Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմն ու ուղիղ չվերթների արգելքը. «Ամերիկայի ձայն»

Մայիս 10,2023 23:23

«Ամերիկայի ձայն». Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վրաստանի նախագահը Ռուսաստանի նախագահի որոշումը համարում է սադրիչ և անընդունելի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով Մոսկվան չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև ուղիղ չվերթների արգելքը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանել դեռևս 2000թ.-ին: Հետագայում Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ, Թբիլիսին միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար 2012թ.-ին: Անցյալ տարվա փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և դեպի Վրաստան ռուսների զանգվածային ներգաղթից հետո վրաց հասարակության մի մասը հանդես եկավ ռուսների մուտքի ավելի կոշտ կանոնների օգտին:

Այսպես, 2022 թվականի դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 20-ը Վրաստանում անցկացված ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության՝ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) հետազոտության արդյունքների համաձայն, Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է Վրաստանի իշխանությունների քաղաքականությունից ռուսաստանցիների ներգաղթի հետ կապված և կարծում է, որ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է ունենալ վիզային ռեժիմ։

Մասնավորապես, NDI-ի կողմից հարցվածների 69%-ն այն ժամանակ կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար մուտքի վիզաների հաստատմանը 21%-ը՝ դեմ, իսկ 10%-ը նշել է, որ չունի պատասխան։

Միևնույն ժամանակ, NDI-ի կողմից դեկտեմբերին հարցվածների 57%-ը նշել է, որ հավանություն չի տալիս Վրաստանի կառավարության քաղաքականությանը Ռուսաստանից միգրանտների հարցում, իսկ 29%-ն ընդունելի է համարում իշխանությունների մոտեցումը: 14%-ը չգիտի կամ հրաժարվել է պատասխանելուց։

Միևնույն ժամանակ, Վրաստանում այս տարվա մարտի 4-ից մարտի 23-ը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 79%-ը բացասական վերաբերմունք է հայտնել Վրաստանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար վիզայի ռեժիմի բացակայության, ռուսաստանցիների կողմից անշարժ գույքի գնման և Վրաստանում ընկերություններ գրանցելու նկատմամբ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին հրապարակված Վրաստանի ՆԳՆ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը Վրաստան է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության 112 733 քաղաքացի, ինչը կազմում է ընդհանուր բնակչության մոտ երեք տոկոսը։

Ինչ վերաբերում է երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնմանը, Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժը կորցրած ճանաչել Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2019 թվականի հունիսի 21-ի հրամանագիրը, որով արգելվում է ուղիղ չվերթները դեպի Վրաստան։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ 2019 թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում սկսվել են խաղաղ ցույցեր՝ ընդդեմ Միջխորհրդարանական ուղղափառ ֆորումի նիստին ՌԴ-ի Պետական Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի նախագահությանը, ռուսական ավիաընկերություններին արգելվեց «իրականացնել քաղաքացիների օդային (այդ թվում՝ առևտրային) փոխադրումներ Ռուսաստանի Դաշնության տարածքից Վրաստանի տարածք»՝ «իրենց անվտանգության համար»։

Հատկանշական է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պարբերաբար հիշեցնում էր օդային հաղորդակցությունը վերականգնելու անհրաժեշտության մասին, սակայն զգուշացնում էր, որ «գլխավորը Թբիլիսիում ռուսաֆոբ արշավը չուռճացնելն է»։ Վերջին անգամ Լավրովը նման հայտարարություն է արել հունվարի 18-ին։

Այն ժամանակ Վրաստանի իշխանությունները ողջունեցին Լավրովի հայտարարությունը օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, սակայն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության դրական արձագանքը՝ հունվարի 20-ին ընդգծելով, որ նա անձամբ դեմ է ուղիղ չվերթների վերսկսմանը, քանի որ անընդունելի է համարում Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում դրական դինամիկայի վերականգնմանը:

Մայիսի 10-ին Պուտինի հրամանագրերի հրապարակումից հետո Զուրաբիշվիլին կրկին հանդես եկավ այս կապակցությամբ սուր քննադատությամբ։

«Սա ռուսական հերթական սադրանքն է. Ես անընդունելի եմ համարում ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը և Վրաստանի համար վիզային սահմանափակումների վերացումը, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայում և մեր տարածքների օկուպացիան»,- գրել է Զուրաբիշվիլին Twitter-ում։

Ընդդիմությունը Ռուսաստանի Դաշնություն մուտքի վիզաների վերացման և Վրաստանի հետ ավիափոխադրումների արգելքի վերացման մասին Պուտինի որոշումը որակեց «պարգևատրում» վրացական իշխանություններին «դավաճանության համար»՝ մատնանշելով «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը և շեղումը արևմտամետ կուրսից, որի մասին բազմիցս խոսել են նաև Վրաստանի արևմտյան գործընկերները։

«Վրացական երազանք»-ն իր հերթին ասում է, որ ողբերգական ոչինչ չի տեսնում Ռուսաստանի նախագահի որոշման մեջ։

Հարկ է նշել, որ մարտին անցկացված IRI հարցման տվյալներով՝ հարցման մասնակիցների 48%-ը կողմ է եղել Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ չվերթների վերականգնմանը, իսկ 46%-ը դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031