Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ օրենքում եւ ՏԱ օրենքում հատվածային փոփոխություններն անթույլատրելի են

Մարտ 30,2023 14:30

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագծի 8.2 գործողությամբ նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների դրույթները՝ անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի, խտրականության բացառման, երեխայի իրավունքների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագծի 8.2 գործողությամբ նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների դրույթները՝ անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի, խտրականության բացառման, երեխայի իրավունքների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում: Որպես ելակետային տվյալ՝ նշվում է, որ «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների դրույթները չեն վերլուծվել անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի, խտրականության բացառման, երեխայի իրավունքների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում, ինչպես նաեւ նշվում է, որ ԶԼՄ-ների կամ լրագրողների կողմից անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի խախտման, խտրականության, երեխայի կամ բռնության ենթարկված անձանց իրավունքների խախտման համար պատասխանատվության ենթարկելու դեպքերի վիճակագրություն չի վարվում:

Իսկ որպես գործողության արդյունք՝ նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» (ԶԼՄ օրենք) եւ «Տեղեկատվության ազատության մասին» (ՏԱ օրենք) օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը՝ անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի, խտրականության բացառման, երեխայի իրավունքների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում, եւ այդ նախագծերը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:

Նշված գործողությունը խնդրահարույց է, հիմնված է իրականությանը չհամապատասխանող ելակետային տվյալների վրա, ներկայացված է այնպիսի հիմնավորումներով ու պնդումներով, որոնք ի սկզբանե պատշաճ չեն, ընդհանրապես հաշվի առնված չեն օրենքների կարգավորման առարկաները, գործողությունների շրջանակը, անգամ տերմինաբանության մակարդակում գործողությունները ձեւակերպված են ոչ պատշաճ, անորակ: Առնվազն, ինչպես ԶԼՄ օրենքով նախատեսված լրագրողական ազատությունը, այնպես է ՏԱ մասին օրենքով նախատեսված՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու, ազատությունը եւ այդ ազատության սահմանները (տեղեկատվության ազատության սահմանափակումները), ոչ միայն ուղղակիորեն եւ հստակ սահմանված են նշված օրենքներով (ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, ԶԼՄ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս), այլ նաեւ դարձել են գիտագործնական (դոկտրինալ) մեկնաբանությունների, դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի քննարկման առարկա:

ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածը չի նախատեսում այս կամ այն տեղեկության գաղտնիությունը, հետեւաբար, կոնկրետ դեպքում տեղեկությունների՝ որեւէ պատճառով (որեւէ իրավունքի ապահովման անհրաժեշտության դեպքում) գաղտնիք լինելու հանգամանքը պետք է պատշաճ հիմնավորմամբ սահմանվի ոչ թե ՏԱ մասին օրենքով, այլ նման տեղեկություն տնօրինողի ոլորտային օրենքներով (օրինակ, բռնության ենթարկված անձանց մասին տեղեկության մատչելիության հարցերը պետք է կարգավորվեն այդ տեղեկությունները տնօրինող մարմինների օրենսդրություններով, ինչպես արված է բազմաթիվ դեպքերում (տես՝ օրինակ, «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի 51- րդ հոդվածի 9-րդ մասը, Դատավարական օրենսգրքերը եւ Դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 10-րդ մասը, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքը բժշկական գաղտնիքի մասով, «Փաստաբանության մասին» օրենքը փաստաբանական գաղտնիքի մասով, Բանկային գաղտնիքի մասին օրենքը, լավ կամ վատ՝ անգամ ՀՀ կառավարության՝ 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման 1-ին հավելվածի 28-րդ կետը՝ կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք լինելու մասով):

«ԶԼՄ մասին» օրենքի 7-րդ հոդվածը պարունակում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաեւ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկությունը տարածելու արգելքի եւ նույն տեղեկությունը հանրային շահերի պաշտպանության համար տարածելու թույլատրելիության կանոնը (harm test)` իր բոլոր կոնվենցիոն եւ սահմանադրաիրավական հիմքերով եւ չափանիշներով (տես՝ «Կարհուվարան եւ Իլտալեհտին ընդդեմ Ֆինլանդիայի» (2004 թ.), «Ֆելդեկն ընդդեմ Սլովակիայի» (2001 թ.), «Շաբանովը եւ Տրենն ընդդեմ Ռուսաստանի» (2006 թ.), «Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության» (1979 թ.), «Յանովսկին ընդդեմ Լեհաստանի» (1999 թ.), «Կարհուվարան եւ Իլտալեհտի Կհտին ընդդեմ Ֆինլանդիայի» (2004 թ.), «Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության» (1976 թ.), «Օբզերվերը եւ Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության» (1991 թ.), «Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի» (1992 թ.), «Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» (2004, 2012, 2013) գործերով ՄԻԵԴ-ի վճիռները, Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշումը եւ այլն):

Անգամ օգտագործված տերմինաբանությունը պատշաճ չէ. նշվում է «անձնական եւ ընտանեկան կյանք»-ի մասին, այնինչ պետք է խոսք գնա անձնական կամ մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության կամ գաղտնիության մասին (Սահմանադրության 34-րդ հոդված, ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ, ԶԼՄ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս, Քրեական օրենսգրքի 204-րդ հոդված):

Եվ վերջապես, լրագրողական համայնքը բազմիցս նշել է, որ ԶԼՄ օրենքում եւ ՏԱ օրենքում հատվածային փոփոխություններն անթույլատրելի են. դրանք խաթարում են օրենքների տրամաբանությունը եւ լրջագույն խնդիրներ ստեղծում պրակտիկայում։

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք գործողությունների ծրագրից ամբողջությամբ հանել 8.2 գործողությունը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«Ա». Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն է։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, որոնց անհրաժեշտությունը լրացուցիչ մասնագիտական վերլուծության կարիք ունի, խորհրդարանը նոր սահմանափակում մտցրեց նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։

«Առավոտ» օրաթերթ
29.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031