Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր օրենքը որդեկորույս մոր դե՞մ

Մայիս 26,2023 14:30

Խուլիգանությունը, որն ուղղակի ոտնձգում է հասարակական կարգի եւ քաղաքացիների անդորրի պատշաճ ապահովմանը, դեռեւս շարունակում է մնալ տարածված եւ վտանգավոր իրավախախտում:

Ըստ գործող նոր քրեական օրենսդրության, քրեական պատժելի խուլիգանություն է համարվում հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսեւորվել է անձին ստորացնելով, կամ՝ անպարկեշտ արտահայտություններով, կամ՝ նույն եղանակներով միջոցառումներ, կամ հիմնարկների, կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելուն, դիտավորյալ գործողությունները (ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդված): Նկատենք, որ օրենսդիրը էապես հստակեցրել եւ պարզ է դարձրել, թե ո՞ր արարքներն են առաջացնում խուլիգանության որակյալ կազմ:

Ըստ այդմ, հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում, եթե՝

1.սույն հոդվածի առաջին մասում նախատեսված արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից:

2.անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ, կամ՝

3.տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում, եթե սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար, նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկաների կամ՝ միջոցի գործադրմամբ:

Փորձենք դիտարկել Խուլիգանություն հանցագործության կազմը եւ նրա քրեաիրավական էությունը:

Խուլիգանության անմիջական օբյեկտը համարվում է հասարակական կարգը կամ նորմատիւվ ակտերով, բարոյականության նորմերով եւ սովորույթային սկզբունքներով հաստատված, մարդկանց միջեւ հարաբերությունների կազմածուն կամ ամբողջությունը:

Հանցագործության լրացուցիչ օբյեկտ կարող են համարվել քաղաքացու պատիվը, արժանապատվությունը, առողջությունը եւ այլն:

Հանցագործության օբյեկտիվ կողմը արտահայտվում է հասարակական կարգը կոպիտ խախտումով եւ հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից, արհամարհական վերաբերմունք դրսեւորելով: Այդ գործողություններն իրենցից ներկայացնում են հասարակական նորմերի եւ վարքագծի կանոնների դիտավորյալ խախտումներով, որով հանցավորը գիտակցաբար ցանկանում է իրեն հակադրել շրջապատին եւ նրանց նկատմամբ անհարգալից, արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում:

Իմիջիայլոց, այս արարքը կարող է կատարվել կոնկրետ աձի կամ մի խումբ անձանց նկատմամբ:

Խուլիգանության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է համարվում կատարվող արարքի հրապարակային բնույթը:

Խուլիգանության հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, ըստ որում հատուկ դրդապատճառով` ստորացնել անձին, արհամարհել հասարակությանը կամ՝ խոչընդոտել հիմնարկների, կազմակերպությունների բնականոն աշխատանքը եւ այլն:

Հանցագործության սուբյեկտ կարող է լինել մեղսունակ, 16 տարին լրացած անձը:

Խուլիգանությունը ֆորմալ հանցագործություն է եւ ավարտված է համարվում խուլիգանական գործողությունները կատարելու պահից:

Վերջերս ԶԼՄ-ներում բուռն քննարկումների առարկա է դարձել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «ազգային խայտառակություն» կոչված արարքը, երբ նա հասարակական վայրում լիաբերան թքել է իրեն «դավաճան» անվանող քաղաքացու երեսին: Ոմանք գտնում են, որ Ա. Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի քաղաքացուց: Կան տեսակետներ, որ տեղի ունեցածը քրեական հետապնդելի արարք է, իսկ ՔՊ կուսակցության պատգամավորները կտրականապես դեմ են արտահայտվել Ա. Սիմոնյանի վարքագիծը ԱԺ-ում կամ այլ ատյաններում քննարկելուն:

Իմ պատկերացմամբ, ըստ ԶԼՄ-ի հրապարակած տեղեկությունների, կամ նախնական ապացույցների, տեղի ունեցած առերեւույթ արարքը համապատասխանում է ՀՀ քրօրի 297 հոդվածի 1-ին մասի հատկանիշներին /խուլիգանություն/:

Հիմնավորող փաստական տվյալները

1.Հիշյալ արարքը կատարվել է հասարակական վայրում եւ՝ հրապարակային (խուլիգանություն հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշ):

2.Երբ նա քայլելով մոտեցել է իրեն քաղաքական հենքով «դավաճան» անվանող քաղաքացուն եւ լիաբերան թքել նրա երեսին գործողությունը, ինքնին, Քրեական օրենսգրքի 297 հոդվածի նկարագրական մասում /դիսպոզիցիա/, շեշտադրված, դիտավորյալ անձին ստորացնելուն տարատեսակ է, որով հանցավորը հակադրվել է հասարակությանը եւ արհամարհական վերաբերմունք դրսեւորել նրանց նկատմամբ (խուլիգանություն հանցագործության սուբյեկտիվ կողմի հատկանիշ, իսկ դրդապատճառը հատուկ):

Տեղի ունեցած դեպքով քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսդրությամբ 173-րդ հոդվածի 1-ին մասում ասված է. Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերեւույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացել է.

1.ֆիզիկական անձից

2.իրավաբանական անձից

3.Պետական կամ Տեղական ինքնակառավարման մարմիններից կամ նրա պաշտոնատար անձից նրա գործունեության իրականացման կապակցությամբ

4.Օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից, կամ դատավորից, իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:

Իսկ հոդվածի 4-րդ մասում ամրագրված է, որ Զանգվածային լրատվական միջոցներում առերեւույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել:

Հիշյալ դեպքը տեղի է ունեցել ավելի քան երկու ամիս առաջ, մինչդեռ, պատկան մարմինները տեղեկություններ չեն հաղորդել 173-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված սուբյեկտներից՝ ֆիզիկական անձ, հետաքննության մարմին եւ այլ, առերեւույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստացվե՞լ է, թե՞ ոչ:

Նաեւ հայտնի չէ, թե լրատվամիջոցներում առերեւույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչը, քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինելու հարցը գնահատե՞լ է, թե՞ ոչ:

Օրինակ, մի քանի օր առաջ վարչապետի որդու հետ առնչվող դեպքով որդեկորույս մայրը իբր առեւանգել է նրան, հաղոդմանը, քրեական հետապնդում իրականացնող մարմինը ընթացք տվեց շուտափույթ եւ նույն օրը ձերբակալեցին «հանցավորին», իսկ հաջորդ օրը դատարանը հապճեպ Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց կալանավորում (պետական պաշտոնյան հրապարակավ, լիաբերան թքել է քաղաքացու երեսին եւ մնացել է անպատիժ, իսկ որդեկորույս մորը կալանավորել են պաշտոնյայի որդուն զրույցի հրավիրելու համար):

Մայր օրենքում եւ այլ օրենքներում ամրագրված է, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ օրենքով նախատեսված դրույթները նույն կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ միատեսակ են կիրառվում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդված):

Ի դեպ, պատկան մարմինները նույն կամայականությամբ եւ խտրականությամբ նաեւ չհետաքննեցին 44-օրյա պատերազմի եւ նոյեմբերի 9-ին անվերապահ կապիտուլյացիայի առնչությամբ ՀՀ վարչապետի գործողությունները եւ անգործության հանգամանքները, որի հետեւանքով արցախահայությունն այժմ հայտնվել է բնաջնջման ռեալ վտանգի առջեւ:

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
25.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031