Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ, երբ ծանր վիճակում եք գտնվում, պետք չէ հիշել մեծն Թամանյանին»․ Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին

Մարտ 30,2023 14:47

«Մեծ-մեծ խոսում են, թե ինչպես են ծառերի առողջացման հատման միջոցառումներ անում, բայց երբ տեղում գնում՝ նայում ես, տեսնում ես, թե ինչպես են հատում, և ծառերի բաց վերքերը մշակված չեն։ Այդպես հնարավոր չէ անել, երբ հատում ես և խոսում ես ծառի առողջացման մասին, անպայման ծառերի վերքերը պետք է մշակել, ոչ թե թողնել, որ ինֆեկցիան և միջատները մտնեն ծառի բուն և հիվանդացնեն»,- «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում Երևանում շարունակվող ծառերի զանգվածային հատումների հետևանքների և վտանգների մասին քննարկման ժամանակ հայտարարեց «Արթուր Թարխանյան մշակութային կենտրոնի» հիմնադիր-տնօրեն Անահիտ Թարխանյանը։

Նա տեղեկացրեց՝ երեկ քաղաքացիները վրդովված ֆեյսբուքում մի փոքր հոլովակ են ներկայացրել, որտեղ թիվ 147 դպրոցի բակում հատում էին ծառերը․ «Շատ վրդովված էին քաղաքացիները, և նույն վրդովմունքը մեզ բոլորիս էր հասնում։ Հաճախ խոսում են այն մասին, որ մի քանի անձ քաղաքում, որոնք ուղղորդված են, որոնք պարզապես միտում ունեն չգնահատելու քաղաքապետարանի ամբողջ ծրագիրը, քաղաքական տեսակետ են հայտնում։ Իմ խոսքերն ուղղված են քաղաքապետարանին և պարոն Բեգոյանին։ Պետք չէ ամեն անգամ, երբ ծանր վիճակում եք գտնվում՝ հիշել մեծն Թամանյանին։ Նա նախագծել է Երևանը՝ որպես քաղաք-այգի։ Ժամանակին դա Եվրոպայում և աշխարհում իրականացված միակ քաղաքն էր՝ քաղաք-այգի գաղափարախոսության մեջ»։

Անդրադառնալով Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին,  թե ինչքան կարևոր է ՀՀ զարգացումը՝ հաշվի առնելով կանաչապատումը, Անահիտ Թարխանյանը զուգահեռ անցկացրեց․ «Հենց նույն րոպեին քաղաքապետարանի կողմից պարոն Ավինյանի ստորագրությամբ արձանագրություն 1-ում որոշված է, որ պետք է հատվեն անթիվ ծառեր։ Այս արձանագրության մեջ որևէ գրագրություն չկա այն մասին, որ պետք է այս ծառերը հատվեն։ Մինչդեռ հատվում են առողջ ծառերը»։

Անդրադառնալով Կասկադում հատված շուրջ 33 ծառերի խնդրին և սակուրա տեսակի ծառերի առանձնահատկություններին՝ Անահիտ Թարխանյանն ասաց․ «Սակուրան գեղեցիկ ծառ է։ Այն աճում է Ճապոնիայում։ Նրա բնակլիմայական պայմանների առանձնահատկությունը օդի խոնավությունն է։ Մենք բերում ենք այս ծառը, որը չի կարող աճել ու ապրել ՀՀ պայմաններում և ասում ենք, որ գեղեցիկ ծառ կդառնա։ Նախ` դա այն սակուրան չէ, որը մեզ ցույց են տալիս ինտերնետով։ Դրանք փոքրիկ թփեր են՝ պատվաստած, մեկ-երկու մետրանոց, որի գլխին թփեր են պատվաստել։ Այն երբեք մեծ ծառ չի դառնա։ Սարյան փողոցում՝ «Մոն Ամի» խանութի դիմաց տնկված են հինգ սակուրա, որոնք տասը տարեկան և ավելի ծառեր են։ Ամեն օր տեսնում եմ, թե խանութի աշխատակիցներն ինչպիսի ջանքեր են կիրառում, որ այդ ծառերն ապրեն, չչորանան․ ջրցան են անում, խոնավեցնում են միջավայրը, որ ծառերը դիմանան։ Արդեն 15 տարեկան ծառեր են, իրենց ճյուղերը մեկ մետրից ավել չեն բացվել։ Այսինքն՝ մենք ունենք վարչապետ, որն իր ելույթում հստակ դնում է հարցեր, որ այսպիսին պիտի լինի մոտակա ժամանակներում ՀՀ զարգացման քաղաքականությունը, բայց լրիվ ուրիշ բան ենք տեսնում Երևան քաղաքում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031