Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Սահակյան․ «Շատ երկրներում Հայաստանը կարմիր գույնով է ներկված․ այսինքն՝ արգելվում են կազմակերպված զբոսաշրջային այցելությունները»

Մարտ 09,2023 14:57

Չնայած 2022-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 665 հազար զբոսաշրջիկ, զբոսաշրջային ընկերությունները վնասներ են կրել։ Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասացին Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ու «Ավարայր» զբոսաշրջային գործակալության հիմնադիր-տնօրեն Արկադի Սահակյանը։

Ապրեսյանի ներկայացմամբ՝ 1 միլիոն 665 հազար այցելությունների մեծ մասը ՌԴ-ից էր, ինչը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով։

Արկադի Սահակյանն էլ հավելեց՝ մինչեւ չլինի հստակ պատկեր, թե ո՞ր երկրներից որքան այցելություն է եղել, չենք կարող ասել, թե զբոսաշրջային շուկան վերականգնվում է։ Նա նշեց, որ անցյալ տարի շատ էին կարճաժամկետ այցելությունները, Երեւանը օգտագործվել է որպես տրանզիտային կետ, այցելուները երկու-երեք օր անցկացնում էին Երեւանում, ապա մեկնում այլ երկրներ․ «Ցավոք, այդ թիվը մտցվել է այցելուների այդ 1 միլիոն 665 հազարի ցուցակում։ Այդ այցելությունները հանգեցրել են լրացուցիչ ճնշման՝ դրամի արժեւորվելուն։ Այսօր մենք կենտրոնական եւ արեւմտյան Եվրոպայի հետ նույն գնի մեջ ենք աշխատում։ Մինչ այդ, Հայաստանում հանգիստը նորմալ պայմաններում երեք-չորս աստղանի հյուրանոցային բազայի վրա օրական միջինը 120-130 դոլարի սահմաններում էր՝ էքսկուրսիաներով, այսօր այդ գինը 200 դոլար է»։

Սահակյանի խոսքով՝ զբոսաշրջային ընկերությունների եկամուտները կտրուկ նվազել են, անցյալ տարի է այդ ընկերությունների չնչին մասն է կարողացել վերանայել գները․ «Ընկերությունները 2021-ի հունիս-հուլիսից վաճառել էին 2022 թվականի փաթեթները, եւ վաճառել էին այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը մոտ 500 դրամ էր։ Իսկ անցյալ տարվա մայիսից, երբ հիմնական տուրիստական հոսքը սկսվել էր, դոլարն իջել էր մինչեւ 400 դրամի։ Այս պայմաններում ընկերությունները չեն կարողանում գինը փոխել։ Երկրորդ կորուստն անկառավարելի հոսքն էր դեպի Հայաստան, եւ ոչ թե զբոսաշրջիկների, այլ աշխատանքային միգրանտների, որոնք իրենց հետ գումար բերեցին։ Դա հանգեցրեց նրան, որ ռեստորաններում ճաշի գինը 20-30% բարձրացավ։ Տուրիստական ընկերությունները 20-25% կորուստ ունեցան նաեւ փոխարժեքի փոխանակման մեջ, մոտ 10-15% էլ՝ ռեստորան, հյուրանոց, տրանսպորտ ընդհանուր չեքի մեջ»։

Մեխակ Ապրեսյանն էլ նշեց՝ ոչ թե զբոսաշրջային ընկերությունների շահույթն է նվազել, այլ՝ վնասներ են կրել․ «Ընկերությունները չեն մերժել, վնաս կրելով՝ ընդունել են զբոսաշրջիկներին։ Այսօր զբոսաշրջային փաթեթի գինը մինչեւ 50% թանկանում է, նման գնով զբոսաշրջիկ բերելու համար պետք է հզոր մարքեթինգային քաղաքականություն ունենալ, փայլուն ենթակառուցվածքներ եւ այլն»։

Ապրեսյանի խոսքով՝ 2022-ին 1,66 միլիոն զբոսաշրջիկների թիվը կրկնակի ավելի է 2021 թվականի համեմատ, բայց դեռ չենք հասել 2019-ի ցուցանիշին։

Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2026 թվականը զբոսաշրջիկների թիվը հասցնել 2,5 միլիոնի։ Ապրեսյանն ասաց՝ սա հնարավոր է․ «Եթե ամեն ինչ լավ լինի, նոր արհավիրք չլինի, այս տարի կկարողանանք անցնել 2019-ի ցուցանիշը՝ 1,9 միլիոնը, այսինքն՝ մոտենալ 2 միլիոնին այս տարի էլ հնարավոր է։ 2026-ին մոտենալ 2,5 միլիոնին մեծ ջանքեր չի պահանջում, դա հնարավոր է առաջիկա երկու-երեք տարիներին։ Այլ բան է, որ մենք պետք է մտածենք՝ ո՞րն է սահմանը, որքա՞ն զբոսաշրջիկներ են մեզ անհրաժեշտ կայուն զբոսաշրջություն ապահովելու համար»։

Միջազգային գործակալությունների վարկանիշների համաձայն` Հայաստանը 7-րդ տեղում է ամենաանվտանգ երկրների ցանկում, Երեւանը 20-րդ տեղում է ամենաանվտանգ քաղաքների ցանկում։ Այս առնչությամբ Սահակյանն ասաց՝ երբ այս ցուցանիշը կարդացել է, մտածել է՝ ինչ-որ մեկը կատակ է արել․ «Քանի որ շատ երկրներում Հայաստանը կարմիր գույնով է ներկված՝ սահմանային շրջաններում։ Ֆրանսիան, որը մեզ բարեկամ երկիր է, Հայաստանի սահմանամերձ շրջանները՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի հետ, կարմիր գույնով է նշված։ Դա նշանակում է գոտի, որտեղ արգելվում են կազմակերպված զբոսաշրջային այցելությունները։ Ֆրանսիական շատ ընկերություններ, որոշ ամերիկյան ընկերություններ հանեցին այցելությունները այդ տարածաշրջաններ, որոնք հարակից էին կարմիր գոտուն։ Սա հետեւանք է մեր արտաքին գերատեսչության աշխատանքի բացակայության։ Չկարողացան բացատրել, որ այդ տարածաշրջաններ այցելությունները վտանգավոր չէ, որ ՀՀ-ն ապահովում է ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ երկիր այցելող զբոսաշրջիկների անվտանգությունը»։

Հայաստանը չի կարող լինել մասսայական զբոսաշրջային երկիր, քանի որ չունի օրինակ՝ ծով, ուստի անհրաժեշտ է, ինչպես Սահակյանն ասաց, լուրջ գիտական աշխատանք, թե ինչպես երկիրը դարձնել զբոսաշրջային գրավիչ կենտրոն։ Նա ասաց, որ պետք է մեծ աշխատանք տանել զբոսաշրջային ոլորտում ներգրավված բոլոր օղակների հետ․ «Չունենք մշակված տեղեկատվական բազա։ Մի օրինակ բերեմ՝ ՀՀ-ում անորակ զբոսավարների աշխատանքի արդյունքում մենք ունենք երեք-չորս տարբերակ Եղեռնի մասին, մոտ յոթ տարբերակ՝ Հայ Առաքելական եկեղեցու պատմության մասին, մի քանի տասնյակի հասնող տարբերակներ հայ ժողովրդի, հայկական պետության պատմության մասին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031