Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ըստ էության, հունվարի 28-ի հանրահավաքի սահմանափակումներն իրենց բովանդակությամբ արգելող են»

Հունվար 25,2023 17:28

ՀՀ վարչական դատարանում դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Էդգար Ղազարյանն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի» նիստը, որով հայցվորը վիճարկել է 2023 թ. հունվարի 28-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու, եւ Եռաբլուր զինվորական պանթեոն երթ կազմակերպելու իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին քաղաքապետարանի կայացրած որոշումը:

Դատարանը լսեց հայցվոր կողմի եւ պատասխանող կողմ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հիմնավորումները, հարցուպատասխանի ձեւաչափով ստացավ անհրաժեշտ այլ պարզաբանումներ: Որոշումը կհրապարակվի այսօր ավելի ուշ:

Դատական նիստից հետո Էդգար Ղազարյանը Aravot.am-ին ասաց. «Դատական նիստի ընթացքում մենք ներկայացրինք մեր հայցադիմումի պահանջները: Գլխավոր պահանջն էր, որ անվավեր ճանաչվի Երեւանի քաղաքապետարանի անունից կայացված թիվ 25 որոշումը, որով սահմանափակումներ են դրվել հունվարի 28-ին Հայկական բանակի օրը Հանրապետության հրապարակում մեր կողմից անցկացվելիք հանրահավաքի վերաբերյալ:

Ըստ էության, սահմանափակումներն իրենց բովանդակությամբ հավաքը արգելող են, որովհետեւ մենք առաջարկում ենք Հանրապետության հրապարակում, իրենք նշում են Երեւանի 2750 ամյակի այգուն հարող տարածքում: Մինչդեռ, այգին աշխարհագրական այլ վայր է, Հանրապետության հրապարակը՝ այլ: Ընդ որում, Երեւանի քաղաքապետարանը երեւի տեղյակ չէ, որ այդ այգին իրենք տրամադրել են վարձակալությամբ եւ այնտեղ սրճարաններ գոյություն ունեն եւ այն օգտագործվում է առեւտրային նպատակներով: Հետեւաբար, սրճարանների տարածքում հավաք ո՞նց պիտի կազմակերպվի. սեղանների վրա՞, թե՞ սեղանների տակ: Այսինքն, իրենք ակնհայտորեն արգելում են հանրահավաքը: Սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է: Օրինակ, օգոստոսի 23-ին առհասարակ ասել էին՝ գնացեք Ստեփան Շահումյանի անվան հրապարակ, Հանրապետության հրապարակի հետ գործ չունեք:

Քանի որ նախորդ անգամ մենք դատական գործը շահեցինք, հիմա չեն կարող ասել՝ Հանրապետության հրապարակում մի անցկացրեք: Բայց այնպիսի լոկալիզացիա են նշում, որն, ըստ էության, հրապարակից դուրս է գտնվում:

Ամենահետաքրքիրն այն է, որ եւ անցյալ անգամ, եւ այս անգամ քաղաքապետի որոշումը նույնությամբ կրկնում է ոստիկանության որոշումը: Այսինքն, ոստիկանությունն ինչ ասում է, նույն բանն իրենք ձեւակերպում են որոշման տեսքով: Այնինչ, ոստիկանությունն ընդամենը կարող է կարծիք հայտնել, որը հնարավոր է նաեւ հաշվի չառնել: Օրինակ. դատարանը հետաքրքրվեց պատասխանող կողմից, թե այդ հարցերն առաջացե՞լ են: Պատասխանեցին՝ ոչ: Փաստորեն, ոստիկանության տեսակետը չեն էլ քննարկում: Օրենքը սահմանում է, որ քաղաքապետը պետք է որոշում կայացնի, բայց պրակտիկայում այդ որոշումը կայացնում է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետը, որն այդպիսի իրավասություն չունի: Ոստիկանության խնդիրը հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելն է եւ այլ քաղաքացիների մասով հասարակական կարգի պահպանումը:

Նրանց այս տրամաբանությամբ, մեր առջեւ կարող են նաեւ այլ լրացուցիչ պահանջներ դնել: Ասենք՝ բարձր չխոսեք, սիրուն կհագնվեք, կանայք պետք է մազերը հարդարած լինեն, այնտեղ գլխարկով մարդ չլինի եւ նման այլ բաներ: Այսինքն, իրենց ներկայացրած պատճառաբանությունները նույն անմտությունն ունեն, ինչը ես ենթադրաբար ներկայացրի:

Տեսեք, ասում են մայթերով պետք է երթն անեք, որպեսզի երթեւեկությանը չխանգարեք: Ես էլ հարցնում եմ. իսկ մայթերին երթեւեկություն չկա՞: Մայթերով էլ հետիոտներն են երթեւեկում, մայրերն են երեխաների սայլակներով, հեծանվորդները, ինքնագլոր վարողներն են գնում-գալիս:

Եվ սա այն դեպքում, երբ մենք ինքներս ենք ասում, որ եթե երթի մասնակիցների քանակը քիչ լինի, մենք ճանապարհի այնքան քիչ հատված կզբաղեցնենք, որքան խելամտորեն անհրաժեշտ կլինի: Այսինքն, մենք երթեւեկությունը կաթվածահար անելու, խցանումներ ստեղծելու, քաղաքին վնաս պատճառելու, շենքերի պատեր ծակելու ու դռներ ջարդելու նպատակ չունենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031