Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն գույք կբռնագանձվի նախկին պաշտոնյաներից

Մայիս 03,2023 12:15

Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքներին։

2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ։

51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք և ավելի քան 92 մլրդ դրամ: 2022 թվականին իրականացված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից, և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել 11 հայցադիմում, իսկ Հակակոռուպցիոն դատարան՝ ևս 10 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ: Նշված 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 միլիարդ դրամ:

Աննա Վարդապետյանը ներկայացրեց հնչեղություն ունեցող դեպքերով բռնագանձման հայցերը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումով դատարան պահանջ է ներկայացվել Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երեւանում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները։

Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումով վարչությունը պահանջ է ներկայացրել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից եւ նրան փոխկապակցված 7 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 15 անշարժ գույք, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց։

Մյուս հայցադիմումով պահանջ է ներկայացվել դատարան՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետի տեղակալ Վաչագան Ղազարյանից եւ նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել Երեւանում գտնվող 17 բնակարաններ, տարածքներ, շինություններ։

Մեկ այլ հայցադիմումով պահանջ է ներկայացվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ պետության բռնագանձել 5 անշարժ գույք, Երեւան քաղաքում գտնվող առանձնատուն, Գորիսում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոց։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031