Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Մատենադարանում 

Ապրիլ 24,2023 17:03

Այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Մատենադարանում հատուկ ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը:  Այն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը՝ ներկայացնելով «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների պատմությունն ու գործունեությունը, արտացոլելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համաշխարհային ազդեցությունը:  Ցուցադրվելու է 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանիին նվիրված տիտղոսաթերթը, որի նկարազարդումն իրականացրել են Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի երեխաները:

«Մատյան մարդասիրացը»  միակ ձեռագիրն է, որ ստեղծվել է Մատենադարանում 21-րդ դարում՝ հայ մատենագրության բոլոր ավանդույթների պահպանմամբ:  Ամեն տարի ապրիլի 24-ին յուրահատուկ արարողությամբ ձեռագրում արձանագրվում են «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների անուններն ու նրանց պատմությունները: «Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին՝ որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մաշտոցյան Մատենադարանի միջեւ համագործակցության խորհրդանիշ:

«Մարդասիրության վավերագրումը ձեռագիր մատյանում, այն էլ պատանիների մասնակցությամբ, հիանալի հնարավորություն է ապագա սերնդին ներգրավելու մշակութային ժառանգության պահպանման, ավանդույթների փոխանցման գործում: Սա լավ առիթ է վաղ հասակից նրանց ծանոթացնելու մարդասիրական արժեքներին՝ միաժամանակ նպաստելով նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը»,- նշեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթեւոսյանը:

«Մատենադարանի ոգեղեն միջավայրում մեր օրերում ստեղծվող այս եզակի ձեռագրի պատկերազարդումը պատանիներին վստահելը մեծ խորհուրդ ունի: Ավրորա Մարդիգանյանն իրենց տարեկիցն էր, երբ վերապրեց ցեղասպանությունը եւ պատմեց աշխարհին հայերի հետ տեղի ունեցած ողբերգության մասին: Այս ձեռագիրը յուրօրինակ կամուրջ է հին ու նոր սերունդների եւ ժամանակների միջեւ, իսկ երեխաների ներգրավումը դրա ստեղծման գործում՝ մարդասիրությունը նրանց ազնիվ պատկերացմամբ ներկայացնելու փորձ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Գեղարվեստական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը:

«Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Մատենադարանի Արցախի ձեռագրերի սրահում ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 20-ը: Այն մեկշաբաթյա հատուկ ցուցադրության կդրվի նաեւ աշնանը, երբ ձեռագրի վերջին էջում կներկայացվի Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը:

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930