Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ աշակերտները Էդվարդ Միրզոյանից ձգվող կոմպոզիտորական դպրոցի նորածիլ շառավիղներն են». Արփինե Կալինինա

Հուլիս 10,2023 12:30

Վերջերս Հայաստանի Կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի ունեցավ կոմպոզիտոր Արփինե Կալինինայի ստեղծագործական դասարանի սաների համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Համերգին  մասնակցում էին Արփինե Կալինինայի՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի եւ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի կոմպոզիցիայի դասարանի սաները:

– Արփինե, Դուք ծավալում եք լայն երաժշտական գործունեություն. Հայաստանի Կոմպոզիտորների միության վարչության անդամ եք, Հայկական Երաժշտական Համաժողովի փոխնախագահը, նախաձեռնում եւ կազմակերպում եք միջմշակութային համերգներ, Ձեր ստեղծագործությունները հնչում են Հայաստանում եւ արտերկրում, ինչպե՞ս եղավ, որ վերջին տարիներին Ձեր գործունեության առանցքում հայտնվեց մանկավարժությունը:

– 2020 թ. 44-օրյա պատերազմը շեշտակիորեն փոխեց կյանքի հանդեպ իմ պատկերացումները, սուր կերպով զգացի կյանքի վաղանցիկությունը: Ստեղծված հոգու ունայնությունը հաղթահարելու միակ ձեւն ինձ համար դարձավ երեխաների, պատանիների հետ աշխատանքը: 2018 թ.-ից աշխատում եմ Երեւանի պետական կոնսերվատորիայում (դասավանդել սկսել եմ՝  աշխատելով որպես կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի ասիստենտ), զուգընթաց կոմպոզիցիայի դասեր եմ վարել Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, սակայն պատերազմից հետո  մանկավարժությունը բնական կերպով դարձավ իմ ստեղծագործական գործունեության կարեւոր կետերից մեկը, սկսեցի դասավանդել նաեւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում եւ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում:

Երեխաների, պատանիների հետ աշխատանքի շնորհիվ վերագտա կյանքի, լույսի հանդեպ հավատը, սկսեցի այլ կերպ իմաստավորել կյանքը: Ուրախությամբ եմ աշխատում ստեղծագործ աշակերտների հետ, որոնք օժտված են պայծառ մտքով, վառ երեւակայությամբ եւ մեծ սեր ունեն դեպի երաժշտությունը: Իրենց համեմատում եմ փոքրիկ հրաշագործների հետ, որոնք գրում են ստեղծագործություններ (դրանցից շատերը նրանց առաջին ստեղծագործական փորձերն են) եւ դա անում են մեծ ներշնչանքով:

– Ինչպե՞ս եք աշխատում Ձեր աշակերտների հետ՝ անհատական, թե խմբակային եղանակով:

– Մեր դասերն անհատական են, սակայն ես խրախուսում եմ միմյանց լսելը, մեկը մյուսի աշխատանքին ծանոթանալը: Երբ մեկը վերջացնում է իր դասը, անմիջապես չի գնում, այլ մնում է լսելու հաջորդ աշակերտներին. այսպիսով նրանք նոր լիցքեր եւ մտքեր են ստանում իրարից: Երբ մեկը մի հետաքրքիր մեղեդիական դարձվածք կամ հարմոնիա է գտնում, մյուսները հետաքրքրությամբ արձագանքում են: Իմ դասարանը, հատկապես մրցույթներից, համերգներից առաջ, վերածվում է փոքրիկ արվեստանոցի, հավաքվում են մասնակից բոլոր երեխաները, միմյանց լսում, խորհուրդներ տալիս, ոգեւորում իրար, անհրաժեշտության դեպքում կատարում մեկը մյուսի ստեղծագործությունը: Սա ստեղծում է ստեղծագործական ջերմ մթնոլորտ:


– Քանի՞ աշակերտ մասնակցեց Ձեր ստեղծագործական դասարանի համերգին եւ ի՞նչ ստեղծագործություններով:

– Համերգին ելույթ ունեցան իմ ոչ բոլոր սաները, մասնակցեց 8-16 տարեկան 11 աշակերտ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց 1-3 ստեղծագործություն՝ գրված նախորդ երկու ուսումնական տարվա ընթացքում: Համերգը նվիրված էր Արամ Խաչատրյանի 120-ամյակին:  Համերգի սկզբում իմ աշակերտներից Հայկ Ջուլհակյանը, որը նաեւ հրաշալի դաշնակահար է, միջազգային մրցույթների դափնեկիր,  կատարեց Արամ Խաչատրյանի «Մանկական ալբոմ»-ի դաշնամուրային պիեսներից մեկը, այնուհետեւ նվագեց իր «Գետակ» ստեղծագործությունը: Հայկը համերգին ներկայացրեց նաեւ իր «Ալիք» եւ «Երազ» դաշնամուրային պիեսները, ինչպեսեւ «Կանչ» ռոմանսը՝ գրված ձայնի եւ դաշնամուրի համար՝ ըստ Վահան Տերյանի բանաստեղծության:

