Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ջութակահար, ականավոր մանկավարժ Հրաչյա Բոգդանյանի «Գոհարը»

Ապրիլ 14,2023 13:00

Եվս մի անհայտ դրվագ Գոհար Գասպարյանի կյանքից

Մեր մշակույթի մեծերի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը ներկայացնող մեծաթիվ բրոշյուրների ու փոքր-ինչ ծավալուն հրատարակությունների պակաս կարծես թե չկա, բայց թույլ տվեք նկատել, որ այն, ինչ հրատարակել ու շարունակում է ներկայացնել պատկառելի տարիքում գտնվող արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, բացառիկ է։ Պատճառը մեկն է. այդ աշխատություններն արդյունք են արվեստաբանի եւ նրա հերոսների ստեղծագործական գործունեության առաջին քայլերից մինչեւ որոշ դեպքերում՝ նրանց կարապի երգը ընկած ժամանակահատվածի մտերմության, երբեմն էլ բարեկամության։ 21 գրքերում ու գիրք-ալբոմներում հեղինակն անդրադարձել է մեր անվանի, ճանաչված ու սիրված արվեստագետների գործունեությանը, այդ թվում՝ Բաբկեն Ներսիսյանի, Օֆելյա Համբարձումյանի, Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Ժենյա Ավետիսյանի, Երվանդ Ղազանչյանի, Գալյա Նովենցի, Ռուբեն Մաթեւոսյանի եւ այլն։ Ժամանակին Հովհաննես Չեքիջյանն իրեն նվիրված գրքի շնորհանդեսի ժամանակ ասել էր. «…Այս աշխատությունը ինձ համար իսկական հուշարձան է»։

Օրերս «Առավոտը» հյուրընկալել էր Սերգեյ Առաքելյանին եւ մեր հետաքրքրությանը, թե առաջիկայում ի՞նչ նոր աշխատություններով է հանդես գալու, մշակութաբանն ասաց, որ շուտով արվեստասերները «կհանդիպեն» թատրոնի եւ կինոյի անվանի դերասան Սոս Սարգսյանին, իսկ այս պահին ձեռնամուխ է եղել «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հերթական՝ ժողովրդական եւ աշուղական երգերի անկրկնելի կատարող Արաքսյա Գյուլզադյանի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող հատորի աշխատանքներին։

Մատենաշարում են մեկ-երկու արվեստագետների գործունեությունը ներկայացնող ոչ թե մեկ, այլ երկու գիրք։ Հետաքրքիր է՝ լինելով մեծանուն Գոհար Գասպարյանի կենսագիրը, ունեք նրա մասին պատմող մեկ գիրք, այս փաստը ունի՞ բացատրություն, հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Չափազանց բազմագույն է աներկրորդ երգչուհու՝ Գոհարի կյանքի հեքիաթը, ինչը կարելի է անվերջ պատմել ու պատմել… Անսահման է ցանկությունս իմ Գոհարի մասին ստեղծել ոչ թե երկրորդ, այլ երրորդ, չորրորդ գրքերը նույնպես։ Այս պահին մտաբերեցի հետեւյալ դիպվածը, որն առաջինը ձեզ եմ պատմում։ Գիտեք անվանի ջութակահար, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանին, ով Գոհարի ձայնն առաջինը ունկնդրող չորս երջանիկներից մեկն է եղել։ Հրաչյան ինձ պատմել է հետեւյալը. 1948թ. սեպտեմբերին Սպենդիարյանի անվան լարային քառյակով շրջագայում էինք ծովափնյա քաղաքներում։ Վերջին ելույթը Սոչիում էր։ Հայաստանի արվեստի գործերի վարչության պետ Կարպ Դոմբաեւից հեռագիր ստացանք. շտապ պետք է մեկնեինք Բաթում, համերգով հանդես գալու Եգիպտոսից «Ռոսսիա» շոգենավով հայրենիք եկած մեր հայրենակիցների համար։ Համերգը տեղի ունեցավ հենց նավահանգստում։ Հանդիսատեսի թիվը չեմ կարող ասել, հարյուրներով չէր, հազարներով էր։ Մինչ համերգը՝ ամոթխած ու գեղեցկատես մի աղջկա ձեռքը բռնած մեզ մոտեցավ մի անձնավորություն, ներկայանալով նրա ամուսին՝ խնդրեց լսել աղջկան, հավանելու դեպքում ընդառաջել, թույլ տալ ելույթ ունենալ մեր քառյակի հետ։ Հարցրի՝ ի՞նչ է ցանկանում երգել, աղջիկը անմիջապես պատասխանեց՝ ինչ նվագեք, այն էլ կերգեմ»։ Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ Բոգդանյանն ու քառյակի երաժիշտները հիացել են աղջկա կատարումներով եւ «բացվել է հրաշքների մի աշխարհ»՝ Կոմիտասյան երգեր, Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ասում են ուռին» մեներգ, Օբերի «Մանոն Լեսկո» օպերայից «Ծիծաղի պոռթկում» մինչեւ Ալյաբեւի «Սոխակ», Գլյուկի մեներգ՝ «Իֆիգենիան Ավլիսից» օպերայից… իսկ ամենաուշագրավն այն էր, որ աղջնակը բոլոր երգերը կատարում էր բնագրով։ «Պարզ է, չէ՞, որ Գոհար Գասպարյանի մասին է խոսքը… Մի բան էլ այս պահին մտաբերեցի. Բոգդանյանն ասաց, որ լսելով Գոհարի երկնային ձայնը, զարմանքից ու հիացմունքից ձեռքերը սկսել են դողալ, նույնիսկ մի քանի րոպե դադարել է նվագել։ Այդժամ կվարտետի երաժիշտները միաձայն կարծիք են հայտնել, թե այդ աղջիկը երեւույթ կդառնա հայաստանյան երգչական արվեստում»,- հայտնեց պարոն Առաքելյանը, շարունակելով, թե իրավացի էր տաղանդաշատ ջութակահարը՝ Գոհար Գասպարյանն իսկապես դարձավ ոչ միայն մեր, այլեւ համաշխարհային երգարվեստի երեւելիներից մեկը։ Հավելեց նաեւ, թե մեծահռչակ երգչուհի Զարուհի Դոլուխանյանը մի առիթով իրեն ասել է՝ Գոհարը միանշանակ աստղ է, որ մի քանի համաստեղություն արժի, ինքն էլ ավելացրել է՝ Գոհարը մի ողջ գալակտիկա է։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930