Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն 1․5 տարի է՝ Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մասին եք խոսում եւ տակը լեգոյի նման հատիկ-հատիկ դրվագներ եք ավելացնում»․ Գեղամ Մանուկյան

Մայիս 30,2023 13:15

Իգական սեռի ներկայացուցիչների զինվորական ծառայության ծրագիրը Զինված ուժերում նորամուծություն մտցնելու շատ փոքր դրվագ է, որն արմատական փոփոխությունների տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգի ներդրման նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Արդեն 1․5 տարի է՝ Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մասին ենք խոսում, հայեցակարգն ամբողջությամբ չպատկերացնելով՝ մեկ ձեւակերպումով ձեւավորում եք պրոֆեսիոնալ բանակ։ Եվ այս պրոֆեսիոնալ բանակի տակ՝ լեգոյի նման հատիկ-հատիկ ինչ-որ դրվագներ եք ավելացնում՝ չտեսնելով ընդհանուր պատկերը»,- նշեց Մանուկյանը։

«Սուրեն Պապիկյանին այսօր հնչեց հարց՝ ինչի՞ համար է այս նախագիծը՝ մարդուժի՞, համալրմա՞ն, բայց համապարփակ պատասխան այդպես էլ չհնչեց։ Երկրի անվտանգության, Զինված ուժերի բարեփոխումների մակարդակի բարձրացման հարցը գենդերային հավասարության հետ որեւէ աղերս չունի։ Գենդերային հավասարության հարցը կարող են բարձրացնել պատգամավորները, հասարակական սեկտորը, բայց Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մեջ գլխավոր հարցերից մեկը դարձնել գենդերային հավասարությունը․․․»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա հավելեց․ «Պետք չէ ամեն ինչ սարքել այնպես, որ սա նորություն էր, հեղափոխություն էր։ Ես ամբողջ կյանքս ապրել եմ Երեւանի մի թաղամասում, որտեղ կին զինվորականներ տեսնելը մեր թաղամասի բնակիչների համար սովորական, առօրյա բան է։ Եվ Զինված ուժերում կանանց ներգրավվածությունն ամենածանր մարտական խնդիրներ կատարելու առումով միշտ էլ եղել է։ Եվ սա տեղավորել գենդերային հավասարության տրամաբանության մեջ, համարել, որ այս քայլով Զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակ դարձնելու գործընթացում հեղափոխական քայլ ենք անում, չեմ կիսում այդ տեսակետը»։

Ինչ վերաբերում է բանակի հեղինակությանը, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Շատ բան կարելի էր այս տարիներին չանել եւ բանակի հեղինակությունը շատ ավելի բարձրացնել։ Կարելի էր շատ զինվորականների վրա ցեխ չշպրտել եւ բանակի հեղինակությունը բարձրացնել։ Կարելի էր Զինված ուժերի կազմավորման տոնական օրը շատ ավելի համատարած նշել եւ բանակի հեղինակությունը բարձրացնել եւ ու չէ սղացնելով անցնել։ Կարելի էր պաշտպանության նախարարության կայքում վերականգնել Զինված ուժերի ձեւավորման պատմությունը, Արցախյան պատմություն բաժինը, եւ դրանով բանակի հեղինակությունը կբարձրացնեք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031