Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումար» Թեհրանում

Հունվար 22,2023 23:05

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը շաբաթավերջին կազմակերպել էր «Ազդեցիկ կանանց միջազգային համագումար», որին մասնակցում էին 96 երկրի պատվիրակներ։ Հայաստանից մասնակցում էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Կանաչ Արահետ» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Ստելլա Սարուխանյանը։

Իրանի վերջին ցույցերի, կանանց մի շարք իրավունքների ոտնահարման և ՄԱԿ-ի Կանանց Հանձնախմբից Իրանի վտարման ֆոնին այս համագումարը և ներկայացուցչական կազմը մեծ հետաքրքրություն էր ստեղծել Իրանի իշխանական և ընդդիմադիր մամուլում։ Մոտ ինը հարյուր հյուրերի շարքում շեշտվում էր Հայաստանի վարչապետի տիկնոջ, Սերբիայի, Ղրղզստանի և Բուրկինա Ֆասոյի առաջին տիկինների և Լիբանանի Հիզբօլլահի նախագահ Հասան Նասրօլլահի դստեր անունները՝ որպես բարձրաստիճան հյուրեր։

Նկատելի էր Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների և կազմակերպիչ կոմիտեի հատուկ ուշադրությունը հայկական պատվիրակության հանդեպ, որը գնահատանքի արժանի է։ Համագումարի հանդիսավոր բացման ժամանակ, որը նախագահում էր երկրի նախագահ պրն Ռայիսին, նախագահության աջ կողմի հենց առաջին աթոռները զբաղեցնում էին տիկին Աննա Հակոբյանը, Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը և Հայաստանի պատվիրակության մյուս անդամները։

Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարևանն է և ունի բարիդրացիական ջերմ հարաբերություններ իր հարավային հարևանի հետ, որը մեծ կարևորության է արժանանում նաև Թեհրանի կողմից։ Հայկական պատվիրակության անդամները համագումարի պաշտոնական նիստերին մասնակցելուց բացի, առանձին հանդիպումներ են ունեցել իրենց պաշտոնակիցների կամ նույնանման ոլորտների պատասխանատուների հետ։

Աննա Հակոբյանն առանձնազրույցներ է ունեցել նախագահ Ռայիսիի տիկին և կազմակերպիչ կոմիտեի նախագահ Ջամիլե Սադաթ Ալամօլհոդայի և կազմկոմիտեի անդամ, կանանց և ընտանիքի  հարցերով նախագահի տեղակալ Էնսիե Խազալիի հետ։ Նախագահի կինը ազդեցիկ հոգևորական և Խորասան նահանգում երկրի առաջնորդ Խամենեիի լիազոր՝ Ահմադ Ալամօլհոդայի, դուստրն է։

Աննա Հակոբյանը համագումարի ընթացքում ունեցել է երկու ելույթ․ նա բարձր է գնահատել Իրանի այս նախաձեռնությունը, շեշտել է ԻԻՀ-ի տարածաշրջանային և միջազգային կարևոր դերը․ անվանական մեծարել է իրանաբնակ տաս նշանավոր հայուհու, որոնք մեծ ավանդ ունեն Իրանի մշակույթի և գիտության բնագավառներում․ Հայաստանի կանանց տարբեր ոլորտներում ներգրաված լինելու և գործունեության մասին խոսել է օրինակներով․ հանգամանորեն խոսել է Արցախի հիմնախնդրի մասին, ներկայացրել է իր «Կանայք հանուն արդարության» խաղաղասիրական նախաձեռնությունը և վերջում պատրաստակամություն է հայտնել Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը Հայաստանում անցկացնել։

Ա․ Հակոբյանը չորս այլ հյուրերի հետ մրցանակներ է տվել աշխարհի կին տասը լավագույն գիտնականներին՝ Ռուսաստանից, Չինաստանից, Արգենտինայից, Թայլանից և Իրանից։ Համագումարի հյուրերի ճնշող մեծամասնությունը եղել է իսլամական երկրներից, դրանցից որոշները մեզ հետ չունեն բարեկամական կապ և նման կազմի առջև հատկապես Արցախի մասին խոսելը եղել է աննախընթաց և ազդեցիկ։

 

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031