Լրահոս
Օրվա լրահոսը

Փիլոյանի գործով մեղադրյալի կալանքը երկարաձգվեց․ նրա մոտ տուբերկուլոզ է ախտորոշվել

Մարտ 31,2023 19:35

Հակակոռուպցիոն դատարանում արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստն էր այսօր, որի ընթացքում քննարկվեց մեղադրյալներից Վիգեն Գրիգորյանի խափանման միջոցի հարցը․ նրա կալանքի ժամկետը լրանում է ապրիլի 13-ին, եւ մեղադրողը նշեց, որ  այդ  խափանման միջոցի կիրառման հիմքերը պահպանվել են, կալանքի ժամկետը պետք է երկարաձգել, իսկ մեղադրյալի առողջական վիճակի հետ կապված համապատասխան գործողություններ արդեն իսկ  ձեռնարկվել են։

Վիգեն Գրիգորյանի պաշտպան Կարեն Ղոնյանը հակադարձեց, որ կալանքը գրավով փոխարինելու անհրաժեշտություն կա,  քանի որ Գրիգորյանը բժշկական կենտրոնում ամբողջապես հետազոտվելու կարիք ունի՝ պարզելու համար, թե որոնք են ինքնազգացողության վատացման եւ ճնշման բարձրացման պատճառները։ Պաշտպանը պնդեց, որ նոր հիվանդություն է ի հայտ եկել, սակայն մանրամասները չհրապարակելու համար համապատասխան փաստաթղթերը փոխանցեց դատավորին։

Դատարանին տրամադրվեց նաեւ բժշկական կենտրոններից մեկի տված տեղեկանքն այն մասին, որ Վիգեն Գրիգորյանի մոտ ախտորոշվել է տուբերկուլոզ։ Վիգեն Գրիգորյանն իր հերթին դատարանին խնդրեց տնային կալանք նշանակել գոնե։ Դատարանը որոշեց նրա կալանքը երկարաձգել 3 ամսով, քանի որ առկա է գործի քննությանը խոչընդոտելու վտանգ։

Հիշեցնենք, որ դեռեւս 2022թ․-ի սեպտեմբերին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի, ինչպես նաև հանցավոր այլ արարքների կատարման մեջ մեղադրվող եւս 12 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է․ «Նախաքննությամբ պարզվել է, որ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար ԱԻ նախարար Փիլոյանը իր խորհրդական Աշոտ Հակոբյանի  օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք»։

Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի․ «Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Անդրանիկ Փիլոյանը, առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթավորման, բանավոր հանձնարարություն է տվել ԱԻ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վ. Մ.-ին՝ ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի պահեստի ավելի քան 18 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքն ապամոնտաժելու վերաբերյալ: Այնուհետև Վ. Մ.-ն 2022թ. մարտին, հիշյալ գույքը հափշտակելու դիտավորությամբ, այն տեղափոխել է մասնավոր տարածք եւ դրա մի մասը վաճառել Սևան քաղաքի բնակչին: Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանալուն: Բացի այդ, քրեական վարույթի համաձայն` նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով` 960 000 ՀՀ դրամ կաշառք ստանալուն: Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն»։

Անդրանիկ Փիլոյանը վերջերս գրավով կալանքից ազատ է արձակվել։ Գործով մեղադրյալներ են եւս 12 անձինք, այդ թվում` ԱԻ նախարարության մի շարք պաշտոնյաներ։ Մեղադրանքի վերաբերյալ Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանի պարզաբանումները՝ այստեղ։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031