Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու որոշումը անակնկալի է բերել բիզնեսին․ գովազդի համար պետտուրքի դրույքաչափերը կրկնակիից ավելի բարձրացրել են

Հունվար 23,2023 21:55

Երեւանի ավագանին 2022 թվականի դեկտեմբերի 27-ին հրավիրված նիստում որոշում կայացրեց բարձրացնել տեղական տուրքերի դրույքաչափերը։  Այս որոշում կրկնակիից ավելի բարձրացվել է արտաքին գովազդի համար վճարվող պետտուրքի դրույքաչափը։

Եւ ահա այս տարի ավագանու այս որոշումից անակնկալի են եկել մի շարք բիզնեսներ, հատկապես՝ փոքր։

Կարինե Հովհաննիսյանի բիզնեսը Աջափնյակ վարչական շրջանում է՝ Հալաբյան փողոցում գեղեցկության սրահ է։ Այն մեծ չէ, ասում է՝ եկամուտն էլ շատ չէ։

Նա պատմում է, որ  մի քանի օր առաջ վարչական շրջանի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնի աշխատակիցը զանգահարել եւ տեղեկացրել է, որ արտաքին գովազդի համար այսուհետ 1քմ-ի դիմաց  վճարվող 2000 դրամի փոխարեն պետք է վճարի  4500 դրամ։

«Ես ունեմ գովազդային երկու վահանակ։ Մեկը՝ գեղեցկության սրահի պատին է փակցված, մյուսը՝ մի փոքր հեռու, մայթի մոտ, որպեսզի սրահի մասին անցորդները տեղեկանան։ Տարիներ առաջ մեր ուժերով ձողեր ենք տնկել,  վրան էլ փակցրել փոքր վահանակ՝ վրան գրված միայն գեղեցկության սրահի անունը։ Այդ զանգից հետո որոշեցի մայթի գովազդը հանել, քանի որ զանգեցին, ասացին, որ երկու վահանակի համար պետք է վճարեք 20 հազար դրամից ի մի փոքր ավել։ Զարմացել էի, հարցրեցի՝  ինչո՞ւ  եք հիմա տեղեկացնում։ Եթե տեղեկացնեիք ժամանակին, ես դա շուտ կհանեի, որպեսզի ստիպված այդքան գումար չվճարեի։  Ամեն ամիս երկու վահանակի համար 6600 դրամ եմ վճարել։  Ես այդքան գումար չունեմ, որ ամեն ամիս 20 հազար գումար վճարեմ։  Թաղապետարանի աշխատակիցն ասում է՝  դեկտեմբերի 27-ին է եղել ավագանու որոշումը, մենք ի վիճակի չէինք զանգել բոլորին, տեղյակ պահել»,-պատմում է  Կարինեն։

Հետո նա որոշել է բողոք  ներկայացնել այս որոշման վերաբերյալ։ Նույն գովազդի բաժին է զանգահարել, որպեսզի ճշտի՝ ինչպես կարող է իր դժգոհությունը ներկայացնի։ Այդ բաժնից նրան պատասխանել են՝ շատերն են բողոքում ու շատերն են հանել գովազդը։ Ապա խորհուրդ են տվել՝ նկարեք, ուղարկեք ապամոնտաժված վահանակը։ «Ասացին, որ պետք է գնան քաղաքապետարան, փոխքաղաքապետին ներկայացնեն դժգոհությունները, ու որպես ապացույց ապամոնտաժված վահանակների լուսանկարներն էլ ցույց տան։ Հանեցի գովազդը, նկարեցի ուղարկեցի։ Ինձ պատասխանեցին՝ էդ ձողերն էլ պետք է ապամոնտաժեք, նախնական տեսքի բերեք, որպեսզի հստակ լինի ապամոնտաժումը։ Դե այդ պահին ձողերը հնարավոր չէր հանել, այդպես թողեցի»,-ասում է Կարինեն։

Նա կրկին փորձել է իր բողոքը տեղ հասցնել, զանգահարել է թեժ գիծ,  ասել են՝ գրավոր ներկայացրեք բողոքը։ Պատասխանը վրդովվեցրել է գործարարին՝ ինչո՞ւ գրավոր, եթե թեժ գծի զանգերը  ձայնագրվում են։

Հետո քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում է փորձել խնդրի մասին գրել, լրացրել է համապատասխան տողերը, բայց չի ստացվել բողոքը ուղարկել։ Պարզվել է՝ կայքում հնարավոր չէ բջջային հեռախոսի միջոցով բողոք գրել, միայն համակարգչով է հնարավոր։  Սա կրկին զայրացրել է Կարինեին․«Բայց գուցե ես համակարգիչ չունեմ, ի վերջո հիմա շատերը բջջային հեռախոսն են հիմնականում օգտագործում, գործարքներ կատարում։ Իրենց ասացի՝ եթե ծրագիր եք մշակել, դա պետք է հասանելի լինի նաեւ բջջային հեռախոսի համար»։

Ի վերջո նրան չի հաջողվել  բողոքը տեղ հասցնել, չգիտի էլ՝ հեռացված գովազդային վահանակի համար պե՞տք է պետտուրք վճարի, թե՞ ոչ։ Զայրացած ասում է․«Մենք՝ մեր հարկերով իրենց պարգեւավճարները չենք վճարում, որպեսզի այդքան թանկացնեն պետտուրքը։ Լավ, 2000 դրամը 2500 դրամ դարձնեին, բայց ոչ 4500 դրամ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031