Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնություն նկարել պետք չէ. Բարձրյալը շատ լավ վրձին ունի, վերցրել եւ նկարել է». Արթուր Մարտիրոսյան

Մայիս 26,2023 13:00

Նկարիչների միությունում բացվել է Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, UNESCO-ի, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ եւ Հայաստանի նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Մարտիրոսյանի՝ «18 60» անհատական ցուցահանդեսը։ Բնության հանդեպ սերը եւ գույների առատությունը, ինչպես նաեւ էքսիստենցիալ ապրումներն առանցքային դեր են խաղում Մարտիրոսյանի ստեղծագործություններում: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի 60-ամյակին, իսկ խորագիրը՝ «18 60», նկարագրում է նկարչի կտավների ժամանակագրությունը. կտավների մի մասը նկարել է 18 տարեկանում։

Ցուցահանդեսին ներկայացվել են 100-ից ավելի ինքնատիպ բնանկարներ, կոմպոզիցիաներ եւ լանդշաֆտային աբստրակցիաներ, որտեղ կան նաեւ իրական կերպարներ: Հարցազրույցի ժամանակ նկարիչը պատմեց կտավների եւ դրանց ստեղծման մասին. «Կան մտքեր մեր մեջ, որ չես կարող բնություն նկարելով վերարտադրել…զգայություններ կան, որ չես կարող նկարագրել եւ դու սկսում ես ստեղծել քո պատկերացրած բնությունը, քո լանդշաֆտը։ Իսկ հետո տեղավորում ես քո գույները, որը համահունչ է քո մտքին։ Ընթացքում ծնվում են գործեր, որոնք քոնն են։ Բնություն նկարել պետք չէ. Բարձրյալը շատ լավ վրձին ունի, վերցրել եւ նկարել է։ Մենք նկարում ենք զգայություններ»։

Այն հարցին, թե պատերազմից հետո դժվար էր նկարել, նկարիչը պատասխանեց. «Ես շարունակում եմ աշխատել եւ հակառակը՝ ավելի բուռն պետք է աշխատենք։ Պետք է անենք այն ամենը, ինչ մեր տղաները թողեցին հանուն հայրենիքի։ Իրենք ո՞նց կվերաբերվեին նրան, որ մենք թեւաթափ լինեինք։ Մենք մեր տաղանդը պետք է աշխարհին ցույց տանք բոլոր ոլորտներում»:


Աշխարհին գեղեցիկ նայելով, նկարիչը ստեղծել է գործեր իր բոլոր զգացմունքներով։ Ցուցահանդեսը բաց է մինչեւ մայիսի 28-ը։

Սոֆյա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031