Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր «Վեներան մուշտակով» ուրիշ է

Մարտ 08,2023 12:00

Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրած «Վեներան մուշտակով» ներկայացումը՝ ըստ ամերիկացի դրամատուրգ, սցենարիստ եւ գրող Դեյվիդ Այվզի համանուն գործի, ինքնատիպ աշխատանք է ստացվել՝ ՀՀ վաստակավոր արտիստ եւ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի եւ Նարեկ Բաղդասարյանի անչափ համոզիչ ու գեղեցիկ խաղի հաշվին: Պիեսում երիտասարդ դերասանուհին որոշում է ստանձնել գլխավոր դերը 19-րդ դարի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխի «Վեներան մուշտակով» էրոտիկ վեպում:


Սկզբում հանդիսատեսը տեսնում է քաստինգից ուշացած, մի քիչ անփույթ ու չհղկված դերասանուհու, որն անընդհատ շեշտում է, թե պիեսը թեթեւ աչքի է անցկացրել, եւ այն սադո-մազո է: Բայդ դա միայն առաջին հայացքից: Չէ՞ որ բոլոր կանայք ի ծնե դիվանագետ են ու դերասան: Ամեն գնով գլխավոր դերը կորզել ցանկացող դերասանուհուն նույնիսկ հաջողվում է համոզել ռեժիսորին իր հետ փորձել պիեսից հատվածներ:

Արդյունքում նա ոչ միայն պիեսն է բացահայտում ու մեկնաբանում յուրովի, այլեւ քննում է ռեժիսորի ներաշխարհը, թաքնված մղումներն ու համարձակ բնազդները: Ստեղծագործության բնաբանը խորհրդանշական ձեւով ընտրված է Հուդիթի գրքից. «Աստված պատժեց նրան եւ կնոջ ձեռքը տվեց»: Ռեժիսորն իսկապես ընկնում է կնոջ ձեռքն ու տապալվում՝ այլեւս իբրեւ «կարդացած գիրք»:


Համազգային թատրոնի «Վեներան մուշտակով» աշխատանքը, որը ներկայացում է ներկայացման մեջ, բնականաբար, ունի հաջողության մի քանի գրավական՝ դերասանների խաղ, ռեժիսոր, երաժշտական ձեւավորում (Սերժ Մելիք-Հովսեփյան», լուսային ձեւավորում (Յուրի Կարապետյան) եւ այլն:


Շուրջ 2 ժամ տեւող ներկայացումը նայվում է «մեկ շնչով»: Այն շատ դինամիկ է, տեղ-տեղ նյարդայնացնելու աստիճան լարված, նյարդայնացնելու, որովհետեւ դա գրգռում է հանդիսատեսի «ախորժակը» եւ մարդիկ վայրկյան առաջ ցանկանում են տիրանալ ինտրիգին: «Վեներան մուշտակով» ներկայացումը, որի պրեմիերան կայացել է 2022թ. ապրիլին, հաստատ արժի նայել, նույնիսկ մի քանի անգամ՝ անընդհատ նոր բան բացահայտելու մղումով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները հեղինակի եւ թատրոնի՝ ինստագրամի էջից:

«Առավոտ» օրաթերթ
07.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031