Հայկ Ջուլհակյան – «Գետակ» սոլո դաշնամուրի համար

Ինձ համար կարեւոր է, որ երեխաներն առնչվեն հայերեն բանաստեղծական տեքստի հետ, կարողանան երաժշտությամբ փոխանցել բանաստեղծության էությունը, շունչը, ռիթմը, աշխատեն բառի շեշտի հետ, ընկալեն բանաստեղծության ասելիքը, ընդգծեն դա երաժշտությամբ: Համերգին մասնակից եւս երկու սան ներկայացրեցին իրենց վոկալ ստեղծագործությունները. Նատալի Եղիազարյանը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի համանուն բանաստեղծության հիման վրա գրված հովվերգական «Ամառվա գիշերը գյուղում» ռոմանսը, ինչպեսեւ Արտաշես Մոսիկյանը՝ իր ձայնի եւ դաշնամուրի համար գրված «Գետը» դրամատիկ ռոմանսը՝ ըստ Համո Սահյանի համանուն բանաստեղծության, Արտաշեսը ներկայացրեց նաեւ իր «Խռովք» եւ «Գարնանային տրամադրություն» դաշնամուրային պիեսները: Աշակերտներիս՝ իրենց վոկալ ստեղծագործություններն օգնեց հնչեցնել հրաշալի սոպրանո, Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար Մարգարիտա Սարգսյանը:

Արտաշես Մոսիկյան – «Գետը» ռոմանս ձայնի և դաշնամուրի համար, խոսք` Համո Սահյանի

Յուրաքանչյուր աշակերտ փոքր հասակում հիմնականում գրում է իր գործիքի համար: Սաներիցս երկուսը, ովքեր ջութակահարներ են, ներկայացրեցին ջութակի համար գրված երկեր. Արսեն Գարսոյանը ներկայացավ իր սոլո ջութակի համար գրված «Էսքիզ» պիեսով, ինչպեսեւ ջութակի եւ դաշնամուրի համար գրված իր «Ֆանտազիա» ստեղծագործությամբ, նա կատարեց նաեւ իմ մյուս աշակերտի՝ Հասմիկ Գրիգորյանի սոլո ջութակի համար գրված «Գարնանային շարժում» պիեսը:

Արսեն Գարսոյան – «Ֆանտազիա» ջութակի և դաշնամուրի համար:

Մնացած աշակերտներս, ովքեր դաշնակահարներ են, ներկայացրեցին դաշնամուրային պիեսներ. Գրիգոր Խաչատուրյանը, ով, ի դեպ, ազգակցական կապ ունի Արամ Խաչատրյանի հետ, ներկայացավ իր «Կապրիչիո» պիեսով,  Լիանա Մազմանյանը կատարեց իր «Գարնանային անձրեւ», Նարեկ Դանիել Շուբինը իր «Ծովը» եւ Ռազմիկ Սահակյանը իր «Շարժում» ստեղծագործությունը: Իմ ամենափոքրիկ աշակերտներից 9-ամյա Արթուր Գրիգորյանը կատարեց իր փոքրիկ «Ամառային» դաշնամուրային շարքը, իսկ 8-ամյա Արամ Թադեւոսյանը՝ իր «Զարմանահրաշ տիեզերք» դաշնամուրային պիեսը, որը նրա առաջին ստեղծագործական փորձն էր: Ստեղծագործությունների վերնագրերից անգամ երեւում է, որ երեխաներին ոգեշնչում են բնության, կյանքի տարբեր դրսեւորումները:

Սաներիս ստեղծագործություններից հետո հնչեց աշակերտական տարիքում գրված իմ «Կապույտը» ռոմանսը՝ գրված Եղիշե Չարենցի համանուն բանաստեղծության հիման վրա: Իսկ համերգն ամփոփեցինք հայ դասական երաժշտության ակունքի՝ Կոմիտասի երկու մեներգով:

Ուրախ եմ, որ համերգին ներկա էին Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, կոմպոզիտորներ Էդուարդ Հայրապետյանը, Վահե Հայրապետյանը, Էդմոնդ Մակարյանը, Տիգրան Համբարյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, արվեստագետներ, որոնց ներկայությունը խիստ ոգեւորիչ էր աշակերտներիս համար:

– Ձեր սաները մասնակցել են մրցույթների, փառատոների, խնդրեմ պատմեք այդ մասին:

– Համերգին մասնակցած 7 աշակերտ այս տարի մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես-փառատոնին: Երեք աշակերտ՝ Հայկ Ջուլհակյանը, Արտաշես Մոսիկյանը եւ Արսեն Գարսոյանն այս տարի դարձան Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի մրցանակակիրներ: Հայկն ու Արտաշեսը անցյալ տարի եւս մասնակցել էին մրցույթին՝ արժանանալով մրցանակների: Այս տարի մրցույթի առաջին փուլն անցկացվեց Կոմպոզիտորների միությունում, իսկ երկրորդ փուլը եւ գալա համերգը՝ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան համերգասրահում: Կոմպոզիտորների միությունը անմոռանալի տոն պարգեւեց բոլոր մասնակիցներին, ովքեր 3 օր անցկացրեցին Դիլիջանում՝ յուրահատուկ ստեղծագործական մթնոլորտում:

Ինձ համար խորհրդանշական է միրզոյանական մրցույթը, քանի որ իմ Ուսուցիչը, մեծանուն կոմպոզիտոր, երջանկահիշատակ Լեւոն Չաուշյանը, ում մոտ ուսանել եմ կոնսերվատորիայում, եղել է Էդվարդ Միրզոյանի շրջանավարտը: Այսպիսով, համարում եմ, որ իմ աշակերտները Միրզոյանից ձգվող կոմպոզիտորական դպրոցի նորածիլ շառավիղներն են:

Շատ եմ ցանկանում, որ աշակերտներս պահպանեն այն սերը, որն ունեն երաժշտության հանդեպ, բացահայտեն երաժշտական նոր հորիզոններ, ապավինեն ստեղծագործական ինքնուրույն մտածողությանը եւ դառնան հայ մշակույթի արժանավոր կրողներ, մեր հայրենիքի արժանապատիվ քաղաքացիներ: Շատ կուզենամ, որ նրանք անտարբեր չլինեն հայրենի մշակույթի եւ հայրենիքի հանդեպ:

Ա. ՍԱՐՍԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31