Լրահոս
Օրվա լրահոսը

3 օրում՝ 25 հազար հանդիսատես. բացօթյա հանդիսությունները՝ «խաչատրյանականի» օրինակով, պետք է դառնան Երեւանի մշակութային դեմքը

Հունիս 12,2023 12:00

Արեւելքի իմաստուններն ասում են՝ լավ գործերը արեւի պես պարզ երեւում են, մենք մոմի կարիք չունենք դրանք տեսնելու, դրանք էլ ջահի կարիք չունեն իրենց ցույց տալու համար։ Արդեն 19 տարի հունիսի 6-ին մեկնարկող խաչատրյանական օրերը 20-րդ դարի մեծագույն հայ կոմպոզիտորի 120-ամյակի այս հոբելյանական տարում առավել շքեղ ծրագրով են ներկայանում։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել կոմպոզիտորի երեք բալետներին, որոնք «դուրս են եկել» թատրոնի շենքից եւ վերջին երեք օրերին հանդիսատեսին ներկայացվել են բացօթյա՝ Թումոյի այգում։



Արդյունքում «Գայանե», «Դիմակահանդես» եւ «Սպարտակ» փառահեղ ստեղծագործություններն ավելի ծավալուն, մասշտաբային, բազմահազար հանդիսականների մասնակցությամբ (շուրջ 25 հազար) առավել շքեղ տեսք են ստացել եւ իրավամբ միանգամից դարձան երեւանցիների ու հյուրերի համար անփոխարինելի, միշտ ցանկալի շքահանդես։ Բազում տարիների ընթացքում բալետի մասին այնքան չեն խոսել, որքան այս օրերին։ Այս հրաշալի նախաձեռնության հեղինակն ու ֆինանսավորողը Երեւանի քաղաքապետարանն է։

Ցանկալի է, որ նմանատիպ, այս դեպքում՝ հասարակական հնչեղություն ստացած այս ծրագիրը չմնա որպես մեկանգամյա ակցիա, արդեն ձեռքբերվածը հիմք հանդիսանա այլ մեծամասշտաբ հանդիսությունների, որոշակի պարբերականությամբ հանդիսատեսին ներկայացնելով տարբեր ժանրերի կամ ժանրային համադրությունների շքահանդեսներ, դառնալով ապրելակերպ ու Երեւանի մշակութային դեմք։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Երեւան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգեւատրվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

Լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

«Առավոտ» օրաթերթ
10.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930