Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ զգացողություններ վերջույթներում, քայլելու հետ կապված խնդիրներ․ վիտամին B12-ի անբավարարությունը կարող է նենգ ու վնասակար լինել

Մայիս 04,2023 09:30

2 ամսվա ընթացքում 62-ամյա տղամարդու մոտ սակավարյունություն է զարգացել։ Նա ունեցել է ձեռքերում ծակծկոցի զգացողություն, քայլելու հետ կապված դժվարություններ, հոդացավեր, աստիճանաբար սկսել է շնչահեղձ լինել․ կլինիկական այս դեպքը նկարագրված է Հարվարդի հետ փոխկապակցված Մասաչուսեթսի հիվանդանոցի զեկույցներից մեկում, որտեղ տղամարդու այս վիճակը բացատրվում է վիտամին B12-ի անբավարարությամբ, որի ավելի բարդ աստիճանը, ինչպես նշվում է, կարող էր հանգեցնել խորը դեպրեսիայի, հիշողության կորստի, համի և հոտի կորստի, անմիզապահության և այլն։

Ինչու է կարևոր վիտամին B12-ը

Վիտամին B12-ն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին էրիթրոցիտների, նյարդերի, ԴՆԹ-ի արտադրության և այլ գործառույթների իրականացման համար։ Հասուն մարդուն օրական մոտ 2,4 մկգ վիտամին B12 է անհրաժեշտ։ Ինչպես և վիտամինների մեծամասնությունը, այս մեկը ևս չի արտադրվում օրգանիզմի կողմից, և այն անհրաժեշտ է ստանալ սննդի կամ հավելումների միջոցով։

Եվ խնդիրը հենց դրա մեջ է․ որոշ մարդիկ բավարար քանակությամբ չեն օգտագործում այս վիտամինը, մյուսներն էլ չեն կարողանում բավարար քանակությամբ յուրացնել այն՝ անկախ նրանից, թե ինչ քանակությամբ են օգտագործում։ Արդյունքում վիտամին B12-ի անբավարարությունը բավականին հաճախ է հանդիպում, հատկապես՝ տարեց մարդկանց շրջանում։ 

Որ դեպքերում կա՞ վիտամին B12-ի անբավարարության զարգացման վտանգ

Այս վիտամինի անբավարարության պատճառները բազմաթիվ են․ ընդ որում՝ դրանցից երկուսը կապված են առողջության բարելավման հետ՝ բուսակերների դիետան և քաշի նվազեցման համար իրականացվող վիրահատությունները։ 

Այս սննդանյութի սննդային աղբյուր են հանդիսանում միսը, թռչնամիսը, կաթնամթերքը, հավկիթն ու կենդանական ծագման այլ մթերքները։ Խիստ բուսակերներն ու վեգանները վիտամին B 12-ի անբարարության ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, եթե չեն ուտում այս վիտամինով հարստացված հատիկավորներ կամ չեն ընդունում այն հավելումների տեսքով։ Քաշի նվազեցմանն ուղղված վիրահատություն տարած մարդիկ ևս ռիսկի խմբում են, քանի որ վիրահատության արդյունքում կարող է խանգարվել օրգանիզմի՝ սննդից վիտամին B12 ստանալու ունակությունը։ 

Վիտամին B12-ի հետ կապված խնդիրներ կարող են առաջացնել նաև առողջական այնպիսի վիճակները, ինչպիսիք են ցելիակիան և Կրոնի հիվանդությունը, ինչպես նաև այրոցի դեմ պայքարող դեղամիջոցների հաճախակի օգտագործումը, ինչի արդյունքում նվազում է ստամոքսահյութի արտադրությունը, որն անհրաժեշտ է վիտամին B 12-ի յուրացման համար։ Այս վիճակը հաճախ է հանդիպում տարեց մարդկանց շրջանում, քանի որ տարիքի հետ կարող է նվազել ստամոքսահյութի արտադրությունը։ 

Վիտամին B12 -ի անբավարարության ախտանշանները

Վիտամին B12 -ի անբավարարությունը կարող է դանդաղ զարգանալ՝ արդյունքում ախտանշաններն էլ են  աստիճանաբար դրսևորվում՝ ժամանակի ընթացքում սրվելով։ Սակայն դա կարող է տեղի ունենալ նաև համեմատաբար արագ։

Վիտամին B12 -ի անբավարարության ախտանշանները բազմաթիվ են, որոնք կարող են աննկատ մնալ կամ շփոթվել մեկ այլ վիճակի հետ։ 

Դրանք ներառում են՝

  • Տարօրինակ զգացողություններ, թմրածություն կամ ծակծկոցներ ձեռքերում, ոտքերում և ոտնաթաթերում,
  • քայլելու հետ կապված դժվարություններ (ճոճվել, հավասարակշռությունը պահելու հետ կապված խնդիրներ),
  • սակավարյունություն,
  • այտուցված, բորբոքված լեզու,
  • ճանաչողական դժվարություններ, հիշողության կորուստ,
  • թուլություն,
  • հոգնածություն և այլն։

Վիտամին  B12-ի անբավարարությունն ախտորոշվում է բժշկի հետազոտության և արյան անալիզի միջոցով։ Կարևոր նշանակություն ունի խնդրի վաղ հայտնաբերումն ու բուժումը, քանի որ այս վիտամինի դեֆիցիտը կարող է նյարդաբանական լուրջ խնդիրներ և արյան հիվանդություններ հարուցել։ 

Խիստ բուսակերներին, քաշի նվազեցման վիրահատություն տարած և սննդի յուրացման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում հսկել օրգանիզմում B12-ի մակարդակը։ 

Վիտամին B12-ի մակարդակի շտկումը

Վիտամին B12-ի լուրջ անբավարարությունը կարելի է շտկել 2 եղանակով՝ ամենօրյա ներարկումներով կամ հավելումների ընդունմամբ, իսկ թեթև դեֆիցիտը կարելի է շտկել պոլիվիտամինների օգնությամբ։ 

Ինչ չի կարող անել վիտամին B12-ը

Համացանցը լի է նյութերով, որոնք գովաբանում են վիտամին B12-ը Ալցհայմերի հիվանդության, սրտային հիվանդությունների և այլ խրոնիկ վիճակների կանխարգելման, չբերության, հոգնածության, էկզեմայի բուժման համար, սակայն դրանց մեծամասնության հիմքում ապացույցներ չկան։ 

Օրինակ՝ Ալցհայմերի հիվանդության դեպքում․ թեև կապ կա վիտամին B12-ի ցածր մակարդակի և ճանաչողական գործառույթների վատթարացման միջև, սակայն Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց մասնակցությամբ անցկացված կլինիկական հետազոտությունը ճանաչողական գործառույթների բարելավում ցույց չի տվել անգամ B12-ի ՝ բարձր չափաբաժիններով գործածության դեպքում։ 

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Harvard Health

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031