Լրահոս
Օրվա լրահոսը

Դաստակերտի դպրոցի սուրճն ու գունագեղ ռեֆերատները (ֆոտոշարք)

Փետրվար 09,2023 23:47

Ժամանակին քաղաքի կարգավիճակ ունեցող Դաստակերտի դպրոց մտնելիս՝ սուրճի բույրն է տարածվում։ Ուսուցչանոցում՝ վառարանի վրա են եփում։ Նկատելով զարմանքս՝ մանկավարժները արձագանքում են։ «Ամենահամով սուրճն է գյուղականը՝ վառարանի վրա» ,-ասում են նրանք ու շարունակում՝«երբ Դաստակերտը քաղաք էր, էլի գյուղ էին դիտարկում, ուղղակի զբաղվածության խնդիր չկար»։

Տարիներ առաջ դաստակերտցիներն աշխատում էին հենց բնակավայրում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունում։ Հիմա զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսական այլ աշխատանքներով։ Համայնքների խոշորացումից հետո Դաստակերտը դարձել է Սիսիանի բնակավայրերից մեկը։

265 բնակիչ ունեցող Դաստակերտի դպրոցում այսօր 9 երեխա է սովորում, 20 աշխատակիցներից 12-ն ուսուցիչ են։

6 աշակերտ սեպտեմբերին դպրոցից տեղափոխվել են այլ բնակավայրեր։ Միակ պատճառը՝ ծնողներին աշխատանք էր պետք։ «Ժամանակին 700 երեխա է սովորել, դասերը կազմակերպվում էին երեք հերթափոխով»,-ասում է Իրինա Գեւորգյանը։

Ամուսնու հետ դպրոցում են աշխատում՝ մանկավարժներ են։ Երկու աղջիկ ու մեկ որդի ունեն։ Դաստակերտի դպրոցն են ավարտել ու ընդունվել պետհամալսարան։ Որդին բանակից նոր է զորացրվել։ «Առանց մասնավոր պարապմունքների մեր շրջանավարտները բուհեր են ընդունվում։ Ուղղակի զբաղվածության հարցը, որ լուծվի, հենց այստեղ՝ չքնաղ բնության մեջ կապրեն»,-ասում է Aravot.am-ի զրուցակիցը։

Ուսուցչանոցի պահարանում նկատում եմ գրիչով գրված ռեֆերատները։ Համակարգիչ ունեն, բայց երեխաները սիրում են իրենք անձամբ ձեւավորել։

8-րդ դասարանում երեք աշակերտ է սովորում։ Ընդհատում ենք պատմության դասը։ «Արմաթ» լաբորատորիա ենք ուզում, «Թումո»․ հեռախոսով ենք բզբզում ռոբոտաշինության դասընթացները»,-ասում է Արամը։ Վերջինս դասընկերուհին Հերմինեն քիմիայի ու ֆիզիկայի լաբորատորիաների կահավորում է երազում ու մարզադաշտ։

ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում նախատեսված է, որ Նժդեհի եւ Տորունիքի դպրոցները միանալու են Դաստակերտի դպրոցին։ Թե երբ՝ դեռ ոչ մեկը չի կարող ասել։ Առայժմ հստակ են միայն Կապանի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի դպրոցների միավորման ծրագիրը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728