հայրենասիրական ոգին, նրա աշխատանքային փորձը, կառավարման ունակությունները, նաեւ բարեգործական ունակությունները թույլ կտան, որ կանգնի Արցախի կողքին ու շարունակի պայքարը: Երեկ Ռուբեն Վարդանյանն իր ելույթում ասաց՝ 3 տարբերակ կա՝ հայտնվել Ադրբեջանի կազմում, այն, ինչ ՀՀ իշխանություններն են ուզում, եւ դա մեր ժողովրդի, արցախցու համար անընդունելի է, երկրորդ տարբերակը՝ թողնել, դուրս գալ, բայց հիմա նույնիսկ անհնարին է թողնել դուրս գալ, որովհետեւ ճանապարհը փակ է, նույնիսկ եթե բաց լինի, արցախցիները դրան դեմ են, մնում  է երրորդ տարբերակը՝ պայքարել: Պայքարելու համար մենք իրավունք չունենք արցախցուն մենակ թողնելու: Հայաստանի իշխանությունները կարծես այսօր թողել են միայնակ: Չնայած պարբերաբար խոսում են՝ ինչ պետք է Արցախին հատկացնում ենք, սոցիալական օգնություն ենք հատկացնում, շատ շատերը նշում են՝ եթե արցախցին պայքարի ու իր ըմբոստությունը ցուցաբերի ՀՀ իշխանություններին, կկտրեն այդ բոլոր օգնությունները: Ես արցախցիներին ուզում եմ ասել, որ պայքարը միակ ճանապարհն է ու ոչ ոք իրավունք չունի զրկել արցախցուն այդ օգնություններից: Դա այսօրվա իշխանությունները իրենց գրպանից չեն տալիս, տալիս են հայ ժողովրդի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կողմից մուծված հարկերից»:

Ըստ Սեյրան Օհանյանի, հանրահավաքի փոխանցած հիմնական գաղափարը, ուղերձը սա էր. «Առաջինը՝ հայ ժողովրդի ոգին անկոտրում է, պայքարելու են, երկրորդը՝ Հայաստանի իշխանությունները հասկանան, որ իրենք պարտավոր են արցախցու անվտանգության ապահովման, կայուն զարգացման երաշխավորը լինելու հանձնառությունը շարունակել, արցախցու համար շատ դյուրին կլինի այդ պայքարը շարունակել, երրորդը՝ միջազգային հանրությանն էր ուղղված, որ համապատասխան հետեւություններ անի»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արցախն ինքնորոշվել է իր պատմական տարածքում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո եւ իրավունք ունի իր տարածքում ապրելու. «Չպետք է խորշել ինքնորոշում բառից, Արցախի Հանրապետություն արտահայտությունից: Չպետք է վախենալ այդ հանձնառության տերը լինել, ՀՀ իշխանությունները իրենց բոլոր նախընտրական ծրագրերում խոսել են դրա մասին, բայց այսօր, իրավիճակից ելնելով, տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմին, բոլոր այն ճնշումներին, որոնց տակ իրենք գտնվում են, չեն անում: Պարտված իշխանությունները գտնվում են թելադրանքի ճնշման ներքո, պետք է հեռանան, որ նոր բանակցողը կարողանա Արցախին աջակցելու այդ հանձնառությունը շարունակել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031